Արտասահմանյան գրողներ Արտասահմանյան պոեզիա Թարգմանություն Պոեզիա

Աթիլլա Յոժեֆ․ «ARS POETICA». բանաստեղծություններ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Մաքրաջինջ սրտով 

 

 

Մենակ՝ անհայրիկ և առանց մայրիկ,

առանց Տեր-Աստծո ու առանց տանիք,

գլխաբաց, փափուկ բարձին անծանոթ,

առանց սիրեկան, համբույրի կարոտ,

 

երրորդ օրն է ինչ` հաշտ ու անտրտունջ  

հաց չեմ ճաշակել գոնե մի պտղունց:  

Ամբարն իմ ուժի տարիներս են ժանտ,    

բոլոր քսան էլ կծախեմ էժան: 

 

Եթե չստացվի վաճառել մի բան,

սատանան դրանք կգնի վստահ:      

Ծանր գործ է սա՝ մաքրաջինջ սրտով.

պատրաստ եմ սպանել, թալանել և թող

 

ինձ բռնեն, թեկուզ հանեն կախաղան, 

օրհնված հողում կպառկեմ խաղաղ,

թունավոր խոտը կսկսի աճել՝

իմ չքնաղ, մատղաշ սրտում կանաչել:

 

 

*

 

Ցավ

 

 

Իմ աչքերում ցավն է հալչում.

Վարգում էի ինչպես եղնիկ,

Բայց և գայլերն էլ արնախում

Իմ սրտից շատ հեռու չէին:

 

Ես թողեցի եղջյուրներն իմ, 

Վաղուց էր դա, էն ե՞րբ էր, ե՞րբ, 

Պոկված իմ զույգ գմբեթներից՝

Ծառի ճյուղին ճոճվում են դեռ:

 

Այդպիսին էի ես նախկինում.

Եղնիկ էի եղջյուրավոր:  

Բայց ես ահա գայլ եմ դառնում

Եվ կորցրել եմ քուն ու անդորր:

 

Ես իսկական գայլ եմ դառնում

Կախարդանքի ուժով, սակայն

Մինչ փրփուր են իմոնք թքում,

Ես փորձում եմ ժպտալ մարդկանց:

 

Ես ականջներն եմ իմ սրում,

Երբ սրունքս է նվվում վերքից.   

Փորձի՛ր քնել, երբ թթենու

Մուգ տերևն է ընկնում մեջքիդ:

 

*

 

Ars poetica 

 

 

Պոետ եմ ես, բայց արվեստը քերթության

իմ փույթը չէ. գիշերային գետակից 

երկինք ելած աստղը անգամ տվնջյան  

ինձ չի հուզում, չունի արժեք իսկ չնչին:

 

Հեքիաթներն այդ մոր կաթի հետ եմ ծծել,

ժամանակի սողընթացը կանգ չունի:      

Ըմբոշխնում եմ ես աշխարհն այս իրեղեն՝

Հետն էլ երկինքը փրփրադեզ ու թովիչ:

 

Ջու՛րը մտեք, քաղցր է աղբյուրն ու մաքուր:

Գիրկընդխառն՝ սրտի թրթիռ ու անդորր,

ճամարտակող իմաստնությունն է հառնում

փրփուրներից՝ նրբագեղ ու հմայող:

 

Այլ պոետնե՞ր – դրանք ինձ չեն էլ հուզում: 

Փորից ցնկնած սուտ պատկերներ հորինված՝    

կրակ ժայթքող, կեղծ, վերամբարձ ու փքուն,

թող ցայտեցնեն հոգուց իրենց գինովցած:

 

Ես քայլում եմ հրաշքների մեջ օրվա՝  

Մտքիս հասու և ավելի քան ուշիմ:     

Ազատ մտքով ես երբևէ չեմ խաղա  

Դերն աղտեղի ստրկամիտ ապուշի:

 

Ազատ ես՝ կե՛ր, խմ՛իր, սիրի՛ր ու տոկա՛:   

Համակշռիր քեզ տիեզերքի փառքի հետ:  

Իմ մեջ նզովքս չեմ խեղդի, չեմ սողա  

մեզ կեղեքող իշխանական ուժի դեմ:  

 

Ո՛չ մի գործարք. թողեք լինեմ երջանիկ:

Կամ՝ թող բոլորն ինձ հիմնովին քոթակեն.    

թող պատանվեմ վարշամակում կարմրաբիծ,        

ավիշ ու հյութն իմ թող տենդից ցամաքեն:  

 

Փակ չեմ դնի ես իմ լեզվին կռվազան:

Ես գիտության, ճշմարտության եմ կարոտ:

Ինձ անսալով՝ դարն է շարժվում ընդառաջ.   

Եվ գեղջուկն է հերկում դաշտերն ու արոտ,

 

Բանվորն իմ տաք շունչն է զգում իր մարմնում՝

Ձեռքի երկու պրկումներում կուտակված. 

