Արձակ Արտասահմանյան արձակ Արտասահմանյան գրողներ Թարգմանություն Նամակ

Անտուան դը Սենտ Էքզյուպերիի նամակը Նատալի Պալեին

Ես հավատում եմ Գաբրիել հրեշտակապետին: Բայց, ինչպես երևում է, նա հայտնվում է այլ կերպարանքով:
Ես հաստատ գիտեմ. ինձ հենց նոր առան թևերի մեջ: Վերջին տարիների ընթացքում առաջին անգամ ես փակեցի աչքերս: Հանգստություն զգացի սրտումս: Ինձ պետք չէ այլևս ճանապարհ փնտրել:
Ես միշտ աչքերս փակում եմ, երբ երջանիկ եմ լինում: Այդպես փակվում են դռները շտեմարանի: Լեփ-լեցուն շտեմարանի: Դու իմ հացն ես օրհնած :
Այո՜, ես քեզ ցավ եմ պատճառում: Այո՜, դու ինձ ցավ ես պատճառում: Այո՜, մենք տառապում ենք: Այդպիսին է մարդկային ճակատագիրը:
Հանդիպել գարնան՝ նշանակում է ընդունել ձմեռը: Ուրիշին բացել՝ նշանակում է հետո տառապել միայնության մեջ: (Ինչքա՜ն անհեթեթ են հեռախոսային զանգերը, հեռագրերը, վերադարձող ինքնաթիռները. մարդիկ մոռացել են ապրել ներկան):
Չվախենալով հավաքել իմ անդարմանելի վիշտը՝ ես անձնատուր եմ լինում անհոգությանը:
Երանելի գալիք ձմեռ: Ես չեմ խնդրում ինձ ազատել տառապանքից: Ես խնդրում եմ ինձ ազատել երազից, որն ինձ պարտադրել է սերը: Այլևս չեմ ուզում ողորկ օրեր, տարվա չընկալված եղանակներ, չեմ ուզում երկրագնդի անիմաստ պտույտ, որը ոչինչ չի տալիս ու չի վերցնում:
Այնպես արա, որ ես սիրեմ: Ինձ լույսի նման անհրաժեշտ դարձրու:
Ես գիտե՜մ, թե որքան շատ արգելքներ կան, գիտե՜մ, թե որքան հաճախ եմ ես ընկնում չգոյության մեջ, թախծում եմ: Գիտեմ՝ ինչքան պարտավորություններ, թերություններ, հակասություններ ունեմ ես. ամենաիսկական անկատարություն: Բայց դա ընդամենը տեսանելին է:
Ոչինչ, որ հիմա ամենուր անկարգություն է: Դարձի՜ր լույս:
Իմ սիրելի.. վաղուց չէի ասել այդ բառը: Այն ինձ համար քաղցր է, ինչպես ամանորյա նվեր: Գիտե՞ս, երեկ երեկոյան ես ինձ զգացի արվարձանի այն մրոտված սևագործ բանվորի պես, ով հանկարծ իր առջև տեսնում է մարգագետին փռված և սպիտակ խճաքարերով մի առվակ:
Ես անմիջապես փակեցի աչքերս՝ պահելու համար այդ զարմանահրաշ տեսիլքը:
Թարմություն բերող ճերմակախիճ իմ առվակ, ջուր երգող , իմ սիրելի…

Անտուան

1942

 

Թարգմանությունը՝  Նունե Մովսիսյանի

Ֆրանսիա

 

 

 

Ընթերցել նաև