Արձակ Հայ արդի արձակ Հայ արդի գրողներ Հեքիաթ

Աստղ Մադաթյան․ «Սարերի գաղտնիքը»․ հեքիաթ

 

  

 

 

 

 

 

 

 

 

 

Արդեն քանի՜ տասնամյակ է մի խաղաղ և խորհրդավոր անտառ է ապրում Վարդագույն քաղաքի մոտ՝ սարի փեշին։ Այդ անտառն ամեն առավոտ արևի հետ արթնանում է, ծույլ հորանջելով զուգվում իր կախարդական- մախարդական պճնանքի պարագաներով  և նմանվում բյուրեղապակյա կանաչ  դղյակի։

Վարդագույն քաղաքի երեխաները հաճախ են այդ անտառում արշավներ կազմակերպում, և նման օրերից մի օր, անտառից տուն վերադառնալով՝ Մարին իր ուսապայուսակից ինչ-որ  տզտզոց լսեց, մտածեց բզեզ է. բացեց պայուսակը, որ բզեզին ազատ թողնի, բայց ի՜նչ, այնտեղ մի փոքրիկ թզուկ էր նստած, գլուխն առել էր ձեռքերի մեջ և հեկեկում էր:

— Է՜յ, փոքրի՛կ, ինչո՞ւ ես լալիս, — հարցրեց աղջիկը:

 — Ես մոլորվել եմ, — հեկեկակով ասաց թզուկը, — ես զբոսնում էի անտառում, հանկարծ հոգնեցի, մի փափուկ տեղ գտա, որ նստեմ և մի քիչ հանգստանամ, բայց քնեցի՜,-շարունակ լացելով պատմում էր փոքրիկը, — Փաստորեն,ես քո ծածկոցի մեջ եմ փաթաթվել ու քնել, այն այնքան փափու՜կ էր, տես ինչ վատ բան է եղել։ Մայրիկս ասում էր, որ հեռու չգնամ, իսկ ես նրան չլսեցի, և հիմա մոլորվել ու հասել եմ այստեղ։ Խնդրում եմ ինձ հետ անտառ տար, ես այստեղ չեմ  կարող մնալ։

 — Լավ, լավ, հանգստացի՜ր։ Քեզ կտանեմ անտառ, բայց առավոտյան, հիմա մութ է, կմոլորվենք։

Աղջիկը հետաքրքրասեր հայացքով նայում էր թզուկին, նա ուզում էր թզուկին վերցնել ձեռքի մեջ, սակայն երկմտում էր՝ հանկարծ չվախեցնի փոքրիկին։

— Ինչքան փոքրիկ ես դու, ես թզուկներին ավելի մեծ էի պատկերացնում:

— Ես ոչ միայն թզուկ եմ, այլև՝ երեխա, մեր աշխարհի ամենափոքրիկ բալիկն եմ:

 — Ինչ լավ է, որ դու մեր լեզուն գիտես, պատմի՛ր ինձ ձեր մասին, — ընկերաբար ասաց Մարին:

— Չի կարելի մեր մասին պատմել մարդկանց, մենք զգուշանում ենք նրանցից, — լացը զսպելով պատասխանեց նա: — Լավ չէ, որ մարդիկ մեր մասին իմանան, մենք թաքնվում ենք նրանցից:Ախր նրանք մեզ կվնասեն, կմտնեն մեր աշխարհ և կփոխեն ու կդարձնեն այն իրենց հարմար: Իրականում մենք լավ ծանոթ ենք մարդկանց, մենք պետք է ամեն ինչ իմանանք նրանց մասին, որ կարողանանք պաշտպանվել։ Ամեն գիշեր, թզուկների աշխարհից հետախույզներ են գալիս և ուսումնասիրում մարդկանց կյանքը, կենցաղը, տեղեկանում են նորություններին և գալիս մեզ մոտ քննարկում, վերլուծում և գաղտնի մնալու համար ծրագրեր մշակում: Տե՛ս, ինչ վատ բան է եղել, հայտվել եմ քեզ մոտ և հիմա փաստորեն բոլորին մատնեցի, — սրտնեղեց թզուկը: — Դու, դու չե՞ս պատմի իմ մասին, — վախեցած հարցրեց նա:

— Ե՞ս, ոչ չեմ պատմի, բայց արի քեզ նկարեմ, — խոստացավ աղջիկը և ուրախ-ուրախ գնաց իր նկարչական պարագաները բերելու, — տե՛ս, ինչքա՜ն շատ նկարներ ունեմ, արի՛, քեզ էլ կնկարեմ:

— Դե, ես․․․ ես չգիտեմ, — կմկմաց թզուկը:

— Մի վախեցիր, քեզ ոչ մի վատ բան չեմ անի, դու այստեղ հանգիստ նստիր, քեզ համար ուտելիք բերեմ, մի բան կեր, ես էլ քեզ նկարեմ, լա՞վ, իսկ առավոտյան կգնանք անտառ։

 — Լավ,ըհը, ես խնձոր եմ սիրում և ցորենի հաց, — փորիկը տրորելով ասաց նա:

 — Հիմա կբերեմ:

Մինչ Մարին գնացել էր թզուկի համար կերակուր բերելու, թզուկը դես ու դեն շարժվեց, նա առաջին անգամ էր մարդկանց տանը հայտնվել և նրա համար ամեն ինչ շատ հետաքրքիր էր: Նայում էր պատերից կախված նկարներին, որոնք չափազանց մեծ էին և շատ անծանոթ իրեր կային այնտեղ պատկերված, բայց նրանց մեջ կար նաև իր հարազատ անտառի նկարը: «Այս ի՜նչ գեղեցիկ նկար է», — մտածեց թզուկը, — «Այս աղջիկը շատ շնորհալի է, գոնե մի քիչ էլ բարի լինի»: Աղջիկն եկավ խնձորներով և հացով լի սկուտեղով, թզուկը նստեց մի փոքրիկ բարձի վրա, սկսեց ոտքերը թափահարելով խնձոր և հաց ուտել։

— Մարի, գուցե պետք չի ինձ նկարել, ախր մարդիկ ինձ պետք է չտեսնեն, — շարունակում էր մտահոգվել թզուկը։

— Գիտես, մի անհանգստացիր, բոլորը կմտածեն, որ դու իմ երևակայությունն ես, մեր աշխարհի մեծերը կարծում են թե մենք՝ փոքրերս ապրում ենք հորինված, երևակայական աշխարհում, ուր կան չար ոգիներ, փերիներ, թզուկներ, բարի երազանքներ, որոնք միշտ իրականություն են դառնում, -վերջին բառերը ժպտալով ասաց Մարին:

— Իսկ ի՞նչ է, մի՞թե նրանք չկան, տե՛ս, ես իրական եմ, իհարկե նրանք կան, մենք գիտենք, որ նրանք կան, դրա համար էլ չարերից զգուշանում ենք, իսկ բարի երազանանքերի իրականացման համար՝ բոլորս միասին աշխատում:

— Ձեր աշխարհը կարծես թե ավելի լավն է։

— Սպասի՜ր, եթե այդպես է ուրեմն դու ինչ խենթություն ուզես կանես ու կասես թե դա քո երակայության արդյունք փերիների, թզուկների գո՞րծն է:

 — Չէ, այ այդտեղ դու արդեն համարվում ես մեծ ու պատասխանտվության ենթարկվում, կամ պատժվում և զրկվում այդ օրվա պաղպաղակից: Մեր աշխարհում երևակայությունը գովելի է, երբ նրա արդյունքում դու որևէ հետաքրքիր բան ես ստեղծում, ասենք նկար, պատմություն կամ մի նոր համեղ ուտելիք, բայց հենց քո երևակայությունը գալիս բախվում է ուրիշի հարմարավետությանը, կամ վնասում է շրջապատին դա արդեն չի կարելի: Պետք է քո երևակաթյունն առնես սահմանների մեջ: Մեծահասակնեը դա անվանում են օրինակելի վարք: Գիտես, դա լավ է, թե չէ գիտես ինչեր կարող են տեղի ունենալ ու լավ է, եթե բոլորի մոտ դա լինի ոսկե կանոն:

— Հա՜, այ տե՛ս, որ ասացիր նոր հասկացա:

Այդ ժամանակ մայրիկը մտավ սենյակ`մի զամբյուղ ձեռքին.

— Մարի, խաղալիքներդ պետք է լվանանք, — և սկսեց խաղալիքները հավաքել, թզուկն էլ ձևացավ մի անշարժ խաղալիք, մայրիկը նայեց նրան.

