Արտասահմանյան գրողներ Արտասահմանյան պոեզիա Թարգմանություն Պոեզիա

Անտոնիո Մաչադո․ «Բանաստեղծական արվեստ»․ պոեզիա

 

Դիմանկար 

 

 

Մանկությունը իմ հիշատակներ է այգուց Սևիլյան, 

լուսաշող պուրակ, որտեղ կիտրոնի ծառն է կանաչում. 

ջահելությունս՝ շուրջ քսան տարի հողում Կաստիլյան. 

պատմությունն է իմ՝ դրվագներ, որոնք հիշել չեմ ուզում:

 

Ես սրտակեր չեմ, ո՛չ Մանյարա[1] եմ, ո՛չ իսկ Բրադոմին[2]

— հագուստիս անփույթ վիճակի մասին դուք գիտեք արդեն —

իմ սիրտը սակայն խոցվել է նետից ցոփ Կուպիդոնի,                 

սիրել եմ այնքան, որքան կանայք են ինձ փոխադարձել:  

 

Իմ երակներում արյան կաթիլներ կան Յակոբինյան,

բայց պոեզիան իմ բխում է հանդարտ ակնաղբյուրից.

և որպես մի մարդ, որ իր արվեստն է ծաղկեցնում իրավ,  

ես, բառիս շիտակ և բուն իմաստով, լավն եմ, անթերի:    

 

Գեղեցիկն եմ ես սիրում, և որպես հմուտ գեղագետ,   

ես հին վարդերն եմ փնջել Ռոնսարի շքեղ պարտեզի. 

բայց ես չեմ սիրում դիմահարդարման շուքը նորաձև…

ոչ էլ գեղգեղուն ծիտ եմ նորելուկ, գոհ ու երգեցիկ:    

 

Նողկում եմ այս նոր սիրերգակների երգից թառանչող  

և լուսնին ծաղրող այդ ծղրիդների նվագախմբից,     

ինձ ժամանակ է պետք՝ տարբերելու ձայները հնչող,   

ես լոկ մեկին եմ լսում բազմաձայն ժխորի միջից:     

 

Դասակա՞ն եմ ես կամ թե ռոմանտի՞կ: Չգիտեմ, սակայն

կուզեի երգն իմ խրոխտ ռազմիկի սրին նմանվեր.   

հռչակվա՛ծ՝ զենքին տիրապետելու իր վարպետությամբ,

ո՛չ թե այն դարբնող վարպետի ձեռքը զուտ փառաբանվեր:

 

Ես զրուցում եմ այն ​​մարդու հետ, որ իմ կողքին է հար 

— ինչպես մեկը, որ հույս ունի մի օր Աստծո հետ խոսել -.  

ինքնազրույցն այս իմ լավ ընկերոջ հետ է հենց միայն,

որ գաղտնիքն է ինձ մարդասիրության ուսուցանել:

 

Ի վերջո, ես ձեզ պարտք ​​չեմ ոչ մի բան. այդ դու՛ք եք ինձ պարտք

իմ գրածների համար, որոնցով վճարում եմ ես                     

հագուստիս համար, որ ես եմ կրում և իմ ապրած տան, 

իմ կերած հացի և մահճի համար, ուր պառկում եմ ես:

 

Երբ ժամը հնչի ուղևորության ամենավերջին

և նավը՝ երբեք չվերադարձող, պատրաստվի մեկնել,

նավում կգտնեք ինձ՝ առանց ծանրոց ու ուղեբեռի,

համարյա թե մերկ, ծովափին վազող մանուկների պես:   

 

 

*

 

 

Դոն Միգել դե Ունամունոյին

Իր «Դոն Կիխոտ և Սանչո» գրքի համար

 

 

Դոնկիխոտն այս նորաթուխ

դոն Միգել դե Ուամունոն, բասկը կորովի,

հագնում է իր պարեգոտը խեղկատակի 

և սաղավարտ ծիծաղելի

այծապանրից պատրաստված. դոն Միգելն է ձիավարում,

անդոհ նժույգի թամբին հեծնած,

խթանով ոսկե ասպանդակելով շամբշանքը նրա,

չվախենալով լեզվից չարաթույն ու վատաբանող:

 

