Արձակ Էսսե Հայ արդի արձակ Հայ արդի գրողներ

Աշոտ Ստեփանյան․ «Ստվերոտ պատեր»․ էսսե

 

Մենք նստած ենք այս դատարկ ամառանոցի կիսաստվեր սենյակում: Կատուները անցնում են կապկպված մարմինների վրայով. սարսուռ, ձեռք, աչք, սենյակը փոքրանում է: Ո՞ւր ես: Էստեղ եմ: Կիսագնդիդ մեջ, աչքերիդ ներսում, կիսասրտիդ թմբկաթաղանթում: Կատուները անցնում-դառնում են, պատերի վրա գլուխկոնծի տալիս, ընկնում ոտքիդ: Ես: Ես չկամ: Դու եկար: Կիսաստվեր, աղմուկ, մլավոց, մեկ, երկու, Pink Floyd: Մատներ` անցնում են կոպերիդ վրայով, արցունք, մենք անմահ ենք, անմահները չեն լացում այս պատերի մեջ: Թքած թե չենք մահանում, թքած թե միայնակ չենք միասին: Գույն, անգույն, աչքերի փայլ, ժանտախտ, փտախտ, ոտքիդ տեղը սիրտդ կտրեցին… Մենք կորած ենք, պատի խաչերը գլխի վայր շուռ եկած, արցունքները չորացած, հոգիները ինքնասպունություն գործած, գրքերը վառված: Տունը տաքացրած, բայց լքված: Մարմինդ անէանում է ու դուրս շպրտում քեզ իմ գիտակցությունից: Ես նայում եմ քեզ, դու` կատուներին: Շեկին բռնում ես ու բզկտում, հանում աղիքները, կապում գլխիդ, բարձրանում աթոռի վրա ու ծիծաղում: Քանդվում ես ու հավաքվում: Ի՞նչ ա լինում, երբ մարդը երկու անգամ է մահանում: Ջուրը բացել ես, որ տունը խորտակես: Նոյին ասել ես, որ չկանչի մեզ, որովհետև կենդանի չենք: Կենդանի մեռել: Շոշափում ես ինձ, քեզ, երգը, որը տանում է անսահմանություն: Տան մի անկյունում գույներ են, մյուսում` անգույնություն: Չէէ, անգոյություն: Կատուները շարունակում են փնտրել` ինձ, քեզ, Նոյին: Չկան, խեղդվել են, շատ էին խոսում: Կատուները կուլ են տվել ինձ ու քեզ էս փոքր սենյակից: Հիմա քաոս է, ջուրը լցվում է տուն, կարծես գլխներիս վրա պատ չլինի: Նոյը դուռը ծեծում է, ասում, որ կփրկի, գոռում ես փրկված ենք վաղուց: Ուզում ես գրել դրա մասին, մատներդ փշրվում են գրիչդ վերցնելուց: նը-նը-նըըը-նը: Ամառանոցը աղբի է վերածվել, մենք թեյում ենք, կարծես` ոչինչ էլ չի եղել: «Անջատիր էս գրողի տարած երգը, սիրտս չի դիմանում, խնդրում եմ»,- աղաչում ես դու: Ես ժպտում եմ ու ֆռթացնում թեյը: Քո արցունքների բաժակն է, հետը շաքար եմ խառնում, բայց մեկ է զգում եմ` դառն է: Անհավատալի է, որ դու կարողանում ես արցունք արտադրել: Կարծես արցունքի գործարան լինես, որտեղ աշխատում են հույզերը: Չեմ հավատում: Կործանում ես ինձ քո դառնացած վախերով: Սամբուկայից ուժեղ է, հորդ քաշած արաղից էլ: Մեկը մտել է գործիքներով էդ անդունդդ ու սկսել է պատրաստել: Հիմա սեղանին է, գիտեի թեյ է: Ատում եմ էս ամենը քեզ, ինձ, տունը, մոլորակը, պատիցս կախված ու շրջված խաչերը: Ծխենք: Չեմ ծխում: Ինչի՞: Որ ծխեմ էլ չեմ ուզի ապրել: Թե չէ մինչև էդ ապրում էիր: Ո՞վ ասեց: Ես: Դու ո՞վ ես: Քո կատուն: Բա ես ով եմ: Քո երգը: Ինչ երգ: Էն որ հարյուր տարին մեկ ա ծնվում: Դու էլ էն կատուն, որ չի հեռանում: Հա՞: Հա՛: Լցվում է տունը: Ուզում ես լողանանք: Չէէ: Ուզում եմ ջրի տակ մազերս հարդարեմ: Սպասի: Ան: Միացրա: Ուր ես: Չեմ տեսնում: Խեղդվեցիր, նորից, չհասցրի: Ինչ անենք բա: Թեյ լից: հետո էլի լից, շատ լից, անսահման ուզում եմ հետդ թեյել: Չենք մեռնի չէ: Մոռացել ես: Ի՞նչը: Մենք արդեն քանի անգամ մեռել ենք: Դու էլ ուր գնում ես, հայտնվում ենք այստեղ, ամառանոցում, թեյելու, մոռանալու, Pink Floyd լսելու, վերանալու, անէանալու, ստվեր դառնալու…

 

 

 

Ընթերցել նաև