— Այս ի՞նչ նոր խաղալիք է, նվե՞ր ես ստացել։

— Ես այն գտել եմ, — ձայնը կամացացնելով ասաց աղջիկը, — բայց նա խաղալիք չէ, նա իսկակա՜ն է, ես ինքնս կլվանամ նրան։

— Լավ, դե այդ դեպքում նրան լվանալուց հետո մի լավ կչորացնես, որ չմրսի, — աղջկա գլուխը սիրալիր շոյելով ասաց մայրիկը և դուրս եկավ սենյակից:

— Տեսա՞ր:

— Տեսա: Բայց ինչ լավ է, որ պետք է լվացվենք, թե չէ , երբ ես առանց լվացվելու եմ քնում վատ երազներ եմ տեսնում, իսկ երբ մաքուր լվացված եմ քնում գիտես ի՜նչ կախարդական և բարի երազներ են ինձ հյուր գալիս:

Թզուկը լվացվեց, բարձի վրա հարմար տեղավորվեց ու քնեց, իսկ Մարին նկարեց քնած թզուկին։

Առավոտյան, երբ պատրաստվում էին գնալ անտառ, դուռը բացվեց և արագ վազելով ներս մտավ հարևանի անկարգ տղան ու բարձրացավ աղջկա սենյակը.

— Մարի՜, կարմիր մատիտդ եմ վերցնում:

— Չէ՛, չէ՛,չէ՜ — կանչեց աղջիկը՝ վազելով նրան ընդառաջ, — ես կտամ:

Արդեն ուշ էր, տղան տեսել էր թզուկին և ուշադիր, անկարգության պատրաստ, փայլփլուն աչքերով նայում էր նրան:

— Սա ո՞վ է, սա իմն է, — ասաց ու վերցրեց խեղճ թզուկին: Դուրս վազեց տղան՝ աղջիկն էլ նրա հետևից։ Երկար վազվզելուց հետո, շնչակտուր տղան աստիճաններով բարձրացավ տանիք և փայտե աստիճանն իր հետևից բարձրացրեց վերև, աղջիկը մի կերպ կախվեց վերջին աստիճանամատից, բայց տղան այն թափահարեց և աղջիկը վայր ընկավ:

— Տո՛ւր, նա իմն է, — ներքևից կանչում էր աղջիկը, — պետք է նրան անտառ տանեմ, նա այստեղ միայնակ է, սա իր տեղը չէ, նա կտխրի առանց իր ընկերների՝ օտարության մեջ:

— Օ՜յ, օ՜յ, ինչ եք ասում, վե՛րջ, սա իմ իսկական խաղալիքը կդառնա, ես արդեն հասցրել էի ձանձրանալ, հիմա մի լավ սրա հետ կխաղամ: Է՜յ, թզուկ, ինչ անեմ քեզ հետ, սպասիր մի թելով ոտքդ կապեմ, որ հանկարծ շատ հեռու չփախչես:

Թզուկը սարսափահար եղավ․ ինչպե՞ս թե ոտքդ կապեմ:

— Է՜յ, Արսեն, շուտ արա, իջի՛ր, հիմա տատիկիդ կասեմ:

— Ես տատիկից չեմ վախենում, թող խաղամ, մի քանի ժամ կխաղամ սրա հետ, հետո կտամ քեզ։  Մարի՜, տեսե՞լ էիր արդյոք, որ այս թզուկը կաղ է, տես, է, հազիվ է քայլում, բայց միևնույն է, հիմա ոտքդ թելով կկապեմ, ու …,- ինչ որ բան մռմռթաց տղան, որն աղջիկը չկարողացավ լսել:  Մարին գիտեր,որ պետք է շտապել և վերև բարձրանալու համար մի հարմար բան գտնել ։  Նա իրենց բակից աստիճան բերեց, բարձրացավ տանիք, բայց տղան արդեն այնտեղ չէր. «Խե՜ղճ թզուկ», — մտածեց աղջիկը, «Տեսնես ո՞ւր է տարել նրան, հիմա տանջելու է, ախր այդ տղան սիրում է փոքրիկ բզեզներին, մրջյուններին, գեղեցիկ թիթեռներին տանջել, հիմա էլ խեղճ թզուկին»… Տղան տեսնելով, որ Մարին ներքևում չէ, իջել և գնացել էր իր ընկերների մոտ.

