Հարցազրույց Մշակույթ

Անահիտ Շահբազյան․ «Պիտի շատ սեր խնդրել Աստծուց․․․»․ հարցազրույց

 

Երաժշտական աշխարհը․․․

 

-Երբ ես ծնվեցի, արդեն երաժշտության մեջ էի, որովհետև մեր տանը և գերդաստանում շատ մարդիկ տիրապետել են տարբեր երաժշտական գործիքների: Պապիկս դուդուկ է նվագել, հայրս՝ դհոլ, և մեր տանը միշտ կենդանի նվագակցությամբ խնջույքներ են եղել: Եվ այդպես եղել է մինչ իմ հայտնվելը այդ ընտանիքում, ուստի ես այդ միջավայրում եմ ծնվել և մեծացել: Ծնվել եմ Երևանում, բայց արմատներով գյումրեցի եմ և այդ արմատները իրենց տեղն ունեն, խոսում են: Երաժշտությունը մեր առօրյայի և խնջույքների սովորական մասն էր: Հենց այս պատճառով ծնողներս ինձ տեսնում էին այլ ոլորտներում ու հորդորեցին ուրիշ մասնագիտություն ընտրել: Շուտով ես ընդունվեցի Եվրոպական ակադեմիայի «Մուլտիմեդիա և դիզայն» բաժին: Չնայած այստեղ շատ հետաքրքիր էր, բայց ինձ համար ձանձրալի էր անցնում, որովհետև ինձ կտրեցին իմ երաժշտական միջավայրից, իսկ ես մինչ այդ արդեն ունեի որոշակի երաժշտական կրթություն Երգի պետական թատրոնում: Ինձ համար շատ խորթ էր, որ ես պիտի գնամ մի տեղ, որը իմը չէ և ստիպված պիտի սովորեմ: Եկավ մի պահ, երբ այդ գեները, հզոր ցանկությունը և սերը դեպի երաժշտություն, ինձ կլանեց և տարավ  իր հետքերով: Կիսատ թողնելով ուսումս Եվրոպական համալսարանում, ես ընդունվեցի Խորենացի համալսարանի բանասիրական  ֆակուլտետ, որտեղ կարելի էր սովորել հեռակա և զբաղվել երաժշտությամբ: Եվ այդպես եկավ մրցույթ-փառատոներին մասնակցելու ժամանակը: Դա 2007 թվականն էր և ես իմ առաջին մրցույթի ժամանակ գրավեցի երրորդ մրցանակային տեղը:

 

Նախախնամության մասին…

 

-Միշտ այն համոզմունքին եմ եղել, որ ինձ հետ ինչ կատարվում է, ուրեմն ի վերուստ այդպես էլ պիտի լիներ: Առանց փորձությունների ու սխալների հնարավոր չէ գտնել լավն ու ճիշտը, այսինքն՝ պիտի անպայման հայտնվես տարբեր միջավայրերում, որպեսզի հասկանաս՝ դա քո տեղն է, թե ոչ: Եթե այդ ամենը չլիներ, ինչի միջով անցա, գուցե ես ափսայի, թե ինչու չեմ լսել ծնողներիս և ընտրել այլ մասնագիտություն: Իհարկե, արվեստագետների, առավել ևս երգիչ-երգչուհիների համար շատ բարդ է և գումար վաստակել, լինել ու մնալ մաքուր, անաղարտ… Այս ասպարեզի դժվարությունները և փորձություններն իսկապես շատ են, բայց պայքարը շատ բան է սովորեցնում կյանքի համար:

 

Հոգևոր լիցքերի անհրաժեշտ պաշարները՝ պայքարելու և նպատակներին հասնելու համար․․․

 

-Ես շատ բարի, մաքուր ընտանիքում եմ ծնվել, որտեղ բոլորը շատ հարգող, սիրող, գնահատող ու ներողամիտ են, և հենց դա է ինձ միշտ սնուցել: Ես սովորեցի ներել, որն էլ համարում եմ իմ հաջողության գրավականը և կյանքումս հանդիպած խոչընդոտները հաղթահարելու բանալին: Եթե ես մշտապես չներեմ, կսկսեմ չարանալ և լինել իրենցից մեկը: Եվ ինչու լինեմ իրենցից մեկը, եթե ես կարող եմ լինել բարի: Ես կերազեմ լինել այն տեսակը, որ մարդիկ ինչ-որ կերպ սնվեն ինձանից:

 

Երաժշտական ճաշակ ունենալու և տարածելու համար պետք են․․․

 