Ջորեպան մարդկանց՝

հարկահան, շորթիչ ու զեղծարար,

նա ազնվության՝ ձիավարության դասեր է տալիս:

Եվ նրա ցեղի անհոգի հոգին,

որ քնած է իր երկաթե գուրզի

հարվածների տակ, կարող է զարթնել օրերից մի օր:

 

Նա ցանկանում է կասկածի որդը վանել նրանցից՝     

մինչ ասպետացուն ձի թամբելու իր դասը կսերտի,

որպես նոր Համլետ, նա տեսնում է իր սրտին դեմ արած 

մերկացած շեղբը պողպատե սրի: 

 

Նա ունի շունչը զորավոր ծագման,           

որ երազել են՝ իրենց տներից կտրված, հեռվում

և ոսկի փնտրել ծովերից անդին:

Նա ցուցանում է փառքը կենսաձիր՝ մահվանից հետո:

Նա ցանկանում է լինել հիմնադիր՝ շեշտելով խրոխտ.

հավատու՛մ եմ ես.

Աստծուն …և ոգուն իսպանական … 

Եվ նա ավելի լավն է ու բարի, քան թե Լոյոլան[3].

նա ճանաչում է Հիսուսին, դույնով արգահատելով փարիսեցուն: 

 

 

 *

 

Մի չորացած ծփենու

 

 

Հին ծփենու ծառին, կայծակնահար եղած,                   

խոցված ճիշտ մեջտեղում՝ մահասփյուռ զարկից,            

ապրիլյան անձրևից, արևից մայիսյան       

ինչ-ինչ կանաչ ծիլեր տեղ-տեղ հայտնվեցին,

 

Հինավուրց ծփենի՝ բլրալանջին թառած

Դուերոյի[4] հովտի… Մամուռը դեղնավուն

ողջ կեղևն է պատել, տարածվել խունացած 

որդ ու ճիճվի կերած փոշոտ ծառախեցուն:

 

Բայց ի տարբերություն երգող բարդիների՝

գետ ու ճամփա հսկող, այն չի բնակեցվի

երբեք սոխակներով դարչնագույն ու դեղին: 

 

Զորքն է մրջյունների բնով վերուվարում      

շարքերով երկարուկ, և բուն փորոտիքում

սարդերն իրենց գորշուկ ոստայններն են հյուսում:

 

Մինչ քեզ կտապալեն, Դուերոյի ծփի,              

կացնով փայտահատի, և վարպետ հյուսնը քեզ      

զանգի լծասարքի կփոխակերպի,          

անվակառքի լեզվակ, ձիասայլի անրակ կպատրաստի քեզնից.

մինչ դու՝ շողշողալով, կկարմրոտես մի օր   

սալօջախում խղճուկ մի հյուղակի 

ճանապարհի եզրին,

մինչ փոթորիկը քո խեցին կբզկտի

և լեռնային քամին կտապալի քեզ ցած. 

նախքան գետը դեպի ծովը քեզ կքշի

հովիտների միջով ու կիրճերի,

ծփենու ծա՛ռ, կուզեմ նոթատետրում նշել

հմայքը զգլխիչ նոր կանաչած ճյուղիդ:

Իմ սիրտն էլ ճիշտ այդպես

սպասում է լույսին, սպասում է կյանքին,

գարնանային մեկ այլ, մի ուրիշ հրաշքի:   

 

 

*

 

 

Անցած գիշեր, քնին տրված  

 

 

Անցած գիշեր, քնին տրված  

երազում էի, օրհնյա՛լ ցնորք,

թե շատրվանն հոսում էր ցած

իմ սրտի մեջ անդնդախոր:

 

Ասա՝ ինչու՞, խոռոչ թաքուն,

ջու՛ր, ինձ մոտ ես հիմա եկել,

նորեկ կյանքի դու ակնաղբյուր,

որտեղից չեմ խմել երբեք:

 

Անցած գիշեր, քնին տրված  

երազում էի, օրհնյալ ցնորք,

թե մի փեթակ ունեի բաց

իմ սրտի մեջ անդնդախոր,

 

և մեղուները ոսկեհուռ

շինում էին  այնտեղ անխոնջ

հին դառնությամբ անագորույն

անուշ մեղր ու ճերմակ մոմ:

 

Անցած գիշեր, քնին տրված  

երազում էի, օրհնյա՛լ ցնորք,

թե կեզ արևն էր ճառագած

իմ սրտի մեջ անդնդախոր:

 

Շոգ էր, քանզի կարմիր տնից

ջերմություն էր փչում այրող,

և արևն իր լույսն էր տալիս,

ինչից սիրտս լցվեց լացով:

 

Անցած գիշեր, քնին տրված  

երազում էի, օրհնյա՛լ ցնորք,

թե հենց Աստվածն էր ամբարված

իմ սրտի մեջ անդնդախոր:

 

 

 *

 

Ճանապարհին — XX Նախերգանք

 

 

Մինչ շուքն է սուրբ սիրո անցնում, կուզեմ այսօր  

քաղցր սաղմոս մխել իմ հին գրակալին:

Հնչյունները զոդեմ երգեհոնի հզոր

ապրիլյան սրինգի քաղցրահունչ նվագին:   

 

Խնձորները աշնան հոտն իրենց կսփռեն, 

խունկն ու մյուռոնն իրենց բույրը սրբազնական,

վարդերն էլ մշտաթարմ շունչը կարտահեղեն

ծաղկափթիթ այգու ստվերներում վառման:   

 

Բույր ու երաժշտության համազարկը ծորուն,

պատճառն իմ աղոթքի միակ՝ հին ու ազնիվ, 

առ երկինք կառաքի ճախրանքն իր աղավնու,

լուսաճերմակ խոսքս խորանին կբազմի:

 

 

 

*

 

 

Առակներ ու երգեր — XXIX

 

 

Ճանապարհո՛րդ, ոտնահետքը քո

ճանապարհն է հենց, և ուրիշ ոչինչ:

Ճանապարհ չկա, ճանապարհո՛րդ,

դու քո ճամփան ես բացում քայլելով:

Քայլելով դու քո ճամփան ես բացում,

և երբ հայացքդ շրջում ես ետ,

տեսնում ես ճամփան,

որ այլևս չես անցնի երբեք:

Ճանապարհ չկա, ճանապարհո՛րդ,

լոկ հետք ճողփյունի՝ ջրերում ծովի…

 

 

*

 

 

Բանաստեղծական արվեստ

 

 

Եվ հոգում համակ մի տոն կա միայն           

որ լոկ դու գիտես, սեր ստվեր ծաղկունք,

բուրմունքի երազ, իսկ հետո … ոչինչ. ցնցոտիներ,

խռովք ու խոկում՝ փիլիսոփայում:                                          

Ջարդված հայելում՝ անդորրն է քո խոր,

Եվ կյանքին ահա վերադառնալով՝

Սա՛ պետք է լինի վաղ առավոտյան աղոթքը քո.

Կախաղա՜ն հանվել՝ ո՜վ դու չքնաղ օր…

 

 

*

 

Երբ կյանքն իմ հիմնովին…

 

 

 

Երբ կյանքն իմ հիմնովին

դառնա պարզ ու թեթև

բարի գետի նման,

որ վազում է ուրախ

ծովահունը դեպի,

ծովն անճանաչ, անհայտ,

էլ ինչ ես դու սպասում

արևերգով լեցուն:

Եվ երբ իմ սրտի մեջ

գարունը բռնկվի

դու՛ կլինես, իմ կյանք,

ոգեշնչումն իմ նոր

բանաստեղծության…

 

 

Ծանոթագրություն

 

[1] Միգել դե Մանյանա (16271679), Սևիլիայի Սբ Գթասրտության հիվանդանոցի կառուցման նախաձեռնողը, ով նաև կնամոլի համբավ էր վայելում:

[2] Մարկիզ դե Բրադոմինը Ռամոն Մարիա դել Վալե-Ինքլանի (1866-1936) գրական հերոսներից է, Դոն Ժուանի կերպավորումներից մեկը:

[3] Լոյոլայի սրբավայրը և բազիլիկը Բասկերի երկրում, Իսպանիա:

[4] Դուերո, իսպանական քաղաք և շրջան:

 

 

Թարգմանությունը՝  Աշոտ Ալեքսանյանի

 

 

 

 

 

 

 

 

Ընթերցել նաև