— Տեսեք, ինչ փոքր մարդուկ եմ գտել, եկեք խաղանք նրա հետ:

Նրա նման մի չորս տղա հավաքվեցին վախից կուչ եկած  թզուկի գլխին։ Նրանք հետաքրքրությամբ ուսունասիրում էին թզուկին, մեկը ծառի ճյուղով ոտքին էր դիպչում, մյուսը որոշեց խոտ կերցնել, երրորդին նրա քիթն ու ականջներն էին շատ հետաքրքրում, որոնք բավականին կլորիկ էին և տղան հույս ուներ նրանց սեղմելով մի զավեշտալի ձայն լսել: Խեղճ թզուկը դարձել էր նրանց ծաղրի առարկան, նա փորձեց փախչել, հազիվ մի երկու քայլ արեց և վայր ընկավ.

— Տեսեք, նա կաղ է, — հռհռացին տղաները:

— Հա, բայց ես ամեն դեպքում նրա ոտքը թելով կապել եմ, — հպարտ ասաց Արսենը, — նա փախչելու հնարավություն չունի:

 — Մի լավ բան մտածեցի, եկեք մի մեծ բզեզ կամ սարդ բռնենք և սրա հետ միասին գցենք նույն տարայի մեջ ու կռվեցնենք, տեսնենք՝ ո՞վ կհաղթի: «Բզեզ, սարդ» բառերը լսելով՝ թզուկը սարսափահար եղավ, նա սկսեց տղաներին խնդրել, որ իրեն բաց թողնեն, ախր ինքն էլ իրենց պես կենդանի էակ է, հայրիկ, մայրիկ ունի նրանք սպասում են իրեն, ընկերներ ունի, դպրոց է հաճախում, սակայն տղաները նրան ընդհանրապես չէին լսում, կարծես լսելու ունակությունը կորցրած լիենին, տարերքի մեջ բզեզ էին փնտրում:

— Լավ, մինչ բզեզին գտնենք, եկեք նրան գետակում մի տերևի վրա նստեցնենք, որպես նավավար, տեսնենք՝ ի՞նչ կլինի:

— Բայց ես լողալ չգիտեմ, — գոռաց թզուկը։

Տղաները նրան չէին լսում, նրանք հարմար չափսի տերև գտան, թզուկին դրեցին վրան և հռհռալով թզուկին գետակն ի վեր քարշ տվեցին։ Անօգնական փոքրիկն այդ ընթացքում  մի քանի անգամ սուզվեց, խփվեց քարերին, հասցրեց մի ձկան պոչին էլ նստել: Տղաները հոգնեցին վազելուց, թզուկն էլ մի պահ սուզվել էր, Արսենը թելն օդում պտտելով թզուկին հանեց ջրից, չէին ուզում նրան իրենց ձեռքից բաց թողնել, նրա հետ դեռ խաղալ էին ուզում: Ահը սրտում՝ նեղված, տխուր, խեղճ թզուկը զարմանում էր տղաների չարության վրա, նա իր թրջված գլխարկն էր ճմռթում և լաց լինում․ «Ա՜խ, գոնե հայրիկս լիներ այստեղ: Ախր, նրանք չեն լսում ինձ, մի՞թե ցածր եմ խոսում, լավ հիմա կգոռամ՝ ինչքան ուժ ունեմ»․

— Խնդրում եմ, ինձ մի տանջեք, ախր ցավում է, այդպես հարմար չէ, ինձ դուր չի գալիս, — գոռում էր նա, բայց նրան լսող չկար:

 — Եկեք թուղթ վառենք դնենք բերանը, տեսնենք ականջներից ծուխ դուրս կգա՞,-շարունակում էին զվարճանալ տղաները։

— Չէ, չէ, եկեք տարբեր գույներով ներկենք՝ դառնա իսկական խաղալիք:

— է՜է, ինչ խաղալիք, եկեք տանենք կրկես՝ ծախենք:

Այդ ժամանակ, շատ հեռվից լսելով նրանց սանձարձակ հռհռոցը, Մարին գտել էր տղաներին։ Նա մի պայուսակ խնձոր ու տանձ էր հավաքել, որ պաշտպանի թզուկին չար  տղաներից, թաքնվել էր և  հարմար պահի էր սպասում: Տեսնելով խեղճ թզուկին աղջկա սիրտը հազար կտոր եղավ, ա՜խ այդ չար տղաները, ինչպես են զվարճանում նրան ծաղրելով: Աղջիկը դուրս թռավ թաքստոցից և խնձորներով ու տանձերով սկսեց խփել տղաներին:

 — Է՜յ, այդ ի՞նչ ես անում:

— Տվեք իմ թզուկին, ես եմ նրան գտել, նա իմն է:

 — Հիմա էլ մերն է, թե կարող ես վերցրու, — ասացին տղաներն ու ծիծաղելով փախան։

Մարին վազելով հասավ նրանց, խնձորներով խփեց և վայր գցեց մեկին, տեսավ, որ թզուկը նրա մոտ չէ, վազեց մյուսի հետևից՝ նրան էլ տանձերով տապալեց ու լավ էր, հենց սրա մոտ էր թզուկը, նա ընկավ, թզուկն ազատվեց նրա ձեռքից՝ կաղալով վազեց դեպի աղջիկը: Մարին քնքշորեն նրան գրկեց, դրեց պայուսակի մեջ.

-Էլ մի վախեցիր, քեզ այլևս չեմ կորցնի, դու կարող ես խնձոր ուտել և մի փոքր հանգստանալ իմ պայուսակում, հիմա սկսում եմ բարձրանալ քո սարը: Աղջիկը սկսեց արագ-արագ սարն ի վեր վազել, նա անընդհատ հետ էր նայում, որ հանկարծ տղաները չգան և թզուկին չգողանան, սակայն տղաներն արդեն սկսել էին կռվել և միմյանց քաշքշել․ մեկը մյուսին էր մեղադրում թզուկին կորցնելու համար: «Լավ, մինչ սրանք իրար մեջ հարցեր լուծեն ես արագ գնամ իմ գործին», — մտածեց աղջիկը: Շնչակտուր վազելով նա հասավ սարի գագաթին.

— Դե՜, փոքրի՛կ, դուրս արի, տե՛ս, այստեղ որտե՞ղ է քո տունը:

Մի քանի մատնաչափ արահետով թզուկը գնաց-գնաց, թուփ ու տերև բացելով մի մեծ սունկի առջև կանգնեց.

 — Այս սունկը դեպի մեր սար տանող դուռն է, արի՛ ինձ հետ, մեզ մոտ մեկը մյուսին չի ծաղրում, անգամ եթե նա մեզ նման չէ:

Աղջիկն ուրախացավ և համաձայնեց, թզուկը բացեց սնկի գլխիկը և մի նեղ ճանապարհ երևաց, նրանց ընդառաջ վազեցին փոքրիկ թզուկի անհանգստացած ծնողները, ուրախությամբ գրկեցին նրան, անգամ օդ բարձրացրեցին։ Ծնողները զգուշավոր նայեցին աղջկան։

— Սա Մարին է, նա ինձ փրկել է չար տղաներից և հասցրել այստեղ, ուզում եմ նրան իմ սենյակը և իմ նկարները ցույց տալ, խոստացել եմ, կարելի՞ է:

— Դե, եթե նա քո ընկերն է, կարելի է:

Նրանք գնացին թզուկի սենյակը, այնտեղ գեղեցիկ նկարներ կային։

— Տե՛ս, ես էլ քեզ պես նկարում եմ, նայի՛ր, սա իմ սիրելի վայրերն ու հանքերն են։

Աղջիկը զարմացած նայում էր, թե ինչպես է թզուկն արագաշարժ դես ու դեն անում և իր հետաքրքիր իրերը ցույց տալիս:

— Դու քո սարի մեջ էլ չե՞ս կաղում:

Թզուկը ծիծաղեց.

— Կաղում եմ, պարզապես մեզ մոտ ճանապարհներն այնպես են, որ եթե կաղում ես, քայլելիս գետինը հարմարվում է քո ոտքին, մեզ մոտ բոլորի մասին մտածում են: Այ, եթե մարդիկ մեր բարեկամները լինեին և մեզ հյուր գային, մեր թունելները նրանց հարմար կփորեինք, բայց դու առաջին մարդն ես, որ մեզ հյուր է եկել։  Գիտես,արի գնանք այգի, այնտեղ ավելի լավ է։ Ես մեր ճարտարապետներին կասեմ, որ դու իմ ընկերն ես, — ոգևորված շարունակում էր թզուկը, — և նրանք քեզ հարմար թունել կփորեն, որ մյուս անգամ այստեղ գաս՝ չնեղվես:

