Արձակ Հայ արդի արձակ Հայ արդի գրողներ Պատմվածք

Աստղ Մադաթյան․ «Սեթը»․ պատմվածք

 

Ժամը ինն է, մութ է՝ մութ, ինչպես գայլի ստամոքսում։ Սեթը, փորձելով շունչը պահել և հնարավորինս անաղմուկ լինել, նայում է խոտի դեզին։ Հևասպառ վազել է` հանգստանալը դժվար է, խոտի դեզի մեջ մանկուց իր սրտի մեջ ապրած և արդեն մեծացած Մարեն է ՝ հանգիստ մնալը դժվար է։  Մարեն մենակ չէ, իսկ Սե՞թը, Սեթը մենակ է, ինչպես գյուղում առաջին անգամ էլեկտրական սղոց տեսած և հետը կռիվ տված իր հոր աջ ձեռքի մատնեմատը՝ մենակ, ցցուն և մի տեսակ ավելորդ։

Սեթը շունչը պահում էր, գրեթե ստացվում էր աննկատ մնալ, բայց ամպերի տակ թաղված լուսինը, վերջին ճիգ գործադրելով, կրկնապատկեց Սեթի հասակը և պարացնելով բերեց աղջկա դեմքի վրայով սահեցրեց։ Մարեն շփոթվեց և գոռալով փորձեց ծածկել կիսամերկ մարմինը։ Տղան, որը Մարեի հետ էր, որսորդի զգուշությամբ վեր կացավ և գնաց հաշիվ պարզելու, մինչ այդ աղջիկն արագ- արագ շապիկի կոճակները կոճկելով՝ կոշիկները ձեռքին տուն վազեց։

Սեթն իր երկու մետրանոց հասակով կանգնել, նայում էր իրենից ցածր Վառշամին և ինչքան երկար ու վերևից էր նայում, այնքան իրեն ավելի փոքր էր զգում, Վառշամի՝ որսը  կորցրած գիշատչի սոված հայացքն ատելությամբ խժռում էր Սեթի դեպքի հուսահատությանը։ Այդ 2 մետրանոց տղան իր թևաթափությամբ ու շփոթմունքով այնքան անհարմար տնկվել էր այդ գիշերվա մեջ, նրա շողքը լուսինն այնպես դավադիր ձևով էր բերել ու սահեցրել Մարեի դեմքի վրայով, որ անգամ նրան սպանելու պատրաստ Վառշամը սկսեց նրան խղճալ։ 

-Այ, թարս, լոլոզ, ավելորդ, — բռունցքներն ու ատամները սեղմելով ասաց Վառշամն ու հեռացավ։

Սեթը գնաց խոտի դեզի մոտ, սկսեց իր Մարեի հոտը փնտրել. գտավ, գրկեց, քսեց դեմքին։ Երբևէ ինքն այսքան մոտ չէր եղել Մարեին, Սեթը գրկել էր նրա հոտը և ֆիզիկական դատարկությունը փորձում էր լցնել երևակայության ուժով, բայց քամին պոկում էր աղջկա բույրը նրանից, նրա մատներից, և Սեթն անզոր  էր քամու դեմ։ Լուսինն արդեն հաղթել էր ամպերին, և Սեթի ստվերը բռնել էր ու կանչում էր նրան խաղի, բայց Սեթը հավես չուներ լուսնի հետ իր սիրելի ստվերների խաղը խաղալու։ Նա շատ էր տխրել, նա կորցնում էր իր երջանկությունը, որը նոր էր գալու։

Հետո, Սեթն իմացավ, որ Մարեի կյանքում սա ոչ առաջին, և ոչ էլ վերջին դեպքն էր, նա սիրում էր տղաներին գրավել և գրավվել, ու մեղավորը ո՛չ խոտի դեզն էր, ո՛չ Սեյրանենց կտուրը, և ո՛չ էլ Վարազենց խնձորի ծառի տակի փափուկ ճոճքը։ Սեթը գիտեր, նա հասկանում էր, որ մեղավորներ չկան, կա սեր սիրող ծաղկափթիթ ջահել Մարե, և նա բոլորովին էլ չէր ուզում Սեթի երազանքի կծիկը բռնել, քանդել և նրա՝ Սեթի, երազած տաք ու փափուկ կյանքը գործել։ Չէ, նրան մի պատառ մետաքսե վարտիքն էլ էր բավական երջանիկ լինելու համար։  

