Արտասահմանյան գրողներ Արտասահմանյան պոեզիա Թարգմանություն Պոեզիա Պոեզիա

Ալդա Մերինի. «Սիրո դասեր» գրքից․ բանաստեղծություններ

Ես քեզ երեկ մոռացել եմ:
Այստեղ, ուր ծովը վաղուց չգիտի պահել գաղտնիքներ՝
մարդիկ կոտրված դռներ են:
Անկեղծորեն ասեիր, որ իմը չես՝
ես ստիպված չէի լինի
տեղավորել երկինքը ճամպրուկում:
Անձրևներն այս տարի ուշանում են,
անսեր քաղաքում՝
կամուրջների տակ,
կամուրջներն ի վեր,
սերը դեգերում է իբրև վարձու կին:
Կանայք ծնում են տղամարդկանց,
ովքեր սպանում են նրանց,
տղամարդիկ ընտրում են կանանց,
ում տենչում են ապրել:

 

*

 

Պոեզիան ավարտվում է,
երբ ամուսնանում են կանայք,
ում տղամարդիկ երջանիկ են:
Աշխարհում սկսում է պակասել
ինչ-որ մեկի դրամատիկ պատմությունը,
պատուհաններում մարում է
կիսարթուն լույսը:
Ոչ մեկ չի վերադառնում
մեղքի քաղաքներ,
երբ մոռանում է անունն իր ցավի:
Մենք հղկվում ենք տառապանքի մեջ,
բթանում՝ երջանկության ուսին,
մեռնում՝ ափսոսանքի անկողնում:

 

*

 

Ումբերտոյի կամրջից նետում եմ թախիծս:
Արի հանդիպենք այսօր իմ տանը,
արի սիրենք իրար
առանց վկաների:
Ասա նրան, որ ծաղկավաճառի ծածկի տակ
մոռացել ես գնածդ ճերմակ վարդերը,
և փուշ սրտով թակիր դուռս:
Ես կձևացնեմ, որ տասը տարի սպասել եմ քեզ
ու վերադարձել ես՝
նավաբեկությունից փրկված:
Դու կհավատացնես,
որ ոչ մի օր չես մեռել
անծանոթների ձեռքերում:
Գիշերը դու կսրբագրես օրը,
առավոտյան արյունած սավանը կհիշեցնի
քեզ ինձնից բաժանած
ճերմակ վարդերի սուտը՝
մեկընդմիշտ քայքայած կյանքդ,
հավերժաբար խլած թռիչքս…

 

*

 

Ինձ նման կանայք
ծխախոտի մեջ
շնչում են հիշողությունը
ինչ-որ մեկի մասին:
Ես երջանիկ եմ,
որ այսքան
ոչ ոքինն եմ:

 

*

 

Ես քո սիրուհին եմ, Միլան:
Դու տեսել ես միլիոնավոր կանանց մերկությունը,
դու չես մոռացել մեր ոչ մի գիշերը:
Ինձ պատմել են, որ խեղդել ես հուսահատությունդ
ամեն պատահած շրջազգեստի տակ,
ես ոչ մեկին չեմ պատմել՝
ինչ մեղավոր ես վերադարձել տուն…
Ամեն բան արկած է, Միլան:
Մեզ պակասում է ճամփորդությունը
դեպի ՆԵՐՍ,
մեզ պակասում է սթափ գիտակցումը
ՉԿՐԿՆՎԵԼՈՒ:

 

Թարգմանությունը՝   Մարգարետ Ասլանյանի

Միլան/Իտալիա

 

 

 

 

 

 

Ընթերցել նաև