Արձակ Հայ արդի արձակ Հայ արդի գրողներ Պատմվածք

Արամայիս Գարեգինյան․ «Մետաղյա հիշողություն»․ պատմվածք

 

Դարբնի հզոր ձեռքը, ունելիով ամուր բռնած, նրան դրեց զնդանին, բայց բաց  չթողեց:

-Ինչպես երևում է, այս ամենի վերջը դեռ չի եկել,-  անցավ նրա մտքով, և չսխալվեց:

Նրան  այդպես  ամուր  էին  բռնել, որ չփախչեր  սպասվելիք  հարվածներից: Նա  իր  ապագայի  մասին  գուշակություներ  անել  չէր  կարող, որովհետև դեռևս  շատ  էր  շիկացած. չէ՞ որ  նրան  հենց  նոր  էին հանել  քուրայի կրակների միջից, որտեղ  մարմինն ամբողջովին  կաս-կարմիր  էր կտրել:

-Մի՞թե վերջ չունի այս դժոխային ճանապարհը,- դառնորեն  մտածում էր նա: -Ինչե՜ր  ասես, որ չտեսա  և չապրեցի իմ կյանք մտնելու առաջին իսկ օրից:

«Թեժ  Սարից»  սկսած, որը նրա  ծննդավայրն էր, այնպիսի դժվարին  փորձությունների միջով  էր անցել, որ  հիշելն անգամ զարհուրելի  էր: Միայն  այն  փաստը,  որ եղել  էր հալոցքի վառարանում, արդեն իսկ  բավական  էր, որպեսզի իր համար պարզ դառնար Կրակի  փորձությունն անցած լինելու իր իրական ոդիսականը: Եթե  դրան ավելացներ  նաև  բազում  մամլիչները,  մեծ  ու  փոքր  վառարանները…

Նրա  հիշողությունները կիսատ  մնացին.  այդ պահին մուրճը թեթևակի զնգոցով հարվածեց զնդանին:

— Նոր հարվածի  ազդանշան  է,- անցավ նրա մտքով, ու դարձյալ չէր սխալվում:

Մուրճն այս անգամ հարվածեց շիկացած  մարմնին: Հարվածը թույլ  էր, զնգոցի մեջ անգամ ինչ-որ զվարթ երանգ  կար: Բայց հաջորդ  վայրկյանին, հենց նույն տեղում, վիթխարի մուրճից այնքան անսպասելի և այնքան ուժեղ  մի հարված ստացավ, որ շիկացած մարմնից կայծեր դուրս  թռան: Ցավագին  ոռնոց արձակելով, վեր  թռավ՝ ինչ-որ կերպ գլուխն ազատելու և զնդանից փախչելու  համար, սակայն ունելին շատ ամուր էր  բռնել: Հարվածից մարմինը կերպարանափոխվել  էր:

Մտքերն աղոտ ու անավարտ մնացին, որովհետև փոքր մուրճը դարձյալ իջավ մարմնին: Նախկին զվարթ երանգի մասին, իհարկե, այլևս հիշել անգամ չէր կարող, որովհետև արդեն գիտեր՝  ուր որ  է, հետևելու է մեծ մուրճի սոսկալի հարվածը: Իսկ հարվածն իրեն երկար սպասել չտվեց: Եվ այսպես շարունակվեց, ու այն էլ ո՜վ գիտի՝ որքան ժամանակ:  Ամեն  անգամ փոքր  մուրճը  թեթևակի  հարվածում էր մարմնի ինչ- որ տեղին, որին  անմիջապես հետևում  էր մեծ մուրճի ահռելի հարվածը: Ամեն հարվածից հետո մարմինն ավելի  ու  ավելի էր  կերպարանափոխվում. ավելին՝ ողբերգական  էր դարձել նաև այն, որ մարմնի  հետ  միասին կարծես  կերպարանափոխվում էր ողջ աշխարհը, անցյալը, ներկան, ապագայի հետ կապված հույսն ու նպատակները,  փոխվում էին անգամ հիշողությունները … Միայն բարեբախտություն էր, որ դրանցից որոշ բան մնաց տարիներ  անց հիշելու համար:

Փոքր մուրճն այս անգամ մարմնի փոխարեն զնդանին հարվածեց, և մեծ մուրճի ծանր հարվածն օդում  կախված մնաց:

— Վերջացավ,- խորը շունչ քաշելով, մտածեց  նա,- վերջապես արդեն կարող եմ հանգիստ նայել ինձ  և  փորձել  հասկանալ,  թե այս ամենից հետո ի՞նչ տեսք եմ ստացել, և ինչո՞ւ…

Ու թեև հնարավորին  չափ կարողացել  էր դիմադրել  բռնի  կերպով կատարվող  իր կերպարանափոխությանը,  բայց մարմինը  ծայրաստիճան ջղաձգվել  էր, և սառելուն  զուգընթաց,  մղձավանջը  դեռ  շարունակվում  էր:  Նա  չհասցրեց գտնել իրեն  այդքան  հուզող  վերջին  հարցի  պատասխանը,  որովհետև  ունելին դարձյալ դեպի  քուրայի բորբոքուն  կրակները  տարավ  նրան  և նորից՝  մարմինը կաս-կարմիր  կտրելու  աստիճան  շիկացնելով,  քարշ  տվեց  դեպի  զնդանը:

Արդեն  չէր հիշում, թե  քանի՜-քանի  անգամ  այդ  ամենը  կրկնվեց,  երբ,  ի վերջո, փոքր մուրճը  նորից  զարնվեց  զնդանին:

— Եկել  է  քուրայում  կրկին  շիկնելու ժամանակը,-  տխրությամբ  եզրակացրեց նա՝ փորձելով  հնարավորինս  հոգեպես  նախապատրաստվել,  այսպես կոչված՝ Կրակի  «ջերմագին»  փորձությանը:

Բայց  այս անգամ  ունելին  ոչ  թե կրակի,  այլ սառը  ջրի  մեջ  մտցրեց նրան: Իսկ թե  ինչ  կատարվեց  նրա հետ,  թե ինչպե՜ս  թշշաց  և  թե ինչպիսի՜ սարսուռ  անցավ  ողջ մարմնով,  թե ինչպես  կծկվեց  և  կարծրացավ,  այդ  մասին  մտահոգվելն  արդեն նրա  համար  կարելի  էր անմտություն  համարել:  Սակայն  որքան էլ զարմանալի  և  տարօրինակ  կարող  է թվալ,  քիչ  անց  սկսեց  իրեն  լավ զգալ,  և երբ  ունելին  ինչ-որ  արկղի մեջ գցեց  նրան,  նախ՝  ուրախ  զնգոցով  ողջունեց  ներկաներին,  ու  այն է՝ արդեն  պատրաստվում  էր   համայն  աշխարհին պատմել իր  կյանքի  ոդիսականը,  երբ  զարմանքով  տեսավ,  որ  ներկաները  հար  և  նման  են մեկը  մյուսին,  և անգամ  միևնույնն  էր,  թե  այնտեղ  հավաքվածները  եղբայրնե՞ր   էին,  թե՞  բախտակիցներ: Սակայն մի  բան պարզ  էր՝  բոլորն  էլ,  քիչ թե  շատ տարբերություններով,  նույն  կյանքի ճանապարհն էին անցել,  և  որևէ  մեկն  այդտեղ  իր  ապրած կյանքի ոդիսականով  ոչ մի  նոր  բան  ասած չէր լինի,  առավել  ևս՝ չէր  զարմացնի:  Իսկ ապագայի  մասին  խոսել,  գիտունի տեսքով  փիլիսոփայել  և գուշակություններ  անել ոչ  ոք չէր  համարձակվում,  քանի որ նրանցից  ոչ մեկն  անգամ  չգիտեր,  թե ի՞նչ է  պայտը, ի՞նչի  համար, և որտե՞ղ են    այն  օգտագործում,  ուստի բոլորն էլ խոհեմաբար  լռում  էին:

Այդ   օրից  արդեն  տարիներ էին  անցել: Ո՞վ  գիտի,  թե  նա  ձիու սմբակի տակ որքան  ճանապարհ  էր  անցել,  ինչի  ասես  չէր  զարնվել,  որտեղ  ասես  չէր  խրվել  ու  դուրս  եկել:  Եվ  արդեն շատ էր  հոգնել, հյուծվել  ու  բարակել,  երբ  օրերից մի օր այդ  տեսքով էլ պոկվեց  իրեն  հալումաշ  անող  ձիու  սմբակի տակից  և գլորվելով,  փռվեց  ճանապարհին:

— Սա արդեն հաստատ  վերջն  է,-  ցեխի  մեջ  թաղված մտածում  էր նա:

— Հյուծված, անօգնական, միայնակ, բոլորից լքված, ավելորդ ու անպիտան  մետաղի  կտոր… -Եվ  մի՞թե  այսպիսին  պետք  է  լիներ  անցածս ճանապարհի  վարձն ու հանգրվանը:

Խառնիխուռն մտքերը,  հուսահատության  հետ  շաղախվելով,  սկսեցին կրծել  առանց  այն  էլ հյուծված  մարմինը: Բայց  այդ  ամենը  դեռևս վերջը  չէր. ինչ-որ  մեկը  տրորելով անցավ  նրա  վրայով: Հենց  այդ  օրից  ի  վեր  սկսվեց  ոտնակոխ լինելու  շրջանը:  Ամեն քայլող  արարած,  լիներ   մրջյուն,  թե  մարդ, տրորում-անցնում  էր նրա վրայով.  ու  այդպես քանի՜-քանիսը չտրորեցին  և ոտնակոխ չարեցին  նրան,  ինչպիսի՜  ծանրության  ու  չափերի  անիվներ ասես,  որ  չգլորվեցին  նրա  վրայով: Եվ  դժվար էր գուշակել  ,   թե  որքա՞ն  ժամանակ նա  այդպես էլ  ճամփեզրին կմնար / բանն  այն է,  որ սրընթաց գլորվող ինչ-որ  անիվ  նրան վաղուց  դուրս էր  շպրտել բանուկ  ճանապարհից/ ,  եթե օրերից մի օր  տունդարձի  ճանապարհին, անծանոթ մեկը՝ դեռ  հեռվից  նրան  տեսնելով, կանգ  չառներ:

— Այս մեկը կարծես անտարբեր անցնելու միտք  չունի,-  հուսադրվեց նա,-  իսկ եթե ցանկանա փոխե՞լ  ճանապարհը և շրջանցի ինձ՝ կարծելով, թե հենց մոտենա, ձայնս գլուխս գցած կսկսեմ  կյանքս  պատմել…

Բայց ո՛չ, ճամփորդը մոտեցավ, կռացավ, բարձրացրեց նրան:

Ու ահա, այդ օրից ի վեր նրա մետաղյա հիշողությունը՝  անշարժ մնալու և լռելու կարողության հետ միասին, դարձել  է ճամփորդի  տան պահապան հմայիլը և, նայելով հարևան տան դռան վերևում կախված իր նմանակին, ճգնում  է  հիշել,  որտե՞ղ  է տեսել իր բախտակցին՝ գուցե դարբնոցո՞ւմ…   

 

 

 

 

 

Ընթերցել նաև