 

*

                                                             

Սեթի մոր ծնունդն է այսօր։ Նա միշտ առանձնահատուկ է պատրատվում այդ օրվան, հագնում է իր ամենասիրելի հագուստը, գեղեցիկ սանրվում, օծանելիք ցանում և անպայման ժպտում։ Այդ օրն աշխարհին իր մորն է պարգևել։ Նա կլոր տարի ծաղիկներ է աճեցնում, խնամում, ջրում այդ օրը քաղելու և մոր շիրիմին տանելու համար։ Այս տարի աճեցրած նոր վարդերի տեսակը  քաղեց, խնամքով դասավորեց և ճամփա ընկավ։ Մոր գերեզմանը միակ վայրն է, որտեղ Սեթը խոսում է շատ, խոսում է հասկանալի, նրա թլոշությունը կորում է, իսպառ վերանում, նրա աչքերը փայլում եմ և նա՝ կանգնած հողին կածես թե սեր է ստանում։Այդ մի երկու ոտնաչափ հողը, որ վաղուց  կերել էր  մոր մարմինը, նրան ամուր կանգնելու և վստահ խոսելու ոգին էին տալիս։

-Բա՜րև, մա, ծնունդդ շնորհավոր,-լայնաժպիտ ասաց նա։

Ծաղիկները խնամքով դասավորեց, հասակով մեկ գեղեցիկ կանգնեց, բայց այս անգամ քիչ խոսեց, դե շատ բան չկար ասելու։ Նա առաջին անգամ արտասվեց մոր մոտ։ Մանկուց նրան միշտ ասում էին, որ սա իր մոր նոր տունն է և նա միշտ գալիս էր այստեղ իբրև հյուր, փորձում էր միշտ իրեն հյուրի նման կոկիկ պահել, բայց այս անգամ նա չդիմացավ և սկսեց լացել, լացել այն բոլոր տասնհինգ տարիները, որ քար առ քար ծանրացել էին սրտում, լացեց այն բոլոր  համբույները, որ մահն իրենով էր արել, լացեց այն կարոտը, որ իրեն՝ այդ երկու մետրանոց տղային կես էր անում, կոտրում, ինքն իրենից բաժանում ու հետ մանկություն գլորում։ Այստեղ նա երջանիկ էր մինչև նորից դառնում էր 10 տարեկան այն մոլորված տղան, որը կանգնած էր դռան շեմին՝ շփոթված ծանոթ -անծանոթի կողմից իրեն բաժին հասած անթիվ- անհամար կոնֆետների քանակից, կատվի անհանգիստ մլավոցից և մոր սառն ու անհաղորդ ներկայությունից։ Ու այդ ամառվա շոգ կեսօրին Սեթը մրսում էր, շատ էր մրսում։   

Նա մինչև ուշ գիշեր  նստեց մոր մոտ, մինչև որ լուսինն եկավ բռնեց Սեթի շողքը և դուրս հանեց գերեզմանատնից։ Ինչքան նա հեռանում էր , այնքան ավելի էր թլոշանում, մանկանում, մոր պարանոցից կախվելու կարոտ ձեռքերը՝ անտեր ու պարապ առաջ էին կախվում ու ծանրանում, ծանրանում։

