Հարցազրույց Հեքիաթ Մշակույթ

Անուշ Ասլիբեկյան․ «Մեծերի ու փոքրերի աշխարհի անջրպետի մասին լրջորեն մտածեցի՝ կարդալով Աստրիդ Լինդգրենի «Լյոննեբերգցի Էմիլի արկածները»․ զրույց

 

Երկու քույրիկ-փղիկներ

 

Ես գրող եմ դարձել այն բանի շնորհիվ, որ մանկավարժ մայրս լավ գիտեր հեքիաթի հարգը ու գիշեր չկար, որ մի քանի հեքիաթ չպատմեր, մինչև ես ու մեծ քույրս կընկղմվեինք խոր քնի մեջ: Մայրս թավշյա, խաղաղեցնող ձայն ուներ, արտիստիկ էր, նրան լսելը հավասար էր՝ զուգահեռ իրականություն տեղափոխվելուն: Ինչպե՞ս չէր ձանձրանում, ծուլանում… Ասես նրա կյանքի իմաստը հենց մեզ համար հեքիաթներ պատմելն էր: Բացի հայ և համաշխարհային հեքիաթանու գոհարներից, մայրս նաև ինձ ու քրոջս նվիրված հեքիաթների շարք ուներ, որ սկսում էր միշտ նույն կերպ, բայց ընթացքում նրա իմպրովիզի հատկության շնորհիվ վերաճում էր հերթական նոր մասի: Եվ այսպես՝ կային-չկային երկու քույրիկ-փղիկներ, որոնք շատ էին սիրում ուտել անանասով շոկոլադներ… Այս շարքը իմ ամենասիրելին էր, ես և քույրս սիրում էինք հեքիաթի գլխավոր հերոսները լինել:

 

 

Հեքիաթագիր դառնալու «ձախողված» նախագիծը

 

Եվ ահա, երբ ես էի արդեն երկու բալիկների մայր, ինքս փորձեցի նման մի շարք հորինել, որտեղ գլխավոր հերոսները կլինեին Անաիսն ու Անդրեասը, բայց պարզվեց, որ ի տարբերություն ինձ, նրանց դուր չի գալիս լսել իրենց մասին հեքիաթներ: Իրենք իրենց մասին ամեն ինչ գիտեն, գիտեն ավելին, քան ես, ուստի իրենց հետաքրքիր է լսել ուրիշների մասին: Այսպես ձախողվեց  հեքիաթագիր դառնալու իմ «նախագիծը», սակայն հետագայում բացահայտվեց, որ նրանք դեմ չեն համահեղինակությամբ հեքիաթներ հորինելուն: Այդպես էլ արեցինք, բայց այդ մասին մեկ ուրիշ անգամ: Ես ստիպված էի պատմել ու պատմել, կարդալ ու կարդալ, որից հետո նրանք դարձյալ ընդդիմացան, թե արդեն աշխարհի բոլոր հեքիաթները անգիր գիտեն՝ Թումանյանից մինչև Աղայան, Անդերսենից՝ Պերրո, Գրիմմ եղբայրներից՝ Չուկովսկի: Անցանք հեքիաթ վիպակներին, հիմա մեր տան մշտական հյուրերն էին Վիննի Թուխը, Չիպոլինոն, Մերի Փոփինսը, Երկարագուլպա Պիպպին, Փիթեր Փենը, Փոքրիկ Իշխանը, Լյոնեբերգցի Էմիլը: Ի դեպ՝ այս վերջինի մասին:

 

 

Անջրպետ մեծերի ու փոքրերի աշխարհի միջև․․․

 

Առաջին անգամ մեծերի ու փոքրերի աշխարհի անջրպետի մասին լրջորեն մտածեցի, երբ իմ բալիկների տարիքում կարդացի ավստրիացի հանրահռչակ գրող Աստրիդ Լինդգրենի «Լյոննեբերգցի Էմիլի արկածներ»-ը: Նախ՝ Էմիլն իմ աչքերով իսկապես հիասքանչ մանչուկ էր՝ խելացի, ձեռներեց, և մեծ ցասում ապրեցի, որ նրա արարքները մշտապես հակառակն են մեկնաբանվում մեծերի կողմից: Նա հատուկ չարություն անելու նպաակ չի ունեցել, պարզապես իր մի շարք մանկակական աշխույժ գործողությունների հետևանքով ստեղծվում էին «ամենատրամաբանական» իրավիճակներ, որոնք ափերից հանում էին մեծերին: Ուղղակի անարդարացի է: Այս վիպակով իմ երեխաներին էլ վարակեցի, նրանց ոգևորությունը իմից պակաս չէր,  բայց ի տարբերություն ինձ, նրանք վիպակում մեծերի ու փոքրերի աշխարհի անջրպետ այնքան էլ չեն տեսնում, և նրանց վիպակը դուր է գալիս հենց այն բանի համար, որ Էմիլը չափից դուրս չարաճճի է: Նրանք անգամ փորձեցին Էմիլի չարաճճիություններից մի քանիսն իրագործել, երբ դեռ շատ փոքր էին, սպասելով դրան հաջորդող՝ մեծերի լիովին արդարացված ոչ մեղմ արձագանքին:

 

 

Անհավանական ճամփորդություն․․․

 

Հիմա 8 տարեկան Անդրեասը և 9 տարեկան Անաիսը կարծեք ինքնուրույն ոտքերի վրա են կանգնել, և իրենք են ընտրում ու կարդում գրքեր: Անդրեասին ավելի շատ դուր են գալիս գիտական-ճանաչողական գրքեր դինոզավրերի, տիեզերքի, հին աշխարհի պատմության մասին, անգամ՝ բառարաններ և մանկական հանրագիտարաններ, Անաիսը կարդում է երկու լեզվով՝ ռուսերեն և հայերեն՝ հիմնականում գեղարվեստական գրականություն: Ես միայն շա՜տ աննկատ ուղղորդում եմ, թե որ գրքի հետ ընկերանան այս շրջանում և ներքուստ ուրախանում եմ: Ահա այսպիսի անհավանական ճամփորդության ենք դուրս եկել երեխաներիս հետ, իսկ հեքիաթագիր դառնալու փորձերը գուցե հետաձգեմ, կամ իրագործեմ երրորդ փոքրիկիս՝ երկուսուկես տարեկան Լեոյի հետ:

 

 

 

 

© Երևանյան Էսքիզ 2020

 

 

 

Ընթերցել նաև