Արձակ Արտասահմանյան արձակ Արտասահմանյան գրողներ Թարգմանություն Պատմվածք

Արթուր Շնիցլեր․ «Ժառանգություն»․ պատմվածք

 

 

Այն ջերմագին ակնթարթներից մեկն էր, երբ երջանկության զգացումը ամբողջովին պարուրել էր նրան անդիմադրելի քաղցրությամբ: Նստած էր «Իմպերիալ» սրճարանի դիմաց՝ մի փոքրիկ սեղանի մոտ, որ ծխապատ սենյակից հանել էին փողոց, ուր հետմիջօրեի ամռան կիզիչ ճառագայթներն էին ընկնում: Նա խանդավառ ծխում էր իր «Հավաննան» ու մտածում Աննետի մասին:

Աննետի մասին: Նրա խոշոր, շագանակագույն աչքերի ու սև մազերի մասին, որ ամռանը հյուսված էին լինում: Մտածում էր ամառանոցի մասին, որտեղ այժմ ապրում էր նա, Վիեննային շատ մոտ և սակայն ինչ-որ չափով մեկուսի, մի առանձնատուն, որի դուռը շաբաթվա մեջ մեկ կամ երկու, նույնիսկ երեք անգամ կարող էր երեկոները թակել, որ հազարավոր համբույրներ ընդունի վայրի, քաղցր շրթունքներից: Եվ ապա մտածեց նրա ամուսնու մասին, որ օրերով բացակայում էր, և կիրակի օրերին, եթե անգամ հնարավոր էր նրան հանդիպել փողոցում, ճաշից հետո մեկնված էր լինում բազմոցին, կիսաբաց աչքերով շուռումուռ տալիս ծխախոտն ու ծխում:

Էմիլը գրեթե սիրում էր Աննետին, այդ լուրջ, հասուն տղամարդը՝ գորշավուն մազ-մորուքով, և խորը հարգանքի ու կարեկցանքի զգացումը հանկարծ համակեց նրան, երբ այդ միամիտ խաբվածի լայն ճակատը տեսավ: Եվ մտածեց Աննետի հետ անցկացրած վերջին ակնթարթների մասին: Միասին նստած էին կողքի փոքր սեղանի մոտ, որի վրա սև սուրճ էր դրված, և նրա աչքերը բոցավառվում էին իր աչքերի մեջ, երբ պատյանից դուրս էին նայում: Ապա ծխախոտն ընկավ ամուսնու ձեռքից: Նա քնած էր: Աննետը ժպտաց ու վեր կացավ: Ոտնաթաթերի վրա շտապեց դեպի դուռը, որ բացվում էր այգու կողմը, ու Էմիլին նշան արեց: Էմիլը դանդաղ հետևում էր նրան, երբ նա առաջ էր գնում: Նրան գտավ երկու ծառերի արանքում՝ ճոճացանցին պառկած՝ հյութալի շրթունքներով, թաց աչքերով, տենչացող շնչառությամբ: Համբուրեց նրան ու կծեց այտը: Աննետը համարյա ճչաց: Բայց հիշեց սենյակում քնածի մասին: Թվաց՝ գուշակում է իր մտքերը:

-Նա չի արթնանա, -ասաց Աննետը, ժպտաց ու Էմիլի գլուխն առավ թևերի մեջ, և իր տաք շունչն զգացվում էր Էմիլի մազերի արանքում:

«Բայց ո՞նց, այս ամենը երեք օր առաջ է տեղի ունեցել, ինչպե՞ս է ստացվել, որ դրանից հետո դրսում չեմ եղել, -մտածեց Էմիլը: -Ինչո՞ւ ինձ չի գրում: Երբ տուն գնամ, գուցե նամակ գտնեմ: Հնարավոր է՝ միայն երկու բառ գրված լինի՝ «Այսօր երեկոյան»: Եվ ապա կնստեմ վագոնախցիկ ու կմեկնեմ: Նա ընդառաջ կգա ինձ, և կբռնենք անտառի ճամփան: Նա հավանաբար, ինչպես նախորդ անգամ, ցույց կտա գրածս վերջին նամակը, որ ճմռթել էր, համբուրել, սեղմել կրծքին…»:

Այսպես էր մտածում Էմիլն ու միաժամանակ, առանց ինքնիրեն հաշիվ տալու, նկատեց, որ մուգ հագուստով մի բարձրահասակ տղամարդ փողոցի մյուս կողմից սրճարանին էր մոտենում: Քայլերն ուղղեց հենց Էմիլի սեղանի մոտ: Աննետի ամուսինն էր: Ամռան ընթացքում արդեն երկու թե երեք անգամ նա կեսօրից հետո եկել էր «Իմպերիալ» սրճարան, թերթ էր կարդացել ու նորից գնացել: Այժմ Էմիլին քաղաքավարի ու սառը բարևելուց հետո նա նստեց ու ասաց.