Մոր մահից հետո բարեկամները հոր համար մի լավ կին էին գտել, հայրը էլի երեխաներ ունեցավ՝ բոլորը բարեկազմ և հստակ խոսող։ Սեթն էր իրենց տան լալոշը, որն ամեն օր փորձում էր ավելի քիչ խոսել, որ չծիծաղեն իր վրա, ավելի քիչ երևալ, որ իր լոլոզ հասակի կրկրնապատկված ստվերը հանկարծ չմթագնի մյուսների կյանքը։ Անցնում էին տարիները, Սեթն ապրում էր՝ մի օր երջանիկ լինելու երազանքով, աշխատում էր օր ու գիշեր, գումար էր հավաքում և մտովի Մարեի համար սիրուն օղեր էր ընտրում։ Բայց այսօր՝ իր մոր ծննդյան օրը, գիշերվա լուսնի հետ ծանր -ծանր տուն գալով, դռան շեմին նստել իր մեռած երազանքների կենացն էր լցնում՝ գայլի պես ոռնացող  դատարկ ստամոքսը։

Առանց երազանքներ երկու մետրանոց Սեթը շատ էր կոպտացել, անհարմար դարձել։ Նա չէր տեղավորվում ոչ մեկի կողքին, ոչ մի տեղ՝ ո՛չ իր սենյակում, ո՛չ տան բակում։ Նեղ էր աշխարհը, ուր Մարեի ծիծաղն էր՝ գոհ ու անզուսպ, և ստվերը՝ միշտ գրկված ու գնդված։ Դատարկվել էր Սեթի հոգին, ինչպես սոված գայլի ստամոքսը։ Եվ ինչպես սոված գայլ նա գնաց թափառելու անտառներում հեռու, հեռու։

 

*

                                                                             

Քանի տարի էր կորել էր Սեթը, ոչ ոք ոչինչ չգիտեր նրա մասին, մոռացել էին նրան և նրա մոր գերեզմանը, ուր, սակայն, միշտ թարմ ծաղիկներ կային։

 

*

                                                                                       

— Գիտե՞ս, ես մարդ եմ, — մի տեսակ վշվշալով ասաց ձայնը։

— Բայց ինչո՞ւ առաջ չես գալիս, — հետաքրքրությամբ հարցրեց աղջիկը։

— Դու կվախենաս, եթե ինձ տեսնես։

— Ճիշտն ասած ես մարդկանցից չեմ վախենում, ես մոլորվել եմ անտառում և  վախենում եմ ճանապարհը չգտնել, ասա՛, ինչպե՞ս դուրս գամ այստեղից, — խնդրեց աղջիկը։

— Ես քեզ կօգնեմ, դուրս գալ, դու մոլորվել ես, ես կօգնեմ քեզ ճամփա գտնել։

Աղջիկն ուրախացավ, գոտեպնդվեց, և ասաց․

— Դուրս արի, չեմ վախենա, միայն օգնիր ինձ ճանապարհը գտնել։

Անտառը շատ մութ էր, թփերը փնթի իրար վրա աճել էին, մարդու ոտք չէր դիպչել այդտեղ, աղջիկը չէր էլ հասկանում, թե ինչպես է հայտնվել այստեղ, ախր ինքն ընդամենը մորի էր հավաքում, իր մշտական տեղից, ոնց պատահեց որ հայտնվեց այսքան խուլ մի տեղ։ Նա վշտացած էր, բայց հույս ուներ ճանապրհ գտնել։

— Գիտես, ես շատ սոված եմ, — շարունակեց ձայնը։

 Ես մորի ունեմ, -պատրաստակամ ասաց աղջիկը։

— Մորի ես էլ ունեմ, — թփի հետևից շարունակում էր խռպոտ խոսել անծանոթը։ — Իսկ դու նկատե՞լ ես, որ մարդու սով է տիրում աշխարհում։

— Ճիշտն ասած, չգիտեմ,- վախվորած և շփոթված ասաց աղջիկը, — խնդրում եմ ինձ օգնեք դուրս պրծնել այստեղից և ես Ձեզ համար համեղ մի բան կեփեմ։

