Հայ արդի գրողներ Հայ արդի պոեզիա Պոեզիա

Անահիտ Մխիթարյան․ «Իմ հայրենիքը շարունակվում է»․ բանաստեղծական շարք

 

սա

Գրինթաունը չէ, 

բայց այստեղ

գինու

խատուտիկներ են

ծաղկում

ամեն

օր

 

 

*

 

Ձորի գետն էր

թռչում

թափով, 

գնում էինք

երեքով, 

չգիտեինք

ինչ էր պատմում

տատս՝

այդպես

երգելով, 

ձորը լիքն էր

կակաչներով, 

գետը՝

հսկա քարերով, 

անցնում  էինք

մյուս ափը՝

մեկս

մյուսից

բռնելով, 

կտրում, 

ձևում, 

չափում էինք

ժամանակը

հին ձևով, 

ես ու քույրս՝

կարճ ու երկար, 

տատս՝

բարակ

իր

ստվերով․․․

 

 

*

 

ինձ խոստացիր,

որ գալու ես

նույն

անձրևից․․․

 

 

*

 

Մագաղաթ է օրը դարձել,

մի մեծ ամպ է իջնում դարին, 

ես չգիտեմ՝ինչ կպատմեն

իմ ափերը այս աշխարհին։ 

 

Ավարայր է։ Հասնեմ ես տեղ, _

ա՞ղ, չէ՛, պետք չէ խաչերկաթին, 

անձրևներ կան՝ չեն դադարում, 

Եղիշեն է իմ շուրթերին․․․

 

 

 *

 

այնտեղ,

ա՜յ, այնտեղ՝

այն  կապույտ

հովտում, 

ուր անձրևները դառնում են

ծրար, 

դառնում են

ծաղիկ, 

միշտ ինձ են

հասնում —

 

ես համբուրում եմ

խատուտիկները, 

որ դու ես

գրում․․․

 

 

*

 

Նարնջագույն են ծառերը այստեղ,

այստեղ մեռնում են կարմիր ու կանաչ, 

ես ոտաբոբիկ քայլեցի կյանքում, 

որ իմ հետքերը չկորչեն հանկարծ։ 

 

Մեր մեջ դեռ վայրի ցեղեր են ապրում,

մենք մեզ չենք հիշի մահից շատ առաջ, 

ես նարնջագույն հաց վաստակեցի, 

նարինջ է, թե վերք —

խնդրում եմ, կամաց․․․

 

 

*

 

մոհիկանները վերադառնում են․․․

քո հոգեմաշկի

ձկները կապույտ

մեռնում են

դանդաղ, 

երանի նրան, 

ով կապրի

վայրի 

ամպրոպների մեջ, 

երանի նրան, 

ով ծառ կկարդա —

սոճեմարմինդ․․․

 

 

*

 

գահավիժում են

ձյուները կարմիր, 

քամին գնում է

Վերին

օծության, 

այնպես եմ ուզում

բացվել

քո

կողքին, 

թաքուն շշնջալ՝

իսկ դու

տե՞ր ես, 

Ծա՛ռ․․․ 

 

 

*

 

եթե

անձրև է, 

նամակ է

թռչում․․․ 

 

 

*

 

ճանաչում եմ ես Վերջին այն մարդուն,

ճանաչում եմ ես աշխարհը անվերջ, 

այստեղ քննեցի բանականորեն

ես իմ գոյության զրոները պերճ, 

հեռանում են եսերս ինձնից, 

ես մեն-մենակ եմ մթնշաղի մեջ, 

որ երկրաչափը կհավատացնի, 

որ ես չեմ լեռան Զրադաշտը մեծ․․․ 

 

 

*

 

զարմանալի է

կյանքը 

լեռներում —

 

մարդն ու ագռավը

դեռ միասին են

 

 

*

 

 

ՊԱՏԵՐԱԶՄ

 

աղմկահարույց

կյանքերն իմ բոլոր

կարող էի ես

քեզնով

վերծանել

ու քեզնով

սկսել

ես իմ պատմության 

մասնիկը

քառորդ․․․

 

ճակատագիր ես

քսում

իմ մոխրին․․․

 

սակայն

ինչո՞ւ եմ

այսքան

անհաղորդ․․․

 

 

*

 

արյունը

ճեղքող

ձնծաղիկներն ու

դիմացի

լանջի

թարմ 

շապիկները

նույն կերպ են բուրում

 

իմ

Հայրենիքը

շարունակվում է․․․

 

Ընթերցել նաև