Նրանք հասան այգի, այստեղ շատ լուսավոր էր և զով, ծառերը փայլուն կանաչ տերևներով էին, իսկ ծաղիկներն ու թիթեռներն անընդհատ փոփոխում էին իրենց գույները:

— Այս ի՜նչ գեղեցիկ է ձեր այգին:

Թզուկը հպարտ կանգնել էր այգու մեջտեղում:

 — Իմ հայրիկն է այգեպանը։ Տե՛ս, մեր ծառերը խոսում են, եթե պետք է ծառը պատմում է իր մասին՝ քանի ծաղիկ կամ միրգ ունի, դրանք ինչ գույն, ձև ունեն, տերևները քանիսն են, իսկ սրանք կախարդական թռչուններն են, — դրանք շատ-շատ փոքր, տարբեր գույնի բարալիկ ոտիկներով, երկար պոչիկով թռչուններ էին, — նրանց լսում են բոլորը, նրանք կախարդակա՜ն են, ֊ աչքերը փայլեցնելով և  հնարավորինս խորհրդավոր ասաց նա, — կարծում եմ, որ այս թռչուններից մեկը կարելի է տալ այն տղաներին, ախր, նրանք չեն լսում:

— Նրանց սիրտը փակ է, դրա համար նրանք քեզ չեն լսել, չէ որ դու նրանց համար փոքրիկ արարած ես, արժեք չունեցող մեկը, նրանք քեզ որպես խաղալիք են դիտել, հետևաբար, քեզ երբեք չէին լսի, խեղճերին նրանք ականջալուր չեն լինում, — խոսելով մոտեցավ թզուկի ուսուցիչը.

 — Բարև, ես Մարին եմ:

— Ես ուսուցիչ թզուկն եմ, — ներկայացավ նա և շրջվելով իր աշակերտին հարցրեց, — այդքան շա՞տ ես վստահում այս աղջկան, որ բերել ես այստեղ:

— Այո, նա և ՛բարի է, և՛ քաջ:

 — Լավ, ես արդեն գիտեմ քո պատմությունը, եկեք գնանք հանք և տեսնենք: «Հա՞նք, ի՞նչ հանք», — զարմացավ աղջիկը: Նրանք հրաշք այգու միջով, վերջին ծառուղով գնացին և հասան հանքին:

— Լավ, — ակնոցն ուղղելով ասաց թզուկը, — ուրեմն դու Մարին ես, Ծնվել ես… թվին, Վարդագույն քաղաքում, օրը․․․, ժամը․․․

 — Իսկ ի՞նչ է նա անում, — շշուկով հարցրեց աղջիկը թզուկին:

 — Ես, — ակնոցը սրբելով պատասխանեց ուսուցիչը, — քո քարը կամ ապակին եմ փնտրում, — «ապակի» բառը երկարացնելով ասաց նա, — գիտես, ամեն սար իր թզուկներն ունի, ամեն երեխայի ծնվելիս մենք նրանց բակից ամենաողորկ քարը, կամ ամենամաքուր ապակին ենք վերցնում և նրա անունով ստեղծված տուփի մեջ տեղադրում : Նրա կյանքում կատարած լավ, բարի, խելացի արարքներով պայմանավորված՝ այդ քարը կամ ապակին ժամանակի ընթացքում դառնում է… ,ահա , տե՛ս, սա ձեր բակի տղաների ապակիներն են, տեսնում ես, ինչ փոշոտ են նրանք, իսկ քոնը, սա… այ, ահա սա քոնն է, գտա՝ Մարի, ծնված ….ին, օրը․․․  — նա հանեց արկղը և ամբողջ տարածքը շլացուցիչ լույսով լցվեց, աղջիկը մի պահ անգամ աչքերը փակեց.

— Տեսնում ես, ինչքան բարի գործեր ես արել, քո քարը դարձել է ադամանդ, ամենափայլուն կարգի, գիտե՛ս, մարդիկ կան, որոնց քարը, կամ ապակին չի  փայլում,  դա շատ վատ է.

