Հարցազրույց Հեքիաթ Մշակույթ

Աշոտ Ալեքսանյան․ «Հեքիաթը վերջնական մոռացությունից փրկության ելք գտնելու հավերժամուխ հիշեցումն է»․ զրույց

 

 

Ինչպես որ ժողովրդի ծոցից ելած հեքիաթներն են անգիր՝ ո՛չ գրաբար երևույթ և ավելի ուշ են միայն գրի առնված, այնպես էլ՝ հեքիաթի մասին մեր գրավոր դատողություններն են ընդամենը ժամանակախախտ վարկած, մանավանդ որ հեքիաթաստեղծումի տեղորոշման հարցը մշտապես մնում է բաց: Հեքիաթապատումի՝ մեր մարդկային ճանաչողական գործառույթին սպասարկու տեղանքը անչափ խախուտ է, մանավանդ որ հեքիաթի բարոյախոսական արժեքը մեզ համար ըստ էության կարևորություն է ձեռք բերում, չլինելով հոգեբանորեն հավաստի և տրամաբանական: Ասվածը, թերևս, հարկ կլիներ ապացուցել, եթե չլիներ զգայականորեն բացահայտ: Հեքիաթի մշտահմա ներկայությունը մեր կյանքում գալիս է ապացուցելու, որ որքան մարդս առաջադիմում է իր իմացության մեջ, այնքան կորցնում է ինքն իրեն և իր ու աշխարհի միասնությունը, ընկղմվելով կեցության մոռացության մեջ: Հեքիաթը հենց այդ վերջնական մոռացությունից փրկության ելք գտնելու հավերժամուխ հիշեցումն է: Քանի որ մարդս, անգամ ամենաիմաստուններից իմաստնագույնը, մշտապես տենչալով տենչում է մի աշխարհ, ուր բարին ու չարը, որպես նախաճանաչողական գիտելիք, հստակորեն տարբերակված են, քանզի, ժամանակավոր գոյություն լինելու պատճառով, մահկանացու մարդուս մեջ անգիտակից ձգտում է ներդրված ճանաչելու ողջը և ամբողջը, և ըստ այդմ դատելու՝ նախքան հասկանալն ու մտապահելը: Այս իմաստով, մանկության հեքիաթները, մեծահասակի հետահայաց դիտակետից, իրական աշխարհը ճանաչելուն միտված զարտուղի, բայց հաստատուն գիտելիք է, հորինաստեղծ պատրանքներին տրվելու բնազդային հակում, ինչը մարդուն վերադարձնում է արարչության երբեմնի թագն ու պսակը լինելու բանիբուն ակունքին:

Իմ մանկության, չասեմ ամենասիրած, սակայն հիշողությանս մեջ առընդմիշտ տպված հեքիաթը Ղազարոս Աղայանի «Զանգի-Զրանգին» է: Ո՛չ այնքան այն պատճառով, որ նրանում պատմվող գործողություններն են անսովոր, հաճախ անբնական և ունկնդրին անակնկալի բերելու աստիճան տպավորող, որքան այն, որ այդ հեքիաթը ես բազմիցս լսել եմ իմ հայրական մեծ պապի շուրթերից, որ ամեն Աստծո շաբաթ օր, իր բարձրադիր թախտին ընկողմանած, պատմում էր մեզ՝ հատակին ծվարած ու վիզներս դեպի իրեն երկարած մանկամարդ ծոռներիս: Հիշում եմ, որ այդ հեքիաթը մենք՝ հատակին նստոտած երեխաներս էինք միաբերան պատվիրում նրան վերապատմել, մանավանդ որ ամեն անգամ ձանձրանում էինք իբրև նախամուտք՝ Սասնա Ծռերի մասին պատմող նրա նախասիրած հայտից, մանավանդ որ էպոսը մեծ պապս պատմում էր իր լսած մայրենիով՝ Խլաթի խոսվածքով, որն ինչպես հետագայում պարզեցի, մի միջանկյալ տեղ էր զբաղեցնում Վանա և Մշո բարբառների միջև, և որից մենք՝ իր հեռավոր շառավիղներս, ոչինչ չէինք հասկանում: Միայն հիշում եմ, որ Դավիթը Մսրա Մելիքին երրորդ և միակ զարկը հասցնելու համար մի զվարճալի անունով և երբեք էպսի որևէ պատումում հետագայում չհանդիպած քաղաքից էր արշավում, և այդ քաղաքի անունն էր Մուսասիր, որ մեծ պապս արտաբերում էր Մուծծածիր տարբերակով: Հիշում եմ, որ դա էպոսի միակ տեղն էր, որ երեխաներս սպասելով-սպասում էինք, թե ե՞րբ էր գերդաստանի մեծը, իր յուրահատուկ առոգանությամբ, մի քանի անգամ արտասանելու այդ զավեշտալի անունը՝ Մուծծածիր: Ինչպես հետագայում պարզեցի՝ նույն ինքը Վանի թագավորության մեկ այլ անվանումով հայտնի Արդինի կրոնանիստ պաշտամունքային կենտրոնատեղին էր, Խալդի աստծու նստավայրը: Մուծծածիրից հետո պատմվող անցքերից մեր գլուխները ոչինչ չէր մտնում, քանի որ մեծ պապիս բարբառախոսվածքից ոչինչ չէինք հասկանում, ուստիև բոլորս միաբերան թախանձագին խնդրում էինք նրան պատմել Զանգի Զրանգիի «վախենալու» հեքիաթը: Պապս, կարճատև դադարից հետո, սիրահոժար կատարում էր մանուկներիս պատվերը՝ մարդակեր աղջկա, կույր ծեր ամուսինների, քաջքերի ու առյուծանման գամփռների մասին:

Այս հեքիաթում, ինչը բնորոշ է ժանրի շատուշատ նմուշներին, տրամախոհական-պատճառակցական գիծ կարելի է ասել ընդհանրպես չկա, և եթե կա՝ շինծու է կամ բազմաթիվ հեքիաթային իրադրություններից անհմուտ մկդակված կարկատան, ուրիշները կասեն՝ իրապատում և հրաշապատում հեքիաթների հմտորեն համադրված ամբողջություն: Պապս այնպես էր այս հեքիաթը պատմում, որ մարդու զարզանդն էր գալիս, թեև պապիս անունը Զոհրապ էր և ոչ Զարզանդ, ինքն էլ բարի էր ու հոգատար, բայց չգիտես ինչու նրա բոլոր պատմությունները մեր սիրտն ահ ու սարսափ էին գցում, ինչպես տարիներ անց Էդգար Պոյի սարսափազդու նովելները: Մեծ պապս այս աշխարհը լքեց, որովհետև այս աշխարհը մարդկանց, թեկուզ բարի ու հոգեշռայլ, երկար չի հանդուրժում իր մակերևույթին և մի պոյյան  սև ագռավի կյանքի տևողությունն էլ, Աստված շատ չհամարի, բայց համարում է, և հեքիաթի հոգեբանական խորությամբ չփայլող անտրամաբանական շղթայի հանգույն ընդհատում է այն, ինչը դեռ ապրելու տենչ ու հավակնություն ունի:

Հեքիաթասացները մահանում են և միայն հեքիաթն է, որ չի մեռնում, քանի որ այն իրական կյանքի պարզմիտ նմանակում է և այդքանը միայն: Իսկ հեքիաթի ծիրից դուրս մնացած մարդկային կյանքերն ավարտվում են Սասնա Ծռերի խլաթապատումի անհասկանալի ելևէջանքին բախվելով, որից միայն այն մի զրնգուն Մուծծածիր հնչյունակազմը մնաց ու մեր երկյուղած՝ այսահար դեմքերը՝ Զանգի Զրանգիի հեքիաթին սպասող:

 

 

 

 

© Երևանյան Էսքիզ 2020

 

 

 

Ընթերցել նաև