Արձակ Հայ արդի արձակ Հայ արդի գրողներ Հեքիաթ

Անուշ Մարգարյան. «Թռչող Ձվածեղը»․ հատված հեքիաթից

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Մի օր մի երիտասարդ Ձվածեղ թավայից ճլմփոցով ցած թռավ, և դա նրան այնքան դուր եկավ, որ այլևս չուզեց այնտեղ ապրել:

-Հե՛յ, գժվե՞լ ես, այստեղ է քո հայրենիքը,- ձայն էին տալիս սառնարանի բնակիչները:

-Շուտով կվերադառնա՜մ,- պատասխանում էր Ձվածեղը, բայց քմծիծաղով թաքուն մտածում, որ ինքը վերադարձողը չէ: Ճիշտ է, թավայում միշտ տաք է ու ապահով, բայց սրտի խորքում ոչ մի փշուր ուրախություն չուներ: Կարծես թե ամեն ինչ ավելի կենդանի էր ու գունեղ, քան իր նեղլիկ ու սև թավայում, որտեղ մի օր մահանալու էր ծերությունից կամ ինչ-որ մեկի անզուսպ ախորժակից: Եվ հենց այդ պահին որոշեց ընդմիշտ մնալ ազատության մեջ և այդպես էլ արեց:

-Տղա՛ս,- լաց եղավ մայր հավիկը,- դու կարող ես մի սոված կենդանու նախաճաշ դառնալ: Ուշքի՛ արի:

-Որ այդպես է, այնքան կթափառեմ ու կցատկեմ բարձր տեղերից, մինչև փետրավոր ազգականներիս նման իմ մարմնին էլ թևեր կաճեն ու թռչուն կդառնամ:

Հիմար Ձվածեղի խելք: Եվ այդ օրվանից նա սկսկեց գաղտնի մարզվել և ամեն գիշեր քնելուց առաջ հայելում շատ վստահ ու պարտաճանաչ  հետևում էր ՝ արդյոք թևիկներ ու կտուց աճե՞լ են: Սակայն ոչ մի արդյունք՝ փոխարենը տեսնում էր մի մեծ, դեղին գլուխ, որի մեջ անթիվ մտքեր էին գլորվում-անցնում և մեկ էլ սայթաքող ոտքեր, որ միշտ իրեն փորձանքի մեջ էին գցում: Մե՛րթ գցում էին տոմատով սոուսի մեջ, մե՛րթ՝ ձիերի սմբակների տակ: Եվ ամեն անգամ փորձանքից ազատվելով՝ Ձվածեղը համոզված էր, որ աշխարհում  ամեն բան հնարավոր է սովորել, եթե միայն ցանկություն լինի, նույնիսկ՝ թռչել: Համենայն դեպս, նրան այդպես էր թվում, որովհետև բարձր տեղերից սկսել էր նախկինից թեթև ցատկել:

-Ա՛յ միամիտ անկտուց,- անսպասելի կռռաց թոշակառու, մի ծեր ագռավ,- հայրենիքդ փոխելով՝ թևեր չես աճեցնի:

Ձվածեղը տխրեց, բայց ձայն չհանեց, փոխարենը սկսեց առաջվանից ավելի եռանդուն մարզվել, որովհետև թևեր աճեցնելը միշտ էլ ճիգ ու ջանք է պահանջում: Այո՛, նա շատ համառ ու համբերատար երիտասարդ էր, և ամեն օր մարզվում էր ավելին, քան որևէ մեկը կարող էր պատկերացնել: Բայց թևերն այդպես էլ չէին աճում: Իսկ հետո մի լավ մտածեց ու հասկացավ, որ գետնի վրա մարզվելով՝ թևեր չես աճեցնի, ուրեմն մի բարձր տեղից թռչել է պետք: Մտածեց-մտածեց ու դեղին գլուխը դարձյալ փորձանքի մեջ գցեց: Ինչքան ուժ ուներ ոտքերում սլացավ ու մագլացեց ամենաբարձր ծառը: Նա այնքան էր շտապում և այնքան էր տարված թռչելու մտքով, որ ամենևին չէր մտածում հետևանքների մասին:

-Այդ ի՞նչ ես անում, հիմարի՛կ,-ամեն կողմից ձայն տվեցին թռչունները,- հիմա ցած կընկնես ու գլխի վրա կփռվես գետնին:

-Ախ այդպե՞ս, դա ձեր գործը չէ,- վիրավորված պատասխանեց Ձվածեղը,-հիմա ձեզնից էլ բարձր կթռչեմ, ա՛յ կտեսնեք,- վստահ պատասխանեց Ձվածեղը և միանգամից հպարտ կեցվածք ընդունեց, որովհետև իր թռիչքն առաջինը հենց այդ մեծամիտ թռչուններն են տեսնելու:

Եվ ահա ուզում էր թռչել, մեկ էլ մի տարօրինակ բուրմունք զգաց օդում և այնքան քաղցր, որ մի պահ գլուխը պտտվեց: Նա երկար ժամանակ չէր հասկանում, թե անուշ բույրը որտեղի՞ց է գալիս: Հետո  վերևից նայեց, գտավ և տեղն ու տեղը սիրահարվեց: Պարզվում է անծանոթուհին մի բուրավետ Երիցուկ է՝ իրենից բարձրահասակ ու նրբագեղ, բայց կարևորը՝ իր նման դեղին գլխով, որից երջանկության բույրն էր զգում: Սկզբում նրան թվաց, թե ողջ  աշխարհը անհետացել է և  միայն ինքն ու Երիցուկն են ճախրում երկնքի կապույտում: Եվ միայն այն պահին, երբ հանկարծ քթով հարվածեց Երիցուկի այտին, հասկացավ, որ ծառից թեթևությամբ թռել ու հասել է ծաղկին:

-Ուռա՜, ես արդեն թևեր ունեմ,- ուրախ բացականչեց Ձվածեղը և ամուր գրկեց իր երիցուկին, ով երջանկության թևեր էր նվիրել իրեն: Եվ չնայած Ձվածեղն իր հարսնացուի կողքին շատ գաճաճ էր երևում, բայց նրանք այնքա՜ն երջանիկ էին, որ այլևս ոչ ոք չհամարձակվեց անգամ ծիծաղել:

Այո, այո, սիրելի՛ ընթերցող, ճիշտ ես մտածում և դու։ Դեղնագլուխ Ձվածեղին ո՛չ եռանդուն մարզանքն օգնեց, ո՛չ էլ բարձր ցատկերը՝ նույն դեղին գլխից վեր։
Սերն է միակ կախարդանքը, որ կարող է անթևին թևեր նվիրել, վտանգի պահին ազատել փորձանքից անգամ ամենաարկածասեր Ձվածեղին։

 

 

 

 

Ընթերցել նաև