Արտասահմանյան գրողներ Արտասահմանյան պոեզիա Թարգմանություն Պոեզիա

Աննա Ախմատովա․ «Երկու բանաստեղծություն»

 

Խորհրդավոր ու նոր ես դու միշտ,

Հլու եմ դառնում քեզ օրըստօրե,

Բայց սերը քո, իմ դաժա՛ն ընկեր,

Փորձություն է՝ երկաթե ու հրե։

Արգելում ես երգել ու ժպտալ,

Իսկ աղոթել վաղուց ես արգելել,

Միայն թե չբաժանվեմ քեզնից,

Մնացածը կարող եմ և ներել։

Այդպես՝ երկրին, երկնքին օտար

Ապրում եմ ու չեմ երգում էլ ես,

Դժոխքի մոտ և դրախտի մոտ

Կամքս, հոգիս ես խլել ասես։

 

 

*

 

 

Վերջին անգամ հանդիպեցինք այնժամ

Գետափին, որտեղ միշտ էինք հանդիպում,

Նևայի ջուրը բարձրացել էր շատ,

Ջրհեղեղից էին քաղաքում վախենում։

Նա խոսում էր ամռան ու այն մասին,

Որ կին պոետ լինելը անհեթեթ է,

Ցարական բարձր տունը հիշեցի

Ու հիշեցի Պետրոպավլովյան բերդը։

Հետո հիշեցի, որ օդը մերը չէ,

Այլ հրաշք է՝ Աստծո պարգևի պես,

Եվ այդ պահին բոլոր խենթ երգերից

Ամենավերջինն ունեցա ես։

 

 

 

Թարգմանությունը՝  Լիլիթ Խալաթյանի

 

 

 

 

 

 

 

Ընթերցել նաև