-Ես մտածում էի, որ Ձեզ այստեղ կգտնեմ:

Էմիլը փոքր-ինչ անհանգստություն զգաց, որից փորձեց ազատվել: Նա ժպտալով զննեց տղամարդու սև կոստյումն ու նկատեց.

-Ամառային այս սիրուն օրով այսպես մռա՞յլ:

Պարոնը ուշադրություն չդարձրեց նրա ասածին, կարճ կապեց.

-Ես կարդացել եմ Ձեր նամակները:

Էմիլը մի սոսկալի բան կանխազգաց, բայց շարունակեց ժպտալ ու առարկեց.

-Բայց ես Ձեզ չեմ գրել:

Այդ պահին հնչած պատասխանը նրան անհեթեթ ու անհաջող թվաց: Մյուսը սակայն հանգիստ էր այնպես, ինչպես մինչ այդ պահը, ու շարունակեց.

-Ձեր նամակները՝ ուղղված կնոջս:

Էմիլը ցնցվեց: Ցանկացավ ինչ-որ բան ասել, և դեմքը վիրավորվածի արտահայտություն ստացավ: Բայց միաժամանակ հանդիպեց զրուցակցի հայացքին՝ սարսափելի լուրջ, վանող: Էմիլը միայն մի բառ արտաբերեց ընկճված ձայնով.

-Ինչպե՞ս թե:

-Ինչպե՞ս եմ դրանք կարդացել, -շարունակեց: -Դե՛, շատ պարզ, ես դրանք ժառանգել եմ:

Էմիլը աչքերը չորս արեց:

Բայց նա շատ հանգիստ շարունակեց.

-Աննետը երեկ մահացել է: Բժիշկն ասաց՝ կաթված է, ինչը, կարծում եմ, երկուսիս համար էլ միևնույնն է: Երբ նա հոգին տվել է, արձակել են հագուստը, և կրծկալի մեջ գտնվել է նամակը: Նրանք հասկանում էին, որ ես մի քանի հետաքրքիր բան կգտնեմ այնտեղ ժառանգությունս ստանալուն պես: Երկու րոպե անց իմացա, որ Աննետի սիրեկանն եք եղել:

Ամեն բան անէացավ Էմիլի հայացքում: Ամառային սիրուն օրը, արևոտ փողոցը նրան արդեն ինչ-որ սպիտակ շող էին թվում, որ ցավեցնում էր աչքերը, իսկ սև տխուր կոստյումով տղամարդն անշարժ նստած էր այդ շողի կենտրոնում: Էմիլը նկատեց նաև տղամարդու գլխարկի շղարշը, և ի զարմանս իրեն՝ մի անախորժ միտք ծագեց գլխում, որ ինքը ևս ստիպված էր նմանատիպ շղարշ փաթաթել գլխարկին: Բայց մի վանկ անգամ չկարողացավ արտաբերել:

Զրուցակիցը շարունակեց.

-Ես շնորհակալ եմ Ձեզ, պարո՛ն, որ ավելորդ եք համարում առարկել: Դուք մեզ փրկում եք երկար խոսակցությունից: Ես կարիք չեմ զգում նաև պարզաբանել գալուս դրդապատճառները: -Նա կանգ առավ և հանեց գլխարկը, ապա ձեռքը տարավ դեպի ճակատն ու աչքերը:

-Ես ամեն պահի Ձեր տրամադրության տակ կլինեմ, -վրա բերեց Էմիլը կիսաձայն, բայց բավական հասկանալի:

-Ես այլ բան չէի էլ սպասում, -ասաց տղամարդը: -Միայն թե, որքան էլ անհարմար լինի, ես ստիպված եմ շտապել՝ անելիքներս ավարտին հասցնելու: Աննետի հուղարկավորությունը վաղը կեսօրին է:

-Ուրեմն, վաղը չէ մյուս օրը՝ հնարավորինս շուտ, -մտածեց Էմիլը, միևնույն ժամանակ դեմքն ստացավ արտասովոր քաղաքավարի արտահայտություն, երբ հարևան սեղաններից մի քանի պարոններ նայեցին այդ երկուսին:

-Ուշ կլինի, -պատասխանեց տղամարդը: -Պետք է Ձեզ ասեմ, որ բարոյական զգացումներս վիրավորված կլինեն, երբ իմ մեռելին հողն իջեցնելու պահին իր երկու տղամարդիկ էլ հնարավորություն ունենան շիրմին լաց լինելու… Եթե երկուսն էլ դեռ ողջ լինեն: Դուք դա հասկանո՞ւմ եք:

-Միանգամայն, -վրա բերեց Էմիլը, որին թերևս հաջողվել էր վերագտնել ինքնատիրապետումը: -Ուրեմն, վաղն առավոտյան, եթե կուզեք: -Նա ցանկացավ վեր կենալ ու շարունակեց. -Մենք կարող ենք այս պահից մնացածը թողնել այլ պարոնների: Իսկ ինչ վերաբերում է բժշկին, ես ինքս կստանձնեմ նրա դերը…

-Բժշկի կարիք չենք ունենա, -պատասխանեց տղամարդը վեր կենալով:

Միայն հիմա Էմիլը նկատեց քրտինքի մեծ կաթիլները, որ ճակատից թափվում էին մորուքի վրա: Երբ գլխարկը նորից դրեց, ավելացրեց.

