Արձակ Հայ արդի արձակ Հայ արդի գրողներ Պատմվածք Ցեղասպանության քրոնիկոն

Արթուր Հայրապետյան․ «Որբերի օրհնություն կա ծառին»․ պատմվածք․ ցեղասպանության քրոնիկոն

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Բայց մենք մեր ցեղի գերդաստանի գոյությամբ ապրեցինք։ Տատիս տատին գողացել էին։ Մեր Մեծ պապան գժվել էր, երբ իմացել էր կինը չկա։ Տատիս տատը փրկվել էր՝ ողջ էր մնացել, ու սերունդ էր տվել։ Մենք այդ սերնդից ենք, որոնց թուրքը չկարողացավ ծնկի բերել։ Տատս պատմում էր, որ մայրը թուրքերեն է սովորել, այնքան լավ գիտեր լեզուն, որ թուրքերը մտածել են հայ չէ։ Տատիս մայրը կարողացել է լեզվի հաշվին ընտանիքների որբերին փրկել։ Երբ արդեն սկսվել է տեղահանությունը, Մեծ տատս որբերին շալակն ու գիրկն առած, տարել է մոտակա անտառը։ Թուրքերը մարդաբոյ խորությամբ հորեր են ունեցել։ Մեծ տատս որբերին հորերում է պահել, որոնց կարողացել է փրկել։ Ու գաղթի ճանապարհին, երբ որբերին առած ճափա են ընկել, նրանցից հինգն են փրկվել։

Տատս արցունքն աչքերին մնաց։ Բայց միշտ ասում էր՝ մեզնից մեկի փրկությունը արդեն գոյություն էր, որ պետք է շարունակություն ունենար։

Թրքաց տներում՝ դարձած ստրուկներ, աշխատում էին հայ կանայք, որոնք հետո պետք է իրենց համար սերունդ տային։ Չդիմացան։ Իրենք իրենց չէին ներում ու օրը մեկը մեռնում էր։

Ցեղասպանություն եզրը նշանակում է քաղաքակրթության ոչնչացման նպատակով որևէ ցեղի, տեսակի, հանրության զանգվածային սպանություն՝ տեղաբնակների ոչնչացում:

Բայց, ամեն դեպքում, մենք փրկվել էինք ու պետք է գոյություն պահել։ Թուրքը դա գիտեր։ Գիտեր, որ հայը պետք է շատանա, ինչքան էլ, որ նպատակը տեսակի ոչնչացումն էր։ Դրա համար էր, որ տատիս մայրը թուրքերեն երգեր էր երգել, թուրք երեխաների միջոցով հայ որբեր էր փրկել։

Մենք մինչեւ հիմա, անգամ նոր ծնված պուճուրին գենետիկ կոդով փոխանցում ենք մեր ցավը, որ միշտ տատս ասում էր․ «Չէ, պետք չէ քոյռփին պատմել ցեղասպանության մասին, պետք է տանել մեր ազատագրած հողերը ցույց տալ, Արցախը պահել, որ փոքրուց երեխան տեսնի՝ մենք առել ենք մեր եղածը, ոչ թե կորցրել, որ հոգեբանության մեջ առնելու, գրավելու ցանկությունը արթուն մնա, ոչ թե խեղճությունը։ Մեկ ա, մորթուց ծնվածներիս աչքերում արդեն որբի արցունք կա։ Էդ էլ մեր ցավն էր, որ խեղդեց մեզ․․․»։ Երբեք չէր բողոքում ու ամեն Աստծո առավոտ շնորհակալ էր Աստծուն, որ մի խաղաղ լուսաբաց տեսավ։

Անցան։ Մեր բակում ծիրարանենիներ շատ կային։ Բայց էս մեկը տատիս տատի՝ հողին առած ծառն էր։ Մեծ պապս մեռնելուց ասել էր՝ էս ծառի պտուղը քաղցր ա, իմ որբերի փրկչի ձեռքով տնկած ծառն ա։ Որբերի օրհնություն կա ծառին, ճյուղերին․․․ Որբերի համար քաղցր պտուղը գույնով էլ է տարբեր։

Ծիրանենին հայ էր՝ գույնով, տեսակով, համառությամբ, քաղցրությամբ: Այժմ ծառը չորացել էր, պտուղ չէր տալիս, բայց Դավթի ձեռքը չէր գնում կտրել ծառը: Հայը մի գիշերվա մեջ կորցրեց տեսակը, գունաթափված դեմքով ապրեց ու չգտավ այգու այն միակ ծառը, որ հայ էր ու գլխին կապույտ ուներ: Հիմա հայը ծերացել է, արմատը նեխել է, հոտը ընկել է քաղաք… Դավիթը առավոտ վաղ քնից արթնացավ, նստեց բակի աստիճաններին ու չգտավ ծառը․ կտրել, տարել էին: Դավիթը որբացավ մի օրվա մեջ… Լուռ մտավ տուն, հավաքեց պահարանի մեջ եղած շորերը, դրեց ճամպրուկի մեջ՝ հեռացավ հայրենիքից: Էլ ոչինչ չէր կարող պահել նրան: Շները չէին հանգստանում… Գետնին վխտում էին սատկած շները: Երկնքից պոկված մի կտոր կապույտը սևացել էր, արևն էլ չէր տաքացնում:

-Մի քիչ մարդ մնա, ու՞ր մնաց համառությունդ… էս ազգը, երբ կորցրեց արժեքները,- քթի տակ ասում — խոսում, դատապարտում էր ութսունամյա ծերունին: Փայտը գետնին խփելով՝ հազիվ քայլում էր մի բուռ դարձած Դավիթ ամին: Դինջը, որ բակի միակ ազնիվ շունն էր մնացել, ընկել էր ծերունու հետևից, գնում էր, լեզուն դուրս գցած լիզում էր ծերունու ոտքերը: Դավիթ ամու քայլերը տարան այն փոքրիկ ու մեծ տուն, որտեղ թաղված էին ութսունամյա ծերունու ծնողներն ու կինը, ում դեռ սիրահարված էր Դավիթը… Նստեց շիրմաքարին, շունն էլ կողքին… Ծերունու աչքերում խեղդված արցունքներն ու լռությունը՝ սպանում էին նրան:

Շունը մենակ հետ եկավ այն մեծ ու փոքր տնից, որտեղ հյուրընկալ դռները բացել ու ընդունել էին ծերունուն՝ ապրելու… Շունը տանջվում էր… Չկար հայը՝ ծիրանենին, Դավիթ կրտսերը, շունը, արևը…

Երկնքից պոկված մի կտոր սև արև հազիվ նվվում էր․ այժմ հայը որբացել էր, կորցրել էր համառությունն ու ձայնը… Բայց Դավիթը հետ էր գալու։ Տատի խրատը չէր թողնելու մոլոր։

Առավոտ էր։ Դուռը բաց էր մնացել։ Դռան արանքից արևի շողը տաքացրել էր տան պատերը։

 

 

 

Ընթերցել նաև