Արտասահմանյան պոեզիա Թարգմանություն Պոեզիա Պոեզիա

Ասիա Ջեբար. «Սևեռումներ»․ բանաստեղծական շարք

Նա հեռանում էր,
ու առավոտը լալիս էր տխուր՝
շամբուտին թիկնած:
Ես զարդարում էի իմ հին եղևնին,
ես լուռ հիշում էի նրանց, որ չկան…

*

Իմ քաղաքի նման տխուր են աչքերդ, տղա՛,
իմ քաղաքի նման որբ է սիրտդ:
Ես էլ քեզ նման, ավելորդ եմ, տղա՛,
ես էլ քեզ նման՝ խիստ ուրիշ մաշկով…

*

Ես ամեն օր կսպասեմ քեզ՝
շուկայի մոտ չարչիների թաղամասի,
ես ամեն օր կերգեմ քո սիրած երգը:
Աշխարհը կպտտվի կրծքիս տակ՝
կլինեմ կողմնացույցը քո,
աշխարհը կմանկանա հայացքումդ՝
կլինեմ կախարդական իլիկ…

*

Ինձ կմնա մայրամուտը բոլոր անցած փոթորիկներից հետո:
Կյանքի պտտահողմում կկորչեն տառապանքները,
Կչորանան մորմոքների մացառուտները,
Արևը միշտ կախաղանված կլինի երկնքին,
Մարդիկ, ովքեր ցերեկը գիշերեցին իմ սև մաշկին`
Կարտասվեն վերջին աշունը փեշին սպիտակ ծովահարսների,
Ես` կմնամ գաղտնի երգը, վերջին սերը բորբ մայրամուտի,
Որովհետև ես Աստծո զայրույթից ծնված կին եմ`
հրկիզված երկնքից երկիր ընկած մոխրի մի փոշեհատիկը,
Ամենասև բիծը անհնարինորեն սպիտակ խղճին՝
Ձանձրալիորեն հնարավոր աշխարհի:

*

Ալժի՛ր, քաղաք իմ սևահուշ,
Ամեն ընկած զինվորդ
վերմակ է հողի համար,
ամեն աստղիդ մեջ՝
թշնամուդ ներած
մանուկների ծիծաղը,
որ հրեշտակներ դարձան…

*

Տարիները սարդոստայն են հյուսել դեմքիս,
տարիները մշուշել են հայացքս՝ հետ նայող:
Ոչ մի թփի տակ ես չեմ փնտրում քեզ,
ոչ մի ծառի տակ չեմ հյուսում պսակ:
Ինձ միշտ թվում է՝ ձմռան մի գիշեր
դու կգաս իմ տուն,
ինձ միշտ թվում է ձմռան այդ գիշեր
Աստված կների չլինելս քեզ…

 

 

Թարգմանությունը՝ Մարգարետ Ասլանյանի

Շերշել/Ալժիր

 

 

 

 

 

Ընթերցել նաև