-Բնակարանիս հասցեն գիտեք: Ծանուցե՛ք, խնդրեմ, պարոնայք մարտավկաներին, որ երեկոյան ութին սպասեն այնտեղ:

Էմիլը ևս վեր կացավ: Մյուսը հրաժեշտ տվեց ու կանոնավոր քայլերն ուղղեց դեպի փողոցի հակառակ կողմը: Էմիլը, որ, թեթևակի խանարհվելով, շնորհակալություն հայտնեց, նորից նստեց և մատները մեխանիկորեն մեկնեց սուրճի բաժակին, որին դեռ ձեռք չէր տվել: Նա խմեց ու զարմացավ, որ այն դեռևս բավական տաք էր: Ապա ցանկացավ ծխախոտը կրկին վառել, սակայն այն դեռ այրվում էր: Նա զգում էր՝ ինչպես  է սիրտը բաբախում, ինչպես են ոտքերն սկսում դողալ, և ամաչեց: Հիմա ցանկանում էր գտնել մարտավկաների: Ընտրեց լեյտենանտ Ֆեխներին՝ ութերորդի հուսարին, ու բժիշկ Վիլլներին: Հանկարծ միտքը եկավ, որ մատուցողին դեռ չի վճարել: Վաղը՝ մտածեց նա մի ակնթարթ: Ապա գլխով անցավ, որ հնարավոր է՝ վաղը իրեն առավոտ չբերի: Թվում էր՝ չի կարողանում աթոռից վեր կենալ: Պատկերացրեց նրան դեմ հանդիման կանգնած՝ ատրճանակը ձեռքին: Ո՞վ կարձակի առաջին կրակոցը: Նրա առջև ակամա պատկերացավ երգիծաթերթից մի նկար, որում երկու մենամարտողներ էին պատկերված, երկուսն էլ՝ ատրճանակներով, երկուսն էլ՝ միաժամանակ վիրավորված, հորիզոնական դիրքով ընկած գետնին: Նա փորձեց հիշել պատմությունը, որ ընկած էր նկարի հիմքում: Բայց դա նրան չհաջողվեց: Կողքի սեղանի երկու տղամարդիկ վեր կացան և մտան սրճարանի դահլիճ, այդ ժամանակ նրանցից մեկն ասաց.

-Դե ինչ, մի պարտիա էլ կարամբոլ: Ես քեզ տասը հատ կտամ:

«Կարելի է այսօր բիլիարդ խաղալ», -մտածեց Էմիլը: Դա նրան տարօրինակ էր թվում: Ահա եկավ մատուցողը, ըստ երևույթին, Էմիլը կանչել էր նրան՝ առանց ուշադրություն դարձնելու: Վճարեց սուրճի համար ու վեր կացավ: «Եթե բժիշկ Վիլլները գա, կսպասի ինձ, լեյտենանտ Ֆեխներն էլ»: Ապա նետեց ծխախոտը, որ իրեն դուր չէր գալիս, ու դուրս եկավ փողոց: Քարերը կարծր էին, ոտքերը ցավում էին: Մի դերասանուհի կառքով անցավ իր կողքով, նա մի պահ կանգնած մնաց և անթարթ ու սևեռուն նայեց գեղեցիկ կնոջ դեմքին: Ուզում էր գոռալ: Միայն հիմա մտածեց Աննետի մասին…

Հաջորդ օրը Աննետի տղամարդկանցից միայն մեկն էր կանգնած նրա շիրմի մոտ: Օրինականը: Մյուսը՝ կրծքից վիրավոր, պառկած էր դագաղում: Նա ընկել ու մեռել էր տեղնուտեղը՝ բարձրադիր վայրում՝ փափուկ խոտերի վրա, և լեյտենանտը՝ ութերորդի հուսարը, փակել էր նրա աչքերը:

-Իմ ամբողջ կյանքում ես մտածելու եմ դրա մասին, -երեկոյան նա սրճարանում պատմում էր ընկերոջը, -ինչպես մեռածի հետ կառքում գլորվելով ստիպված էի Վիեննա մեկնել, որովհետև այլ փոխադրամիջոց չկարողացա գտնել: Դա սարսափելի էր: Շապիկի արյունը չորացել էր, ու պետք է ամբողջ ընթացքում պահեի գլուխը, որ դեպի առաջ չընկներ:

Բոլորը լռեցին ու լրջացան: Նրանց թվաց, թե գազի պղտոր բոցերը այրվել են, և կոնյակը սովորականի նման ալկոհոլային խմիչք չէ: Ձիաքարշի զանգն էլ փողոցում հնչում էր հոգնած ու տխուր:

 

 

Թարգմանությունը՝  Սիրանուշ Փարսադանյանի

 

 

 

 

 

 

 

 

 

Ընթերցել նաև