— Վատ է, քանի որ չա՞ր են նրանք, — հարցրեց աղջիկը:

— Միայն դա չէ, միայն դա չէ, — ծոր տալով ասաց ուսուցիչը։ — Դե ինչ, արդեն երեկո է, շուտով աստղերը կերևան երկնքում, լավ ես արել, փոքրի՛կ, որ բերել ես աղջկան այստեղ, եկե՛ք:

Ուսուցիչը վերցրեց արկղը և գնացին՝ թզուկը թռչկոտելով, աղջիկը՝ ծնկաչոք։ Նրանք սարի հակառակ կողմից դուրս եկան:

— Տե՜ս, Մարի՛, քո ադամանդը հիմա երկինք կուղարկենք, էլ իմաստ չկա նրան արկղում պահել, այն կդառնա մի փայլուն աստղ, երբեմն քամին նրա վրայից աստղափոշի կբերի երկրի վրա և մի բուռ բարություն կտարածվի աշխարհում։  Երկիրն ու երկինքը գտնվում են կապի մեջ, տե՛ս, այստեղ`երկրում կատարած քո բարի գործերի դիմաց դու աստղ կունենաս երկնքում, նա կարող է նաև քո երազանքներն իրականացնել:

— Ի՜նչ հետաքրքիր է, երբեք չեմ մտածել, որ մի բարի կամ լավ բան անելու համար պետք է պարգևատրվեմ, անգամ չեմ էլ մտածել, որ այն ամենը, ինչ ես անում եմ՝ բարություն է:

— Այո, բարությունը հստակ կանոնակարգված գործողությունների շարք չէ, չկա բարու կամ չարի սահմանում, բայց կա մի գիծ, մի սահման, որ բարիները չեն անցնում ու կա մի ճանապարհ, որ բարիներն են կառուցում, այդ ճանապարհը բաց է բոլորի համար: Շատերն այնտեղ գտնում են գիտելիք, ջուր, հաց, ոմանք՝ հագուստ, ոմանք՝ ընտանիք: Ցավոք, այդ ճանապարհը շատ դանդաղ է կառուցվում, — լռեց թզուկը, երեքով նայում էին երկնքին:

— Դու ուշադիր եղիր երկնքին ու կտեսնես, որ ինչքան մարդաշատ է վայրը, այնքան երկինքը մռայլ է։ Նկատած կլինես, որ մեծ քաղաքներում գիշերը երկուսից հինգ աստղ հազիվ է նշմարվում, իսկ այստեղ՝ սարերում, երկինքն աստղալից է, վառ ու ինչքա՜ն խաղաղ։ Երկրից ամեն մեկը երկինք է ուղարկում կամ լույս, կամ գորշություն, սակայն գորշությունը ծանր է և ցավոք, այն մնում է կախված քաղաքների վրա, իսկ վառ աստղերը թռչում են վեր, որ տեսանելի լինեն և կարողանան շատերին լուսավորել, հույս կա, որ մի օր նրանք  շա՜տ- շա՜տ կլինեն և կճեղքեն գորշության մառախուղը ու ամեն տեղ կյանքը պայծառ կլինի:

Ուսուցիչ թզուկը, աղջիկը և փոքրիկ թզուկը շողշոյացող ադամանդը բռնեցին և շատ թեթև փչելով՝ երկինք ուղարկեցին: Աստղը հասավ իրեն հարմար մի կետի և սկսեց ավելի վառ շողշողալ։

— Տե՜ս, ինչ պայծառ է այն, իմացիր, որ եթե շարունակես լինել բարի, այն միշտ այդպես պայծառ էլ կմնա, չի խամրի, իսկ հիմա գնա տուն, արդեն ուշ է։ Եվ քո հետ վերցրու այս թռչունին, որը  կարողանում է աշխարհի գեղեցկության մասին պատմել բոլորին, դիր քո հարևան տղայի ուսին, տե՛ս, ի՞նչ կլինի:

Թռչունն ուսին աղջիկն իջավ սարից և գնաց տուն:  Առավոտյան նա գնաց հարևան տղայի մոտ, թռչունը միանգամից նստեց նրա ուսին և սկսեց երգել: Նրանք սկսեցին միասին խաղալ։ Մարին զարմացած էր, առաջին անգամ տղան նախընտրեց իր հասակակից մեկի հետ խաղալ, փոքր ու անօգնական արարածներին`մրջյուն, բզեզ, կատու կամ.. թզուկ տանջելու և ծաղրելու փոխարեն:

 

 

 

Ընթերցել նաև