Արձակ Կարճ պատմվածք Հայ արդի արձակ Հայ արդի գրողներ

Անահիտ Քեճեճյան․ «Շրջապտույտ»․ կարճ պատմվածքներ

 

Մանուշակագույն ծովը

 

Նրանց տարբերությունն այն էր, որ մեկի համար մանուշակները երեխա էին, որ խնամքի կարիք ունեին, մյուսի համար՝ հոտոտելիք ու զարդարանք։ Դա նրանց միակ տարբերությունն էր, որն էլ խանգարում էր հաշտ ապրել։

Պատուհանի դիմաց ընկած ամբողջ տարածությունը ծածկված էր թարմ աճած մանուշակներով։ Վերջը չէր երևում, այնպիսի տպավորություն էր, որ մանուշակները միշտ եղել են այդտեղ, իսկ տունը չգիտես թե որտեղից աճել է այդտեղ մի անծանոթ սերմից։ Նրանք երկուսով էլ ինչ֊որ տեղից ընկել են տան մեջ։ Տունն ասես նավ լիներ՝ խարիսխ գցած մանուշակագույն ծովի կենտրոնում։

Նրանցից առաջինը երեկոյան քնելուց առաջ դույլերը դնում էր անձրևի տակ, որ լցվեն։ Առավոտյան արթնանում էր, և հավաքված անձրևի ջրով ջրում էր մանուշակների դաշտը։

Իսկ երկրորդը քաղում էր մանուշակներն ու դրանցով զարդարում իր մազերը, տան պատերը ու այն ամենն, ինչ տեսնում էր։ Երեկոյան հին մանուշակները նետում էր տան հակառակ կողմը, որպեսզի առավոտյան քաղի նորերը։

Տան հակառակ կողմում մանուշակների դաշտին մրցակից մանուշակների գերեզմանոց էր գոյանում ու ճահճացնում էր մանուշակների ծովը։

Մանուշակները միակ թեման էին, որի շուրջ նրանք վիճում էին։ Մնացած բոլոր հարցերում նրանք համակարծիք էին։

 

 

*

 

Անդեմ անցորդները

 

Կարծես շրջապտույտ լիներ։

Առավոտյան արթնանում էր, լվացվում, հագնում շորերը, ուտում նախորդ օրվանից մնացած կաթնաշոռի կեսը, դուրս գալիս փողոց եւ գնում աշխատանքի։ Աշխատելիս հաշվում էր րոպեները, թե երբ է տուն գնալու ու միևնույն ժամանակ անում էր գործը պարտաճանաչ, միայն մեկ-երկու գիտակցված թերացումներով։

Երբ աշխատանքի ավարտին մնում էր 15-20 րոպե, սկսում էր երազել երկար ձգվող գեղեցիկ կյանքի մասին, անցկացնում էր վերջին տասը րոպեները և շտապում տուն։ Ընթրում էր, գիրք կարդում եւ պառկում քնելու։

Առավոտյան զարթնում էր, լվացվում, հագնվում, ուտում նոր գնած կաթնաշոռի կեսը և շտապում աշխատանքի։ Երազում էր օրվա և շաբաթվա արագ ավարտի մասին։ Միևնույն ժամանակ երազում էր դանդաղ եւ գեղեցիկ կյանքի մասին ու աշխատում պարտաճանաչ, միայն մեկ-երկու գիտակցված թերացումներով։ Սրտատրոփ անցկացնում էր վերջին 20 րոպեները ու շտապում տուն։

Ընթրիք, գիրք, քուն..հաջորդ օր, կաթնաշոռի մյուս կեսը։ Եվ այսպես ամեն օր։

Ամեն օր սպանում էր օրը, շտապեցնելով ինքն իրեն՝ ոչինչ չհասկանալով իր օրից և երազելով գեղեցիկ վաղվա մասին։ Բայց երբ գալիս էր վաղը, և դառնում այսօր, նորից երազում էր, թե երբ է ավարտվելու։

Փողոցում հանդիպում էր շատ մարդկանց, ովքեր ամեն օր լողում էին իրենց դեն նետած ժամանակի ալիքներում և սպասում նրան, թե երբ են խորտակվելու։

Փողոցներում տարածվում էր անպետքությունից նեխող ժամանակի գարշահոտը, եւ անդեմ անցորդները դիմակներ դրած քայլում էին փողոցներում, որ չվարակվեն։

Օր օրի փողոցում ավելանում էին չօգտագործված ժամանակի թափոնները, և աճում էր գարշահոտը։

Մարդիկ շարունակում էին նույն կերպ քնել, արթնանալ, լվացվել, ուտել կաթնաշոռի կեսն ու դիմակները դրած գնալ աշխատանքի, երազելով օրվա ավարտի մասին։

Մինչ այդ, նեխած ժամանակը ծածկում էր ամեն ինչ, ու մի օր էլ բարձրացավ հասավ տանիքներին, ծածկեց տանիքները, և մարդիկ ստիպված եղան փակվել տներում։

Շրջապտույտն ավարտվեց․․․

 

 

*

Շրջապտույտ

 

Այդ մարդը հայտնվում էր բոլոր այն վայրերում, որտեղ  ես էի լինում։ Սկզբից չէի փորձում օրինաչափություն գտնել հանդիպումների մեջ։ Եվ մոռանում էի անծանոթին, մինչև նորից մի նոր վայրում հանդիպելը։ Նա ոչ մի ցանկություն չուներ ինձ հետ խոսելու, ինձանով հետաքրքրվելու։ Պարզապես ինչ֊որ մի կանոնի համաձայն հայտնվում էր նույն վայրերում, ինչ որ ես։

Երբ հանդիպումները հաճախակի դարձան, սկսեցի հիշել նրան։ Աստիճանաբար սկսեցի նկատել, որ նրան հանդիպում եմ ոչ միայն կոնկրետ վայրերում, այլև կոնկրետ վայր գնալու ճանապարհին ցանկացած կետում, եթե կանգ եմ առնում մի պահ ու շուրջս նայում։ Նա այդտեղ է լինում։ Բայց, ինչպես միշտ, երբեք ինձ չի նայում, և ոչ մի բան չի մատնում, որ նա ինձ հետևում է։ Բայց ես արդեն համոզված եմ, որ այդ մարդն ինձ հետևում է, քանի որ չեն կարող այդքան պատահական հանդիպումներ լինել ամեն օր, ամեն ժամ։

Համոզվում եմ և գիտակցաբար ինչ֊որ տեղ գնալիս փոխում նախապես մտածած ճանապարհս, որ չհանդիպեմ նրան։ Բայց երբ մի պահ կանգ եմ առնում, կրկին հանդիպում եմ նրան։ Նա ինձ չի էլ նկատում։ Այս մշտական հանդիպումները վախեցնում են, անելանելի դրություն է ստեղծվում։ Չեմ իմանում ինչ անել։ Ճանապարհը փոխելն էլ է անիմաստ դառնում։ Փախչելն էլ է անիմաստ, թաքնվելն էլ։ Նա ամենուր է։ Ամեն քայլիս հետևում կանգնած ու ինձ ոչ մի կերպ չի նկատում։

Ինձ մոտ արդեն այնպիսի տպավորություն է, որ ես եմ հետևում նրան և ոչ թե նա ինձ։ Եվ համոզվելու համար շրջվում եմ ու շարունակում ճանապարհս՝ քայլելով նրա հետևից։

 

 

Ընթերցել նաև