Հարցազրույց Հեքիաթ Մշակույթ

Արթուր Մկրտչյան․ «Իմ հեքիաթի հերոսները թումանյանական կերպարներն են»․ զրույց

 

Իմ հեքիաթի հերոսները թումանյանական կերպարներն են, մեծացել եմ նրանցով, նրանք են ինձ առաջնորդել դեպի մեծ կյանք, ու անգամ հիմա`հասուն տարիքում էլ, երբ ես բավականին մեծ եմ, որպեսզի այլևս չհավատամ հեքիաթներին, հասկանում եմ, թե որքան իրական են հեքիաթի հերոսները, միշտ մեր կողքին են, նրանց ընդամենը տեսնել է պետք։

Ծնվել եմ 1968 թվականի փետրվարի 19-ին։ Հովհաննես Թումանյանի ծննդից 99 տարի անց, նույն օրը: Ներքին հպարտություն եմ կրում մեջս, մեծ գրողի հետ նույն օրն եմ ծնվել, խորհրդավոր ձևով ինձ տեսնում եմ կապված Թումանյանի հետ, նրա հեքիաթները չափազանց շատ իմն եմ համարում։

Երկրորդ մարդն, որ ինձ համար կարևորագույն դեր ու նշանակություն ունեցավ իմ կյանքում՝ նկարիչ Մինաս Ավետիսյանն էր, որի կտավները հիշեցնում էին հեքիաթային դրվագներ։ Հենց նա էր, որ պատճառ հանդիսացավ, որպեսզի  ես գրեմ իմ առաջին հեքիաթը:

Ուսանողական տարիներին իմ ռեժիսուրայի դասախոսը` Ռազմիկ Աբրահամյանը, մեզ հանձնարարեց նկարների հիման վրա գրել փոքրիկ պատմություն (սցենար): Ես այն գրեցի ու բեմադրեցի։ Այդ բեմադրությունն իմ մասնագիտական կարիերայի  հիմնաքարն էր։  Հետո հաջորդեցին Թումանյանի հեքիաթները: Երազանքիս մի փոքրիկ հատվածն իրականության էր վերածվել,  ես ապրում էի նրա հերոսների հետ նույն բեմում, շփվում հետները, խոսում։  Թվում էր՝ Լոռվա լեռներում ու ձորերում ենք, Դսեղի տների կարմիր կտուրները նշմարվում էին հեռվում, ականջներիս մեջ Դեբեդի վաշ-վիշը։  Ու հեքիաթը վերածվում էր իրականության՝ մեր փոքրիկ ուսանողական թատրոնի բեմում։                                                                   

Ավելի հասուն տարիքում ես բեմադրեցի Թումանյանի «Սուտլիկ որսկանը»։ Պատահական չէր ընտրությունս, սուտլիկները նաև մեր կյանքում են, նրանք միշտ կան ու լինելու են։ Հենց այդ շրջանում էլ նոր մտահղացում առաջացավ. Թումանյանի հեքիաթների բոլոր հերոսներին տեսնել մեկ ընդհանուր հեքիաթում, որը կդառնար ներկայացում ու հանդիսատեսը ինքն էլ կտեսներ թե ինչպես են թումանյական հերոսները հայտնվել մեկ վայրում։

Նույն Սուտլիկ որսկանը դարձել էր Կիկոս, իսկ Կիկոսի մայրն ու քույրերը նույն մարդիկ էին, ովքեր սուտլիկներին ճանապարհում էին որսի։ Կիկոսի պապն ու Սուտլիկների հայրը նույն կերպարն էին, ում քարաբաղնիս էին անում։ Այսօր էլ մենք ապրում ենք մի իրականությունում, որտեղ այս հերոսները բազմազան են, պարզապես տարբեր անուններ ունեն։ Ու տարբերակելու համար մեզ սպառնող վտանգը, հասկանալու համար ճշմարտությունը, մեզ հաճախ օգնության են գալիս հենց այս հեքիաթների հերոսները, որոնց մենք լավ ենք ճանաչում։ Նրանց լավ ճանաչելու միջոցով հնարավոր է դառնում փոխել մի ամբողջ կյանք, հնարավոր է դառնում խուսափել վտանգներից, կանխատեսել սուտը։

Հաճախ մեր կյանքում հեքիաթը կորչում է, ու իրականությունը մեջ պարտադրում է ապրել իր օրենքներով։ Մենք պայքարում ենք, բայց հեքիաթը չի գալիս, մենք փորձում ենք հաղթահարել մեզ հասած բոլոր դժվարությունները, սակայն հեքիաթն անգամ հորիզնում չենք նշմարում, մենք փորձում ենք զսպանակի նման ձգել ժամանակը, որպեսզի գույնզգույն, երկարափեշ շորերով հեքիաթը գոնե վերջում հայտնվի ու մենք հասկանանք, որ ամեն ինչ լավ է լինելու։ Ու նա գալիս է անսպասելի, բոլորովին անհայտ մի կողմից ու գույներով լցնում մեր կյանքը։ Եվ մեկ անգամ էլ ես ինքդ քեզ համար հաստատում, որ կյանքը թեկուզև պայքար է, բայց նաև հեքիաթ է, որն օգնում է պայքարել ու ճշմարիտ ապրել։

Ես հավատում եմ իմ հեքիաթին, նրա ուժին ու զորությանը։

 

 

 

© Երևանյան Էսքիզ 2020

 

 

Ընթերցել նաև