Արտասահմանյան պոեզիա Թարգմանություն Պոեզիա Պոեզիա

Ալֆոնսինա Սթորնի․ բանաստեղծություններ

 

Եթե կարող ես` խեղդիր ճիչը ճայերի,
որ լցվում է իմ մեջ իբրև արյուն`
դանդաղորեն ճաքճքող խոցի,
որ արթնացնում է
հիշողությանս վերմակի տակ ննջող
սուր աշնանախտը
և ես դարձյալ սկսում եմ
տառապել կանոնավոր,
որովհետև բուժվելով քեզնից`
ես վարակվեցի`
աշխարհն այլևս անպիտան տեսնելու
անբուժելի հիվանդությամբ…

*

Ծովափ

Դեղին գլխարկով ծերուկը
Մահացավ կանգնած`
Հենելով թիկունքը
Քարե վանդակներին:

Իմ շորը թրջած
Կանաչ ալիքները
Հոգեհանգստի երգ են մրմնջում նրան`
Փարվելով ափին ներդաշնակորեն:

Հորիզոնի հեռավոր գիծը
Որքան էլ ձգես, մեկ է, իզուր է,
Իսկ վերևում` գլխիցս բարձր,
Սեր արձակող ճիչերն են ճայերի:

Այսպես, հիրավի, դա ճիշտ է.
Կենդանիները դեռ սիրում են.
Թևերը նրանց,
Թաթերը,
Սմբակները
Իրար դեռ սիրում են…

Այսօր ճաշարանում
Ես լսեցի, թե ինչպես
Ոսկեհեր պատանին
Խզված ձայնով թավջութակի
Հարցրեց. « Կարո՞ղ եմ ուտել
Այս դեղձը, մայրի’կ » :
Չգիտեմ ինչու,
Բառերից այդ
Կծկվեց սիրտն իմ:

Ես նորից հիշեցի այն մարդուն,
Ով մահացավ կանգնած,
և ճայերին ճախրող,
և հորիզոնը` հեռավոր, փախչող…

 

Թարգմանությունը`  Մարգարետ Ասլանյանի

Արգենտինա

 

 

 

 

Ընթերցել նաև