Հարցազրույց Հեքիաթ Մշակույթ

Ալիս Մելիքսեթյան․ «Այսօրվա մեր հերոսները հեքիաթ ստեղծող, սիրող մարդիկ են»․ զրույց

 

Հեքիաթներն ավարտ չեն ունենում, եթե ունենում են, ապա դրանք հեքիաթ չեն։ Իզուր չէ, որ այն սկսվում է «Լինում է, չի  լինում»-ով… Այստեղ՝ խոսքը ոչ թե ստի և իրականության մասին է, այլ բոլոր դեպքերում՝  լինելիության, առկայության, և  չլինելն  էլ՝ իր պատմությունն ունի, այլ բան է, թե ով՝ ինչին և որքանով է  հավատում, հենց դա էլ իրականացնում է, կյանքի է կոչում։ Ինձ համար հեքիաթը պարզապես գրական ժանր  չէ, այն տարածություն է, աշխարհընկալում, հոգեվիճակ, որը կրում ես քո մեջ, կամ՝ ոչ, որտեղից սնվում և սնում ես կենսական անհրաժեշտության երազանքի և փորձառության վիտամիններով։ Հեքիաթը սիրո պես է՝ այն  տարիք չի ճանաչում, և հակառակը՝ սերն էլ միշտ համեմատում են հեքիաթի հետ, և իզուր չէ, որ ում սիրում են,  ասում  են՝ հեքիաթի պես աչքեր ունի կամ հոգի․․․ Հեքիաթը գեղեցիկի, բացարձակի, պարզության, վերնայինին  հասնելու արահետն է։ Ես հեքիաթներ կարդացել եմ ավելի ուշ, քան պետք էր, երևի թե այն պարզ  պատճառներից մեկով, որ մանկահասակ տարիքում ապրած օրերն ու ժամերն ինքնին հեքիաթ են։ Մայրիկի թխած հացը, գնած խաղալիքը, հագուստը, լայնաբաց, ջերմ գուրգուրանքը և քաղցր ապտակն ու խրատը, իսկական անրջանք ու երազ է, որ միշտ իրական կմնա քո սրտում։ Առաջին ձյունը՝  ինձ համար միշտ ասոցացվում է Ձյունանուշ, Սպիտակաձյունիկ  բառերի հետ, երկու բառարմատն էլ առանձին վերցրած սիրում եմ և հաճելի է արտասանել. համանուն հեքիաթը՝  «Սպիտակաձյունիկն ու յոթ թզուկները» մարդկային ամենաշիտակ և ցայտուն դրսևորումների, փոխհարաբերությունների և դրախտային կյանքի բերկրանքն  ըբոշխնելու լավագույն օրինակներից մեկն է։ Այնտեղ գրեթե կան առօրյայում հանդիպող բոլոր հավաքական  կերպարները՝ ամաչկոտը, ծույլիկը, փնթփնթանը, հոգատարը և այլն, ուր բոլորը միակապակցված փոխհարաբերությունների մեջ են միմյանց հետ. մեկը՝ բոլորին, բոլորը՝ մեկին սկզբունքով։ Հիասքանչ է ու  ներդաշնակ, հատկապես, երբ թռչունները, եղնիկներն օգնում են Սպիտակաձյունիկին կենցաղային գործերում՝  չորացնում ափսեները․․․

Այսօրվա մեր հերոսները՝  սիրող մարդիկ են, հեքիաթ ստեղծող, օր ու սիրտ լցնող, ովքեր իրենց ներկայությամբ լուսավորում են մերձավորին, հույս են տալիս, ձեռք բռնում և սիրով պարուրում, հասցնում բաց ծով։

Տիրոջ օրհնությունն աշխարհի մանուկներին և անհոգ մանկություն՝ լի խենթություններով, քանզի դա  է ապագայի լուսավոր առհավատչյան։

 

 

 

© Երևանյան Էսքիզ 2020

 

 

 

Ընթերցել նաև