— Համեղ մի բան, — թլպլտալով պատասխանեց աստիճանաբար մոտեցող ձայնը։

Աղջիկը չէր հասկանում, թե անծանոթն ինչու՞ էր թաքնվում, նա մի փոքր հույս ուներ, որ այդ մարդը կօգնի իրեն դուրս գալ անտառից, բայց բնազդաբար՝ ձայնի մոտենալուն զուգահեռ, նա հետ-հետ էր գնում, տերևներն ու մանր թփերը խշխշում էին նրա ոտքի տակ, ծակծկում բաց ծնկները, և հանկարծ ինչ-որ տաք ու փափկամազ բան քսվելով ոտքերին՝ նրան հրեց ցած։ Աղջիկը վայր ընկավ, և իր դեմքի մոտ զգաց տաք ու անհավասար շնչառություն։

-Մի վախեցիր, և մի փորձիր փախչել, երբ փախչում ես ավելի ես մոլորվում։ Դու շատ գեղեցիկ ես, գիտես ,-ասաց ձայնը,-ես էլ եմ մարդ, բա՛րև։

Աղջիկը սարսափած նայում էր այդ տաօրինակ գայլանման կերպարին, նրա փայլուն մազերին, չափից դուրս երկար մարմնին։ Նա շատ անուշաբույր էր և իր մարմնով այնպես էր հպվել աղջկան, որ կարծես թե փաղաքշանք էր աղերսում։

— Գիտե՞ս, ժամանակն ու մենությունը ինձ կերան, ես ինձ կորցրել էի, հետո ես փախա, մոլորվեցի։ Մի օր շատ սոված էի ու մի գայլ կերա, պատկերացնո՞ւմ ես, ես՝ աշխարհին, կյանքին պարտվածս, նրա հետ կռիվ տվեցի, հաղթեցի ու․․․  կերա։

Աղջկա աչքերը սարսափից լայնանում էին, նրա սիրտը քիչ էր մնում կուրծքը պատռեր ու դուրս թռչեր, նա այնքան սարսափած էր, որ անգամ, չէր կարողանում բղավել, անորոշությունից և վախից պապանձվել էր։

— Տեսնում ես, ես էլ էի անորոշությունից ու վախից պապանձվել, բայց մարդիկ ինձ չխնայեցին։

— Բայց․․․, բայց ․․․ Ես քեզ ոչ մի վատ բան չեմ արել, խոստանում եմ ամեն օր քեզ կկերակրեմ — կմկմաց աղջիկը։

— Չէ է՜, սս սոված եմ, իսկ դու շատ ախորժելի ես, — նա մռութը մոտեցրեց աղջկա դեմքին, հոտոտեց նրա վարսերը, լպստեց ճակատն ու աջ այտը, և մոտենալ նրա ականջին գրավիչ ու փափուկ շշնջաց․

— Ես ուզում եմ քեզ ուտել, դու շատ համեղ ես, ուտեմ քեզ, որ ապրես իմ մեջ, հավերժանաս իմ մեջ, դու բարի աղջիկ ես, ես համոզված եմ, որ դու կհամաձայնես երկարացնել իմ կյանքը, ես քեզ կուտեմ, ու դու կզգաս ուրիշի կյանքը երկարացնելու հաճույքը, ուրիշի ցանկությունը բավարարելու հաճույքը, դու կլինես իմը, կապրես իմ մեջ, ինձնով, ես էլ քեզնով կապրեմ, դու իմ ստամոքսում, ես՝ քո մեռած երազներում։ Ես քեզ նոր կյանք կտամ, դու կտեսնես, թե ինչ մութ կարող է լինել այս աշխարհը, մութ, ինչպես կուշտ  գայլի ստամոքսում։

Աղջիկը լսում էր և արտասվում, գայլը ամենայն քնքշությամբ փարվել էր աղջկան, և գգվանքի պատրաստ կատվի նման փափուկ քսմսվում էր աղջկա՝ վախից թփրտացող մարմնին։ Նա սեր աղերսող աչքերով նայեց աղջկան, մռութը, դունչը մտցրեց մազերի մեջ, հոտոտեց և ախորժելի չփչփացրեց։ Հետո Գայլը հոտետեց նրա վիզը, լպստեց ու կծմծեց կլոր ուսերը ու լափեց աղջկան։

 

 

Ընթերցել նաև