-Առաջին հերթին լավ ուսուցիչներ, որոնք իմ ճանապարհին շատ են եղել և ինձ ճիշտ ուղու վրա են դրել, որպեսզի ես ընտրեմ ինտելեկտուալ երաժշտություն և երգեր: Բայց ես գիտակցում եմ, որ այդ տխուր երաժշտության մեջ շատերը չեն ուզում խորանալ և նախընտրում են այդ ժամանցային երաժշտությունը, որը վայրկյանական ուրախություն է պարգևում, թեպետ չի սնուցում մարդկանց: Այնուամենայնիվ, հիմա դա պոպուլյար է և ես էլ եմ ուզում գնալ դրան, բայցև վստահ եմ, որ այդտեղ էլ ինչ-որ սնուցող բաներ են մնալու ինձանից: Կարելի է ասել, որ ես հոգնել եմ այդ ծանր երգերից և դրանց թողած ծանր հոգեվիճակներից: Օրինակ՝ իմ երգած վերջին այդպիսի խորիմաստ երգերից մեկը եղավ «Որդիս» երգը, որը նվիրված է քառօրյա պատերազմում զոհված զինվորներին, ավելի կոնկրետ՝ Անդրանիկ Զոհրաբյանի հիշատակին, որի տեսահոլովակի նկարահանումները անցել են այն աստիճանի հուզական մթնոլորտում, որ դիմահարդարը արդեն հրաժարվում էր ամեն կադրից հետո ինձ տեսքի բերել…Չգիտեմ ինչպես կարողացա կատարել այդ երգը: Դրա համար այդ բարդ երգերը ուզում եմ կրճատել և ավելի շատ թեթև, խաղարկային, ուրախ երգեր եմ այսուհետև երգելու: Ես ձգտեցի և կարծում եմ, հասել եմ այն բանին, որ ունիվերսալ երգչուհի լինեմ և տարբեր ոճերում կարողանամ երգել, որովհետև բոլորն էլ ինձ հաճելի են: Այժմ ուսումնասիրում եմ ազգագրական երաժշտություն, բայց ինձ ավելի լավ եմ զգում էստրադային երաժշտության մեջ, ինչպես նաև սիրում եմ սևամորթների հոգևոր երաժշտությունը: Բոլոր դեպքերում, ցանկացած ոճի երաժշտություն փորձելուց առաջ նախ հաշվի եմ առնում իմ ձայնային տվյալները և տոնայնությունը, որովհետև երբ ճիշտ տոնայնությամբ ես երգում, ապա այդ երգը հաղթող է ու  դու դրան հավելում ես քո մեջ եղած բոլոր շնորհները:

 

 

Կարդում եմ․․․

 

-Վերջերս ավարտեցի Քըրք Քրքորյանի «Խաղացողը» գիրքը: Շատ հետաքրքրված եմ հոգևոր գրքերով, որոնք  ինձ մեծ սնունդ են տալիս: Շատ կուզենայի ճանաչել ամբողջ աշխարհի քրիստոնյա և հայ սրբերին: Գիտակցում եմ, որ երբ իրենց մասին ամեն ինչ կարդամ, ամեն ինչ կիմանամ աշխարհի մասին և ինձ էլ ոչինչ պետք չի լինի՝ ո՛չ լրահոսի ինֆորմացիան, ո՛չ ինտերնետը, ոչ մի բան:

 

Սիրո և ներդաշնակության դրսևորումները…

 

-Նախ պիտի շնորհակալ լինեմ այն ամենի համար, ինչ ունեմ: Թեկուզ համեմատաբար ուշ ամուսնացա, բայց իմ կողքին հայտնվեց մի մարդ, ով և՛ իմ ընկերն է, և՛ իմ սիրելին, և՛ իմ ամուսինը, ում հետ հարաբերությունները ինձ համար վեր են ամեն ինչից: Ինձ իսկապես հաջողվել է հրաշալի մարդու հետ ամուսնանալ, որովհետև ամենակարևոր հատկանիշներից մեկը, որ նա ունի, անսահման բարությունն է, որը ամեն ինչ կարող է փոխել: Իսկ լիարժեք ներդաշնակության, կարծում եմ, կարող ենք հասնել ծերության ժամանակ: Ի դեպ, իմ ամուսինը ազգագրական երգ ու պարի մեջ է: «Տարոնցիներ» ազգագրական երգի, պարի համույթի երաժշտական մասի գեղարվեստական ղեկավարն Կարեն Զադիրյանն է, և հենց նրա շնորհիվ է իմ մեջ հետաքրքրություն և սեր առաջացել ազգագրականի նկատմամբ, որից ես շատ եմ սնուցվում: Արդեն պարում եմ ազգագրական պարեր: Դա մեր ամուսնության նախապայմաններից մեկն է եղել (ժպտում է-հեղ.):

 

 Մեզ պակասում է․․․

 

-Սիրո, միասնականության և բարության պակաս ունենք իրար նկատմամբ, որովհետև դրա պատճառով շատ ագրեսիվ է մեր քաղաքը: Հենց դա է մեզ խանգարում, որ ունենանք ազգային մեկ կարծիք հանրության մեջ: Պիտի շատ խնդրենք Աստծուց սեր: Բոլորս, ամեն մեկս մեզ համար: Ամեն մարդ սիրուց է սնվում նախ: Եթե մենք մեր մեջ շատ սեր ունենանք, մեզ հետ ոչինչ չի պատահի, այնքան բարի կլինենք, այնքան ներդաշնակ ու հանգիստ կապրենք այս քաղաքում… Շատ ներողամիտ կլինենք միմյանց նկատմամբ ու բոլոր թերություններին շտկում կտանք: Այդ սիրուց, վստահ եմ, շատ ավելի լավ որոշումներ կծնվեն:

 

 

 

Լուսանկարները՝  Երևանյան Էսքիզ գրական/մշակութային կայքի 

© Երևան  2020

Զրույցը վարեց՝  Տիգրանուհի Մարգարյանը

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ընթերցել նաև