Հայ արդի գրողներ Հայ արդի պոեզիա Պոեզիա Պոեզիա

Արթուր Հայրապետյան․ «Քաղաք»․ բանաստեղծական շարք

Հայացքդ վարդագույն էր
ինչպես իմ հին քաղաքը
հայացքդ որ չկա
քաղաքս որ գողացան ինձնից
շնչառությունդ
որ քաղաքիս ամեն պատի տակ լսում էի
ծանրացավ ամբարվեց կարոտներիս
հիմա ամեն բան հանդարտ է
ես առաջվանը չեմ
ու քեզ իմ օրացույցից ջնջել եմ
թեև կանգնել եմ ու նայում եմ ցած
ինչպես է խաղում
երբ լավ գիտեի թունոտ բառերիդ
սարսափն ու դողը
որ փաթաթվել էին իմ պարանոցին
խեղդամահ արել
բաց թողեցի քեզ իմ հաճարեղ ապուշ
ողբերգություն խաղացի
թե չեմ դիմանում
անմխիթար ապրումի կարոտներին
չկա իմ եղանակը
թողել եմ
մահճում մեռնում են կարոտներս
աստված իմ միթե ես այս ողջ ընթացքում
աչք եմ փակել
որ չտեսնեմ կարոտներս հեռվում
Քաղաքն էլ չկա… Ես էլ

*

բարձրացիր
հեռուներում քեզ նայող աչքեր ունես
կգտնես
անձրևից հետո արևի տակ
կժպտա
կհասցնես բռնել կհուրհրաս
մայրամուտը
սպիտակի վրա կխզբզի
կհասկանաս
որ ոչ եկել ես ոչ էլ գնացել
մինչդեռ
իմ լուռ մտապատկերում
կաղոթեմ

գիշեր
որ այգաբացը մենակ չմնա

 

 

 

 

 

Ընթերցել նաև