Արձակ Հայ արդի արձակ Հայ արդի գրողներ Պատմվածք

Ասպրամ Քոսակյան․«Էրգրից բերված սերը»․պատմվածք

 

Մանուշ տատն ամեն անգամ խաչակնքվում և բոլորից ծածուկ սրբում էր աղոթքի տեղ աչքերից կախ ընկած արցունքի կաթիլը՝ տեսնելով թոռների երջանիկ և չարաճճի խաղն այգում: Մտքում օրհնում էր թոռներին, ժպտում բարի՜ ու բարի՜, ապա հայացքը հառում կապույտ երկնքին և երկա՜ր աղոթում: Երկինքը կարծես պատասխանում էր տատին՝ ժպտալով կապույտի մեջից: Տատն ամուր բռնում էր հարազատ կապույտի ծերից և հուշերի թևով սլանում Մասիսից այն կողմ՝ դեպի Էրգիր:

— Մանու′շ, ա′յ Մանուշ, կուժը վերցրու, պաղ ջրի գնանք,- ձայնում էին ընկերուհիները:

Տասնյոթամյա Մանուշը, ստանալով մոր թույլտվությունը, մառանից վերցնում էր կուժը և սլացիկ նոճու պես շորորալով քայլում դեպի աղբյուրը: Աչքերի կապույտը երազ էր տարածում շուրջ բոլորը, և այդ երազից պինդ բռնում էր հարևան դարբնի տղան՝ Սերոբը: Սերոբը քայլում էր աղջիկների խմբից հեռու. պատվասեր հայ երիտասարդը չէր կարող թույլ

տալ, որ Մանուշի վրա բամբասանքի սև բիծ ընկնի: Մանուշը քայլում էր՝ հոգում քաղցր դող, աչքերում՝ Սերոբի հայացքի կրակը:

— Մանու′շ, ա′յ Մանուշ, կարծես մեկը մեզ հետևում է, հը՞,- կատակում էին ընկերուհիները, և մի անմեղ ծիծաղ էր տարածվում շրջապատում, իսկ Մանուշն ամոթից ու երջանկությունից գլուխը կախում էր, ինքնաբերաբար քայլերն ավելի արագացնում:

— Մանուշը շտապում է աղբյուրին հասնել, պաղ ջուրը գուցե զովացնի հոգու կրակը,- շարունակում էին կատակել ընկերուհիները:

— Չա′ր աղջիկներ, ամոթ է,- փորձում էր լռեցնել Մանուշը:

— Մանուշ, քեզ ձայնում են, չե՞ս լսում,- խորամանկում էին աղջիկները:

Մանուշը շրջվում և տեսնում էր Սերոբին: Մի ակնթարթ երկուսի հայացքն իրար էր բախվում: Մանուշի՝ նոր ծաղկող մարմինը նորածիլ գարնան դող էր ապրում, հազիվ էր բռնում ուսերին դրված դատարկ կուժը, երկիրն անսահման փոքր էր թվում, իսկ ինքն այնպես թռչել էր ուզում:

— Տատի′կ, տատիկ, հոգով նորից այնտե՞ղ ես,- տատին մեղմորեն փարվում էր թոռներից ավագը՝ Անին:

—  Իսկ իմ հոգին ե՞րբ է լքել այն, թոռնիկս,- տխուր ժպտում էր տատը:

— Տատի′կ, տատիկ, էլի պատմիր քո էրգրի մասին,- խնդրում էր Անին, և բակում խաղացող թոռները մի ակնթարթում բոլորում էին տատի շուրջը, ամեն մեկն իրեն համար նստելու մի տեղ էր գտնում, ձեռքերը դնում էին ծնոտների տակ և հետաքրքրասեր հայացքով սպասում տատի խոսքին, ով իրենց կպատմեր այն առասպելական երկրի մասին, որտեղ լեռներ կան՝ երկնքին հպվող, և ձորեր կան՝ մութ, անդնդախոր, որտեղ դաշտերը զմրուխտ են շողում, իսկ գետերը կապու՜յտ մետաքս են հոսում: Եվ թոռները սպասում էին հեքիաթի, որը կարող էր պատմել միա′յն Մանուշ տատը: Իսկ տատը տխրում էր. Թոռները հեքիաթ են կարծում իրականությունը, առասպել՝ էրգիրը: Ուզում էր խռպոտած ձայնով գոռալ, որ էրգիրը կա, որ առասպել չէ հայաթափ էրգրի լուռ սպասումը, բայց միայն թաց ձայնով սկսում էր իր կարոտած հուշերի օրհներգումը:

Հետո իրիկնանում էր, հեռվում հանգչող արեգակը մի կարմիր գիծ էր գծում հորիզոնին. Այդ գիծը Մանուշ տատին ստիպում էր սառչելով շարունակել նստած մնալ բակի չոր նստարանին և նայել հեռուն, կարծես այնտեղից պետք է վերադառնար իր երիտասարդ օրերի սպասումը, իր մորթված երազանքը:

— Մանուշ, ի′մ Մանուշ, Մասիսի չափ անսահման է իմ սերը, Մանուշ,- աշխարհից ծածուկ, մթության մեջ պահված սիրելիին գրկել էր Սերոբը:

— Բայց Մասիսն ավարտ ունի,- խռովել էր Մանուշը:

— Բայց Մասիսը սկիզբ չունի,- ժպտացել էր Սերոբը:

— Այդ ինչպե՞ս,- զարմացել էր Մանուշը:

— Մասիսն ամեն հայի մեջ է, այն հայի սկիզբն է, այն հայի պատմության և սիրո սկիզբն, այն անսահմանություն է,- տաք շոյեց աղջկան Սերոբը,- Մանուշ, դու իմ Մասիսն ես, դու իմ սիրո անսահմանությունն ես: Մասի′ս, Մանու′շ: Մանու′շ, Մասի′ս, դուք իմ սերն եք, իմ էրգիրն եք, Մանուշ, Մասիս, Մասիս, Մանուշ:

Սերոբը Մանուշի մատնեմատին մատանի էր դրել և ձյուներից պոկված ծաղկեփունջ նվիրել: Նշանտուքին վկա էին կանգնել լուսինը, աստղերը և տխուր գիշերը: Համբուրեց Սերոբը Մանուշի այտն՝ առանց աղջկանից իրավունք հարցնելու և բարձրացավ լեռները՝ իր սեր էրգիրը պաշտպանելու.խառնակ օրեր էին: Մանուշն ուզեց լացել, բայց չհասցրեց.մայրը տնից կանչեց, նախատելով, որ ջահել աղջիկ գիշերը այգի էր գնացել: Եվ Մանուշը լացը խեղդեց իր հոգում, իսկ մատանին ու սիրո առհավատչյա ծաղկեփունջը թաքցրեց աշխարհից՝ պահելով հագուստի ծոցում՝ սրտին մոտ:

— Մայրիկ, տատիկն ինչու՞ այգի չի եկել,- ձայնեց Անին:

— Տատիկը հիվանդ է աղջիկս,- տխուր պատասխանեց մայրը և շտապեց բժշկին կանչելու:

Թոռներն արագ իրար նայեցին և, թողնելով սիրելի խաղը, տուն շտապեցին՝ հիվանդ տատի մոտ:

Մանուշ տատը ծանր էր շնչում:

— Տատիկ, սիրտդ ինչ է ուզում,- լացակումած հարցրեցին թոռները:

— Տատը նշանով հասկացրեց, որ ուզում է նստել: Փոքրիկ թոռները մեջքի տակ բարձ դրեցին:

Տատը հայացքով գրկեց թոռներին, միայն նոր կարծես նկատեց, որ նրանց բոլորի աչքերը

կապույտ են, էրգրի երկնքի պես կապու՜յտ, կապու՜յտ:

«Չէ′, թուրքը չկարողացավ մորթել հայոց կապույտը, չկարողացավ մորթել հայոց ապագան, չէ′, չկարողացավ», — խաղաղ ժպտաց Մանուշ տատը:

— Էհ, բալեքս, ծերացել է ձեր տատիկը, ծերացել-փոքրացել եմ,- ծիծաղեց բարի՜, բարի՜, գնալուս ժամանակն է: Անի, ծաղիկս, ջուր տուր:

Խմեց տատը, բայց ծարավը չհագեցավ. Կարոտի ծարավ էր:

— Ու՞ր ես ուզում գնալ, տատիկ, այնտեղ, ուր հոգի՞դ է:

— Այնտե′ղ, ուր հոգիս է, բալես:

— Տատիկ, բայց այնտեղը՝ քո էրգիրը, դատարկ է: Այնտեղ, ու՞մ մոտ ես գնալու:

— Սիրո մոտ, աղջիկս: Այնտեղը միայն իմը չէ, զավակս, այնտեղն ամեն հայի հայրենիքն է: Այնտեղն էրգիրն է, իսկ էրգիրը, աղջի′կս, մի′շտ հիշիր, սեր է: Էրգիրը սեր է:

— Էրգիրը սեր է,- մտքում կրկնեց Անին: Տատիկը կամ զառանցում է կամ ես չեմ հասկանում նրան, բայց երբ մեծանամ անպայման պետք  է իմանամ, թե ինչ է նշանակում էրգիրը սեր է,- որոշեց Անին:

— Էրգիրը սեր է,- թոթովեցին թոռները, և հոգնելով ծանր շնչող տատի մոտ նստելուց, դուրս վազեցին, իսկ արևն այնպես պայծառ էր շողում, լուսամուտից ներս խուժող ճառագայթներով Մանուշ տատի սիրտը տանելով հեռուն:

Գաղթ սկսվեց: Որդին կորցրեց ծնողին, մայրը՝ զավակին, ամուսինը՝ կնոջը, կորցրին իրար, հայը՝ հային: Կորցրեցին, գոռացին, փնտրեցին, գտան ու էլի կորցրին: Գաղթ էր…

Որդին ու հարսը տխուր փակեցին տառապած Մանուշ տատի աչքերը և երբ վերմակը քաշեցին, տեսան ձեռքերը սրտին ամուր դրած, մատնեմատին՝ մատանի, ծոցում՝ սրտին մոտ, թառամած ծաղկափշուրներ: Մանուշ տատն էլ չկար, հայացքը լուսամուտից ներս խաղացող արևի շողերով երկնքին հարց էր հղել`«Փրկվե՞լ էր արդյոք Սերոբը», և պատասխանի հետևից էր գնացել:

 

 

 

 

Ընթերցել նաև