Հարցազրույց Հեքիաթ Մշակույթ

Անի Զաքարյան․ «Ոչ ոք չի կարող կորցնել իր հեքիաթը, եթե անմնացորդ հավատում է դրան»․ զրույց

 

Հեքիաթի դերն ու նշանակությունը. կարդացի ու հուզվեցի։ Հեքիաթն իմ որդին է՝ Դանիելը։ Ինքը հենց իր ծնունդով հեքիաթ բերեց մեր կյանք։ Ընթերցող շատ մայրեր գուցե մտածեն. «Իսկ դժվարություննե՞րը»։ Այո՛, դժվարություններ եղել են դեռ իմ հրաշքի ծնունդից առաջ, այնպես որ դրանք կապել երեխայի ծնունդի հետ այնքան էլ արդարացի չէ: Երեխաների ծնունդն, առհասարակ, երկու մեծ բևեռ է բացում ծնողների կյանքում և հնարավորություն տալիս ընտրելու կամ մեկը, կամ մյուսը, այսինքն՝ կամ դժբախտանալ և խորտակվել դեպրեսիայի հորձանուտում, կամ ճիշտ հակառակ բևեռի՝ երջանկության ու ՀԵՔԻԱԹԻ օրենքները սովորել ու լինել երջանկության զինվոր, այո՛, զինվոր, որովհետեւ դրա համար էլ պայքարել է պետք այնպես, ինչպես մարտի դաշտում: Իսկ մենք ի սկզբանե ընտրել ենք հենց երջանկության բևեռը եւ մեր փոքրիկին էլ սովորեցնում ենք նույն օրենքներով ապրել՝ ուժեղ ու երջանիկ լինել:

Ոչ ոք չի կարող կորցնել իր հեքիաթը, եթե անմնացորդ հավատում է դրան: Այստեղ բանալի բառն ԱՆՄՆԱՑՈՐԴ-ն է: Մարդն անդադար կասկածում է՝ ինքն իրեն, մյուսներին, կյանքին, աշխարհին, անգամ Աստծու գոյությանը: Իսկ ես առաջարկում եմ ուղղակի հավատալ, ու ԳՈՐԾԵԼ՝ հավատն է՛լ ավելի հիմնավորելու, էլ ավելի կայուն ու շոշափելի դարձնելու համար։ Հավատը զորավոր է:

Ամեն բան ի վերջո տանում է դեպի հրաշքի որոնում: Բայց չպետք է դառնալ այդ երևույթի գերին: Մարդը, հաճախ նվիրվելով որևէ նպատակի կամ երազանքի, մոռանում է շուրջը գտնվող ամեն բան: Իսկ ես վստահ եմ, որ նպատակները մեզ տրվում են՝ ճանապարհին հանդիպած դասերը սերտելու և, ի վերջո, հենց ճանապարհը վայելելու համար: Իսկ նպատակն ինքնին կիրագործվի, եթե սիրտը մաքուր է: Ու թե անգամ չիրագործվի, ուրեմն ավելի կարևոր առաքելություն ունենք: Բոլոր հեքիաթներում հերոսը հաղթող է լինում, և այն բոլոր հեքիաթները, որոնք պապս է մեզ պատմել, ինձ սովորեցրել են լինել կամային ու հաղթող: Պարզապես հեքիաթ պատմողն էլ մեծ դեր ունի։

 

 

Իմ ամենասիրելի հեքիաթը․․․

 

Իմ ամենասիրելի հեքիաթը «Մոխրոտիկն» էր, մինչեւ այն պահը, երբ սկսեցի գրել իմ սեփական «Մոխրոտիկը»: Ինքս ծնվել եմ ոչ այնքան ապահովված ընտանիքում, թեև ծնողներս ամեն ինչ արել են՝ ինձ ու քրոջս լավ մարդ մեծացնելու համար: Այդուհանդերձ, հիմա, երբ 33 տարեկան եմ, հետհայացք գցելով անցյալ՝ հասկանում եմ, որ իմ հեքիաթն ինքս եմ գրել: Ու դեռ շարունակում է զարգանալ ու ծավալվել այն, ինչն ինձ էլ ավելի երջանիկ ու ամուր է դարձնում: Իսկ թե ինչքան ու ինչպիսի հուշեր ունեմ իմ մանկությունից, բոլորի համար շնորհակալ եմ ծնողներիս: Օրինակ, երբ հայրս դաշնամուր նվիրեց ինձ ու քրոջս: 7 տարի դաշնամուրի դասերի էի հաճախում, բայց տանը դաշնամուր չունեինք: Ու այն օրը, երբ այդքան սպասված գործիքը բերեցին, ուրախությունից այնպես թռչկոտեցի, ողնաշարս վնասվեց (ծիծաղում է): Մեր հուշերը մեզ լիացնում են։

 

Երբ ծնվեց որդիս՝ Դանիելը․․․

 

Դանիելի ծնունդը իմ կյանքում ամենամեծ նվերն է Աստծուց: Մտածում եմ, թե այդ ինչ հրաշքներ եմ գործել իմ նախկին կյանքում, որ այս կյանքում արժանացել եմ հրաշք փոքրիկիս: Ես անդադար երջանիկ եմ Դանիելի ներկայությունից, ամեն նոր բառից, ամեն ժպիտից, ամեն համբույրից, տիեզերքի առանցքը Դանիելն է՝ իմ Առյուծիկը: Երբ դեռ չէր ծնվել, հասկանում էի, որ շատ բան է փոխվելու նրա ծնունդով: Բայց երբ ծնվեց, ես էլ իր հետ վերածնվեցի։ Ու դա բացառիկ «հեղաշրջում» էր: Մեր ՄԵՆՔ-ը փոխվեց, ու սա բոլոր ծնողների կյանքում է տեղի ունենում, միայն թե ով որքան է գիտակցում երեխայի ծնունդի հրաշքը, դա արդեն այլ հարց է: Փաստն այն է, որ երեխայի ծնունդը տիեզերքի մեծագույն հրաշքն է:

Իմ փոքրիկը դեռ 3 տարեկան էլ չկա, բայց բոլորին հարցնում է. «Գործերդ լա՞վ են»: Այնպես որ, թող բոլոր փոքրիկների «գործերը» միշտ լավ լինեն (ժպտում է)։

 

Դանիելի ամենասիրելի հեքիաթը․․․

 

Դանիելի ամենասիրելի հեքիաթը մեր հորինած «Հրաշք տղայի հեքիաթն» է, որը հենց իր մասին է: Ամեն գիշեր քնելու ժամին սկսում եմ նրան պատմել հրաշք տղայի մասին, որն արդեն այնքան սեր ու երջանկություն է արարել, և որն իր պահապան հրեշտակների մեծ բանակով Երկիր մոլորակ է եկել՝ մեծ առաքելություն իրականացնելու համար: Իսկ թե ինչ առաքելության մասին է, դա թող գաղտնիք լինի առայժմ (ժպտում է)։

 

 

 

© Երևանյան Էսքիզ 2020

 

 

Ընթերցել նաև