Հարցազրույց

Աշոտ Խաչկալյան․ «Ինձ համար չկար ամենասիրելի նկարիչ, կար միակը` Մինաս Ավետիսյանը»․ հարցազրույց

 

Մանկությունս․․․

 

Լենինականն է (ներկայիս Գյումրին), Ձորի թաղը: Տատս, մայրիկս ու եղբայրս են մանկությունս։: Հայրիկիս չեմ հիշում․ մահացել է, երբ ես երեք տարեկան էի: Հորեղբորս ուսերին նստած ֆուտբոլի գնալն էր մանկությունս, Արփաչայում լողալն ու տաք քարերին պառկելը: Արևի, փոշու հոտն է, առավոտյան բակն ավլող տատիկիս ավելի քստքստոցն է: Մանկությունս՝ արև, ժպիտ ու կյանքի նկատմամբ սերն է:

 

Արվեստի հանդեպ սերը․․․

 

Նկարել, ավելի շոտ գծել, սկսել եմ շատ վաղ, նույնիսկ չեմ հիշում: Ցանկացած թղթի կտորի վրա դնում էի տարբեր առարկաներ ու գծում: Առաջին լուրջ աշխատանքս եղել է «Խաչելություն»-ը՝ A1 չափի թղթի վրա: Կարծեմ 10 տարեկան էի: Ու երբ «շնորհալի» երեխային տարան մանկական պատկերասրահ՝ իր աշխատանքներով, դիտողների զարմացած դեմքերն եմ հիշում՝ «Բալիկ ջան, քեզ համար դեռ շուտ է այս թեմային անդրադառնալ»․․․:

Դե, տեսել էի եկեղեցում, ու տպավորվել:  Խորհուրդ տվեցին միանգամից գնալ նկարչական դպրոց, և քննությունները հաջող հանձնելով՝ ընդունվեցի:

Նկարչությունն իմ հույզերը, սերը, ժպիտը, այո՛, ինչու ոչ՝ հումորը, մարդկանց տալու միջոց է: Ես չեմ աշխատում, երբ աշխարհից դժգոհ եմ, զայրացած: Չեմ ուզում ցավ, վիշտ, դժգոհություն լինի կտավներումս: Կյանքում դրանք բավական են, նկարի միջոցով մարդկանց տալ չեմ ուզում: Գուցե դա էլ է պետք: Կան անողներ:

Դիտողին, իմ կարծիքով հույս է պետք տալ, սեր, լուսավոր կետ:

 

 

Գույնը․․․

 

Գույնը մոգական ուժ ունի: Գույնը գեղանկարչի շարունակությունն է:

Գույնի զգացողություն հնարավոր չէ սովորեցնել, այն կամ կա, կամ ոչ: Գույնի կուլտուրան ներաշխարհի հետ է կապված:

Ինձ համար գույնը զգացմունքներիս արտահայտման միջոց է:

 

 

Ժամանակակից արվեստի հիմնախնդիրը․․․

 

Ժամանակակից գեղանկարչության հիմնախնդիրներից մեկը համարում եմ մարդու՝ բնությունից կտրվելու տենդենցը: Ճանաչման ճանապարհ է դարձել սկանդալայինը, աղմուկը: Գեղանկարչությունը դառնում է ակտուալ խնդիրների լուսաբանման միջոց: Իհարկե, նկարիչը նույն հասարակության մասնիկն է, և այն, ինչ կատարվում է վերաբերվում է նաև իրեն, ուղղակի չեմ կարծում, որ նկարիչն իր վրա պիտի վերցնի լուսաբանելու ֆունկցիան: Նկարիչը, կարծում եմ, պիտի ֆիքսի ժամանակը՝ ոչ մամուլային մեթոդներով:

Լուծումը հասարակության առողջանալու մեջ է, երբ նորմ կլինի Մարդ լինելը:

 

 

Երևանը․․․

 

Երևանը շատ եմ սիրում, սակայն թող չնեղանան իմ սիրելի երևանցիները, իմ Մոիդան իմ Գյումրին է: Գյումրու կոլորիտը չեմ ուզում համեմատել ոչ մի քաղաքի հետ, այն իմ մեջ արմատներով է նստած:

Երևանյան աղմուկներում ոչինչ չեմ փնտրում, ես այն վայելում եմ: Այն տարբերվում է ալյ քաղաքների աղմուկից, ավելի հարազատ է, ճանաչելի: Տարվա ընթացքում շատ չեմ լինում Երևանում, սակայն սիրում եմ տարվա տաք եղանակների երեկոյան եռուզեռը, սրճարանների բվվոցը, մարդկանց անշտապ ճեմը, հարազատ դեմքերով լի փողոցները:

Չեմ սիրում այդ աղմուկի մեջ մեքենաներից դուրս հորդող բարձր երաժշտության ձայնը, կարևոր չէ, թե ինչ է հնչում՝ ռաբիս, ռոք, փոփ:

 

Նկարչի օրագրից․․․

 

Պատրաստվում էի ցուցահանդեսիս, վերջին երկու աշխատանքն էի անում: Անքուն գիշերները մնացին հետևում: Առավոտյան վերջացրի ու հանգիստ խղճով գնացի քնելու: Այն ժամանակ արվեստանոցս տան երկրորդ հարկում էր: Ինձ արթնացրեց կնոջս ճիչը: Վազեցի դեպի ձայնը․ արվեստանոցից էր: Բարձրանամ ու ի՜նչ տեսնեմ․ երկուսուկես տարեկան աղջիկս, ամբողջովին ներկի մեջ կորած, վրձինը ձեռքին աշխատանքներիս վրա «սխալների ուղղում» էր արել: Դեմքն այնքան շվարած ու վախեցած էր, որ չկարողացա նույնիսկ բարկանալ: Ծիծաղեցի, ինքն էլ ծիծաղեց: Այդ կտավներին ձեռք չեմ տվել, հենց այդ «ուղղումներով» ցուցադրեցի: Կից թղթիկին ավելացրի «համատեղ՝ աղջկաս հետ»:

 

Ներշնչանքը․․․

 

Ներշնչանքս բնությունն ու կինն են: Երբ մարդը ներդաշնակ է ներքուստ, նա ներդաշնակ է նաև դրսից: Առանց ներքին ներդաշնակության, բնության մասնիկ լինել չի ստացվի: Բնության մեջ ամեն ինչ ներշնչանքի առարկա է, միայն տեսնել է պետք, ոչ թե նայել: Թե՛ բնությունը, թե՛ կինը հավերժական ներշնչանքի աղբյուր են:

 

 

Գրականությունը․․․

 

Արդի հայ գրականություն, եթե նկատի չունեք Սևակ, Պարոնյան, Սարոյան և շատ շատերին, չեմ կարդում:

Սիրում եմ Վ. Սարոյան, Հ. Սահյան, Պ. Սևակ Հ. Հեսսե, Ա. Քամյու, Կաֆկա, Կ. Գամսուն, Գ. Մարկես, Ֆ. Դոստոեվսկի, կարող եմ երկար շարունակել, լավ գրողներ շատ կան: Չեմ փորձել զուգահեռներ տանել գեղանկարչության ու գրականության միջև, սակայն կարծում եմ՝ գրողներն էլ նկարում են բառով: Գրականությունը ինձ շատ բան է տվել ու շարունակում է տալ, ինչպես և երաժշտությունը:

 

 

Ժամանակ և սերնդափոխություն․․․

 

Ժամանակը հզոր բան է: Կարևորը՝ մեզ յուրաքանչյուրիս տրված ժամանակը օգտագործել ճիշտ: Զբաղվել սիրած գործով: Աշխատել թողնել ավելի արժեքավոր, հոգևոր բան, քան նյութականն է: Ներկայիս սերունդը գեղեցիկ, մտածող, ազգասեր, պայքարող է: Նրանք մեզանից լավն են, բանիմաց: Խոտան էլ կա, բայց առանց դրա չի լինի:

 

 

Հավատում եմ․․․

 

Հավատում եմ, որ մեր ապագան մեր ձեռքում է, և բանականությունն ու հայ ազգի միասնականությունն է մեր ապագայի գրավականը: Հավատում եմ որ ամեն ինչ լավ կլինի:

 

 

Բոլոր ժամանակների ամենասիրելի նկարիչը․․․

 

Երբ ես առաջին քայլերն էի անում արվեստի անսահման տիրույթում, ինձ համար չկար ամենասիրելի նկարիչ, կար միակը` Մինաս Ավետիսյանը: Տարիների ընթացքում տեսա բազմաթիվ ու բազմապիսի նկարիչների աշխատանքներ: Հիմա չկան միակներ, կան մեծություններ՝ թե՛ հայազգի, թե՛ օտարազգի, և այդ ցուցակը բավական երկար է:

 

 

Լուսանցքից դուրս․․․

 

Երիտասարդ ժամանակ մտածում էի, որ ամեն ինչ գիտեմ, հիմա գիտեմ, թե ինչքան չգիտեմ: Ես ամեն օր սովորում եմ, նոր բացահայտումներ անում, զարմանում, ուրախանում: Մարդը չպիտի դադարի սովորել, կյանքն այնքան հետաքրքիր ու բազմազան է, որ սովորելու շատ լավ բաներ կան:

 

Լուսանկարները՝  Աշոտ Խաչկալյանի արխիվից

 

 

 

 

Զրույցը վարեց՝  Մարգարետ Ասլանյանը

© Երևանյան Էսքիզ 2020

 

 

 

 

 

 

 

 

Ընթերցել նաև