Արձակ Արտասահմանյան արձակ Արտասահմանյան գրողներ Թարգմանություն Պատմվածք

Անդրեյ Պլատոնով. «Սոճին»․ պատմվածք

Հեռավոր հյուսիսում` տունդրայի ու տայգայի սահմանագլխին, գաճաճ կեչիների ու արոսենու ցածրահասակ, բայց, որքան էլ զարմանալի է, խոշոր, ջրալի ու բաց դեղին պտուղներ ունեցող թփերի հետ, վեցհազար տարեկան մայրիների հետ, որ միայն երեք հարյուր տարվա ընթացքում են հասունանում, ապրում է յուրատեսակ մի ծառ`սոճին: Նա մարի կամ մայրի ծառի հեռավոր նախնին է` ծածկված հավերժ կանաչ փշասաղարթով, միշտ մարդու ձեռքի հաստության բնով ու միշտ երկուսից երեք մետր բարձրությամբ: Նա պահանջկոտ չէ ու աճում է արմատներով պինդ կառչելով այն ճեղքերից, որ կան լեռների քարքարոտ լանջերին: Նա բոլոր հյուսիսային ծառերի նման առնական է ու համառ: Նրա նրբազգացությունն արտասովոր է:
Ուշ աշուն է, վաղուց պիտի ձյուն ու ձմեռ լիներ: Երկնակամարի եզրերով արդեն շատ օրեր շրջում են ցածր, կապույտ երանգով, ասես կապտուկներով ծածկված ամպերը: Իսկ այսօր աշնանային կտրող քամին առավոտից սպառնալի լուռ է: Ձյան հոտ է գալիս: Ո՛չ: Ձյուն չի գալու… Սոճին դեռ չի փռվել: Եվ օրերն անցնում են մեկը մյուսի հետևից, իսկ ձյունն այդպես էլ չի գալիս: Բլուրների հետևում` ինչ-որ տեղ, թափառում են ամպերը, ու երկինք է բարձրանում գունատ, փոքրիկ արևը: Ամեն ինչ աշնանային եղանակ է հիշեցնում:
Իսկ սոճին կռանում է: Կռանում է ավելի ու ավելի, ասես անասելի, հետզհետե ավելացող ծանրության տակ: Իր գագաթով ասես խազում է քարն ու իր թուլացած զմրուխտյա թևերով սեղմվում հողին: Փռվել է: Նա փետրածածկ ութոտնուկի է նման: Պառկած սպասում է մի օր, երկու օր, և ահա երկնքից փոշու նման թափվում է ձյունը, ու սոճին արջի նման ընկղմվում է ձմեռային քնի մեջ: Ճերմակ լեռան վրա գոյանում են հսկայական պղպջակներ. դրանք եղևնու ձմեռող թփերն են:
Ձմռան վերջին, երբ դեռ ձյունը երեք մետրանոց հաստ շերտով ծածկում է գետինը, երբ դեռ կիրճերում քամիները պնդացնում են թանձր, միայն երկաթին ենթարկվող ձյունը, մարդիկ արդեն գարնանային նշաներն են փնտրում բնության մեջ. թեկուզ և օրացույցով այն վաղուց պիտի եկած լիներ: Բայց օրն այդ չի տարբերվում ձմեռային օրից. օդը կտրող է ու չոր և ոչնչով չի տարբերվում հունվարյան օդից: Բարեբախտաբար մարդկային զգացողությունները շատ կոշտ են, ընկալողականությունը չափազանց պարզ է, ու զգայարաններն էլ շատ չեն, ընդամենը հինգը. դա բավական չէ կանխատեսումների ու գուշակության համար:
Բնությունն իր զգացողությունների հարցում մարդուց նրբազգաց է: Դրա մասին ինչ որ բան գիտենք: Հիշու՞մ եք սաղմոսաձկների ընտանիքը, որ գալիս է ձվադրելու այն գետում, ուր դրված է եղել նախորդ տավա ձկնկիթը, որից էլ դուրս է եկել սաղմոսաձկների այդ ընտանիքը: Հիշու՞մ եք թռչներամների չվելու մայրուղիները խորհրդավոր …

Եվ ահա անսահման ճերմակության մեջ, լիակատար անհուսության մեջ հանկարծ կանգնում է սոճին: Նա լսում է գարնան` մեզ համար անիմանալի շունչն ու վստահելով նրան` արթնանում է բոլորից շուտ: Ձմեռն ավարտվում է:
Ուրիշ բան էլ է պատահում…Կրակը… Սոճին չափազանց դյուրահավատ է: Նա ձմեռն այնքան չի սիրում, որ պատրաստ է հավատալ անգամ կրակի ջերմությանը: Եթե ձմռանը սոճու թեքված, կռացած թփերի կողքին կրակ վառվի` նա կկանգնի: Կրակը կհանգչի ու հիասթաթված սոճին, վիրավորվածությունից լաց լինելով, նորից կկռանա, կպառկի իր նախկին տեղում.. Ապա կծածկվի ձյունով…
Սոճին միայն եղանակի կանխատեսողը չէ: Մայրին նաև հույսի ծառն է: Մուգ կանաչ նրա թաթերը` փշատերև ու անփայլ, պատմում են հարավի, ջերմության ու կյանքի մասին: Ամռանը նա համեստ է ու աննկատ. շուրջն ամեն բան արագորեն փթթում է, որպեսզի հյուսիսային կարճ ամառվա ընթացքում բալորն հասցնեն ծաղկել: Այդ ընթացքում գարնանային, ամառային, աշնանային ծաղիկները մեկը մյուսից առաջ են ընկնում: Մինչդեռ աշունն արդեն մոտ է, և կուենիները մերկանալով` ահա թափում են իրենց դեղնած մանր փշերը, հյութալի խոտը ցրտահարվում ու ջրազրկվում է, անտառն ամայանում է, և այդժամ դժգունած խոտերի ու մոխրագույն մամուռի միջից հեռվից հեռու երևում են ասես կանաչ բոցով բռնկված մայրիները:
Մայրին, իբրև ռուսաստանյան ծառ, ինձ միշտ էլ ավելի պոետիկ է թվացել, քան նույնիսկ մեծահռչակ լացող ուռին, չինարն ու կիպարիսը: Մայրու փայտն էլ ավելի լավ է տաքացնում:

 

Թարգմանությունը՝  Սաթենիկ Բադալյանի

 

Ռուսաստան

 

 

 

 

 

Ընթերցել նաև