Արձակ Էսսե Հայ արդի արձակ Հայ արդի գրողներ

Աշոտ Ալեքսանյան․ «Աշխարհաքաղաքական շիլաշփոթ»․ էսսե

 

 

Աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախ ոտքը: Գլուխը՝ կոնքատակից սպրդած, դուրսպրծուկ ակնախոռոչները պլշել է ռունգերից արտա-զատվող ծխաքուլաներին: Ձախ ազդրը՝ մինչև գոտկատեղը կոնքամիսն ընդգրկած, ինքնորոշվելու կռիվ է մղում, մինչ աջը անվերադարձ փախստյան հովերով է տարված: Որովայնաթաղանթը, քափ ու քրտինք կտրած, տրաք-տրաք է գալիս ներսում քլթքլթացող լորձախորխի բարձր լարման տեղապտույտից: Ճողվելու ինք-նակեղեքիչ մոլուցքին անձնատուր մարմինը արյունաքամ է լինում դուրս ու ներսից օդակաթիլային ուղիներով ներարկվող թունաքիմիկատների մահացու պարբերաչափից: Հոգին վաղուց ինքնորոշվել, մարմինը լքել ու թրևում է մոխրացած ճամփաների ինքնանպատակ ձգվող ոլարաններում…

 

Վիճակը նետված է: Ողջամտության հակոտնյա դևը` պոստմոդեռն, հետինդուստրիալ հասարակության բղջախոհ, «պրագմատիկական» ուղեղն ու ինքնահավան, անմեղսագիտակ մեծամոլության չարիքի որոմը իր լայն բացված գազանային հայացքի մեջ տեսել ու արդեն իսկ ճանաչել է իր ընդոծին զոհին, առաջի արկանյալ իրը` ցանկալի ավարը և իր ողջ ներքին բնազդային մղումով, որկորով ու աղիներով, հախուռն խոյահարությամբ ու անստգյուտ հափրանքով ընթանում է նրան իսպառսպուռ տիրանալու:

Ախորժելին խժռելու պատրաստ անդիմադրելի մոլուցքը կրծում է հտպիտ ընչաքաղցության գալարափող որովայնը, ստոծանու տակից արտահեղվող սպունգն ու լեղին ցայտեցնելով ինքնակեղեքման զարհուր տեսլականի ուղղությամբ: Աշխարհը ցնցվում է հայտնութենական ծղրիդների մահասփյուռ երախներից արտաժայթքած թույն ու քակորի թուխպ ու ծխագոլորշուց: Արևամուտի քաղաքակրթության մեծամտության ու անսխալականության բարդույթի շաղախից հունցված թաղկացյալ ուղեղը տրաք-տրաքներ է տալիս աշխարհադղորդ, շլացուցիչ վառքի պեծպեծանքներից կուրացած: Լուսնեղջույրի առաջ կաղկանձաձայն հաչաղկոտող հռոմեական գայլը, Վատիկանի օրհնությամբ իր պաշտոնում վերահաստատյալ, այնպիսի մի սրտապատառ գլխահակությամբ է ընդառաջ վարգում իր իսկ ձեռքով լարած ծուղակին, երևութական ու աներևույթ որոգայթին, ինչպես եթե շվայտ ու զեղխ կերուխումի պահին ժանտախտը հանկարծ սրարշավի` մահվան գերանդին թափահարելով:

Արևի տակ ինքնահաստատագրվելու հերթապահ հովերով տարված անհագուրդ հայրենասիրական մոլուցքը՝ ընդելուզված աստվածընտիր ազգերի, հոգեշնորհ ու ազգընտիր առաջնորդների ապերասան խարխափումին, գիրկընդխառն, մա՛հ կամ վերջնակործանու՛մ կարգախոսով, բոլորեքյան դուրս են եկել տիեզերական բաց ծով՝ կռիվն աստղերի մեջ հանգուցալուծելու վճռականությամբ: Սեփական դրամագլխի մեծությանը, զինարվեստի նվաճումներին ու արհեստավարժ կառավարման փորձառությանն ապավինած Արևամուտի չքողարկված ծավալապաշտական նկրտումներին ու ժողովրդավարության փրկօղակին կամա-ակամա կառչող մանրումիջին երկրները, և այդ ահագնացող միտումին ընդդիմացող հումքապաշարային, այլև սպառողաշուկայական Արևելքի նվաճողական ժողովրդագրությունն ու մերձավորարևելյան ծագման կրոնախևությունը բացահայտ առճակատման են գնում՝ հանուն և ի նպաստ սեփական դիրքերն ամրացնելու աշխարհաքաղաքական շահերի: Երերացող հավասարակշռությունը խաթարվելու շեմին է, և միայն ՀՐԱՇՔՆ է ի զորու կասեցնելու գործի մեջ դրված անողջախոհ խելահեղությունը, կանխելու մարդկության գլխին առկախված համաղետը:

Աշխարհակալ պետությունները, մանր ու միջին երկրները, իշխանավորներն ու կուսակցությունները, կրոնավորներն ու հասարակ մահկանացուները, Մեծ Անհայտին դեմ-հանդիման կանգնած, ցնծում ու ուրախություն են ապրում, երկրպագում բիրտ ուժի հաղթարշավը, տարփողելով ատամն ընդ ատաման պատվիրանացուն, չգիտակցելով կամ գիտակցելով, որ անհնար է գրկել անընդգրկելին, որ անհայտը չի կարելի թևատարած ընդունել, զի, իվերջովերջ, չարաբաստիկ վախճան է կանխագուշակվում` աղետաբեր հետևանքներով: Աշխարհային այս թոհուբոհի մեջ գլուխները կորցրած քաղաքագետ-ուղեղակիրների ստերջ ոհմակը մի կատարյալ համաղետ է պատրաստում մարդկության փայփայած տվնջյան անուրջին` ի խույզ երկրների ու քաղաքակրթությունների խաղաղ համագոյակցության տեսլականի: Ժամանակակից քաղաքակրթությունը եկել-հասել է մի վտանգավոր սահմանի, որից անդին միայն մթնոլորտը լիցքաթափելով է հնարավոր ապահովել կյանքի հարատևումը երկիր կոչված այս խորխորատում:

Նեռի ծնունդը այլևս կարելի է որպես եղելություն սեպել: Տարակուսելու չէ, որ նրա վերստին հայտնության համար ամենայն ջանադրությամբ պարարտ հող էր նախապատրաստված, ուստի և չարիքի որոմը մայր հողի մեջ իր մահը գտնելով` վերստին ծնեաւ ի մեռելոց: Ընդ որում` ծնողը և ծնվողը միմյանց նկատմամբ ամենասերտ պատճառակցական կապի մեջ են գտնվում` մեկ-ամբողջություն կազմելով:

Հայտնութենական այս համայնապատկերում, սակայն, մեզ համար հույսի դուռ է պատկերանում մարգարեական հաղորդումն այն մասին, թե իմաստուն մարդը կիշխի մոլորակների հեռազդեցությանը` նրանց ուղղություն տալով և միայն վերջին պահին ետ կկանգնի իր խելագար բնազդներից: Քրիստոսը կվերադառնա մարգարեաբար ասված ժամանակների վերջում` կարգ հաստատելու թնդանոթների վաճառականների մեջ, ինչպես որ ժամանակին հաստատել էր Տաճարի վաճառականների մեջ:

 

 

 

Ընթերցել նաև