ջահելությունն է ճղճղված ինձ սպասում    

երեկոյան՝ ակումբի մոտ հավաքված:     

 

Ուր նենգմիտներն են դավադիր հարձակվում 

քերթվածներիս կրակագծի ուղղությամբ,        

Եղբայրական հրասայլերն են ժայթքում՝     

հանգ ու հնչյուն ջարդում, անում ցիրուցան:

 

Ասում եմ ձեզ՝ մարդս դեռ չի մեծացել,

իր վայրենի ուղեղին է զոռ տալիս:      

Սերն ու խելքը՝ հանց հոգատար ծնողներ,     

Մանկանը թող սաստեն իրենց բթամիտ: 

 

 

*

 

Ես մարդ եմ, մարդ

 

 

Ես մարդ եմ,մարդ, կենդանի ու երջանիկ,

ինչպես իրերն այն, որ միշտ կան, կլինեն,

աղաղակս թույլ տուր հանեմ առ երկինք —

Ֆլո՛րա, ծաղիկ, դու իմ սեր:

 

Պաղ շուրթերիս՝ հազար անէծք ու թովչանք,

հավատարիմ շուն եմ՝ ես չեմ թաքցնում,

քո հմայիչ մատնախաղերն ինձ որձակ՝ 

տղամարդ են դարձնում:

 

Դու՛ զամբյուղ ես, Ֆլորա՝ բարակ ու չքնաղ,    

ինչպես փունջը ծաղկափթիթ երկնքում  

ամպերի մեջ, տերևներով սրթսրթան,

որ գիշերին է թեքվում:

 

Հոգիս մի ձի՝ ցատկոտում է քո տեսքից,   

տրտինգ տալիս արոտներում, ջրերում:

Խոտից նայող զույգ բզեզներն աչքերիդ՝  

ինձ խելքամաղ են անում:  

 

Երեկո է, երկինքն ահա աստղալից

ճոխ վանդակում տիեզերքի պարփակված,

դու այստեղ ես, զրուցարան իմ գողտրիկ,  

ա՜խ իմ թռչնակ բանտարկված…

 

*

 

Ի վերջո

 

 

Ես սածիլներ եմ կտրատել, կաթսաներն եմ մաքրազարդել,

Եվ ծղոտե գարշահոտող ներքնակների վրա պառկել,

Դատավորներն ինձ դատեցին, հիմարները ինձ ծաղրեցին,

Փայլն իմ խամրեց՝ նվաղելով նկուղներում խոր, գետնափոր:

Համբուրեցի մի աղջկա, որ այնպես էր երգ ծոր տալիս

ինչպես օտար մեկի համար հաց կթխեր,

ինձ հագուստ էին նաև տալիս, փոխարենը գրքեր էի

ես նվիրում գյուղացի ու բանվորներին:

Սիրահարված էի հարուստ ու բարեսիրտ մի աղջկա,

սակայն նրա դասն հարազատ խլեց նրան ինձանից.

Սնվում էի նաև մեկ-մեկ՝ երկու օրը մեկ անգամ

և վերջապես խոց ստացա ստամոքսի:

Ես զգացի, որ աշխարհը շուրջս պտույտ էր գործում

Եվ ստամոքսն իմ բորբոքված՝ լորձահյութով հագեցած

մեր մարսախախտ եղած սերն էր մտքի ծայրով որոճում,

պատերազմն էլ ուրիշ բան չէր՝ արնոտ փսխում ու ործկանք:

Քանզի թթվաշ լռությունը մեր բերանն էր ողողել,

ուստի սիրտն իմ տրորեցի, որ գոռգոռա նա ցասկոտ,

Ինչպե՞ս կարող էր գոհանալ միտքն իմ կայտառ, խելահեղ

Եկամուտի համար հյուսված ընդարմացնող երգերով:

Նրանք ինձ շատ փող խոստացան՝ մեծ վրեժիս ի խնդիր.  

Եվ տերտերները ասացին. Որդյա՛կ, Տիրոջն հավատա:

Ես իմացա այսպես, որ նա, ով ձեռնունայն մնա պիտի,

Կացիններով ու  բրերով ու քարերով ետ կգա:

Աչքեր ունեմ ես հրացայտ և հզոր կամք հաղթանակի,

ու ես պատրաստ լինեմ պիտի և միջոցներ ունենամ

արդարության դատ բացելու՝ կողմնորոշվեմ որպեսզի

հիշողության բավիղներում այս անողոք ու դաժան:

Բայց ինձ ի՞նչ փույթ հիշատակներն իմ բազում:

Ավելի շուտ վայր կդնեմ ես իմ գրիչը թեկուզ

և փոխարենը կսկսեմ ծայրը սրել մանգաղի, 

քանզի պահն է հասունացել մեր երկրում՝

լուռ, համրաձայն, սպառնալից:

 

*

 

Ներբողյան

 

1

Ես մենակ եմ այս քարափին ջերմ ու լուսառատ:

Զեփյուռն է նուրբ ու թափանցիկ

մեղմ ալիքվում, շունչն է բուրում մանուկ ամռան,

թովիչ՝ ինչպես ջերմությունը իրիկնահացի:

Լռությանն եմ ընտելացնում սիրտս հմայված:

Հեշտանքին տրված —

Ամենը, որ չքվեց, կորավ, իմ մեջ է լցվել,

խոնարհվում է գլուխս և իմ ձեռքերը մերկ

օդում են կախված:

 

Ես տեսնում եմ բաշը լեռան —

յուրաքանչյուր փոքրիկ տերև կամ սաղարթ

թռչկոտում է լուսացոլքում հոնքերիդ:

Ոչ ոք չկա և կածանն է ամայի,

տեսնում եմ, թե ինչպես է փեշը շորիդ

քամու շնչից ծածանվում:

Վարսերն ես քո թափահարում խճողված

ճյուղերի միջև,

Քո կրծքերն եմ տեսնում փափուկ, թրթռուն.

— ցածում հոսող Սինվա գետին ճիշտ նման —

խիճերի մեջ քչքչացող ատամներդ ձյունաճերմակ,

և թե ինչպես է ծիծաղդ կայտառ ցայտում,

շրմփալով ջրերի մեջ՝ հեքիաթային ոսկու նման:

 

 

2

Օ՜ որքան եմ ես քեզ սիրում, որ լեզու ես

տվել երկու տիեզերքներին.

սրտի անտակ ու խորախոր անձավներին,

ցավից տանջվող մենակներին —

և երկնքին աստեղային:

Ինչպես ջուրն է որոտաձայն թափվում ցած,

դու բաժանվում ես ինձանից, պոկվում ես ու էլ չկաս,

մինչ ես՝ կյանքի իմ լեռներում, ձայնարկում եմ դեռ, կանչում,

երգում եմ ես, ճչում, տնքում և արձագանքն ահարկու

երկրի դեմքին ու երկնքին է բախվում,

քանզի սիրում եմ ես քեզ, մա՛յր իմ խորթ ու հարազատ:

 

 

3

Սիրում եմ քեզ՝ ինչպես իր մոր գիրկն է սիրում երեխան,

ինչպես համր քարանձավն է սիրում հատակը իր խոր,

դահլիճն ինչպես՝ լույսը սիրող, որ ցուցանում է նրան,

ինչպես մարմինը՝ լռությունն ու հոգին՝ հուրը սիրող:

Սիրում եմ քեզ՝ ինչպես մարդն է մահկանացու

իր կենդանի շնչառության պահերը սիրում:

 

Յուրաքանչյուր ժպիտը քո, ամեն խոսքդ ու շարժում,

պահում եմ ես՝ ինչպես հողն իմ մարմինները ցած ընկնող.

թթուներն են ինչպես մետաղը քայքայում ու խժռում,

քեզ ուղեղիս մեջ եմ դաջում բնազդաբար,

դու գեղեցիկ կաղապարվածք,

բնանյութը քո իմ բոլոր ծակուծուկերն է լցնում:

 

Պահերն անցնում են՝ անողոք, խառնիփնթոր,

բայց ունկերում իմ լռությունն է քո հնչում:

Նույնիսկ աստղերն են մոխրանում ու խորտակվում,

բայց դու անդորր ես հավերժող իմ աչքերում:

Եվ համը քո՝ ջրափոսի պես քարայրի,

Լող է տալիս իմ բերանում զովաշունչ,

ձեռքդ՝ ջրի բաժակին,

պսպղում է իր ժանյակով փայլփլուն,

մթնշաղում գեղանի:

 

 

4

Տարօրինակ այս ի՞նչ նյութից եմ ես շինված,

որ քո հայացքն ի զորու է այլափոխել ինձ, ձևել: —

Ի՞նչ հոգի է, այդ ի՞նչ լույս է և կամ ստվեր,    

և ի՞նչ հրաշք է, որ վաղուց մոլորվածիս, թույլ է տվել

 — ոչնչության մառախուղում իմ անմշակ —

հուռթի մարմնիդ ոլորաններն հետազոտել:

 

— Եվ որպեսզի բառ-ծաղիկներն իմ ուղեղում

սուզվեն նրա տեղանքի մեջ գաղտնածածուկ …

 

Մազանոթները քո՝ ինչպես արնակարմիր թուփը վարդի,

պտտվում են առանց դադար ու պար գալիս:

Այնտեղ հորձանքն այդ հավերժող վարարում է ու ալիքվում

և ծաղկում է՝ որպես սերը քո դեմքին տպված,

ներբողելու մութ արգանդիդ պտուղն օրհնված:

Արմտիքներ են բյուրավոր՝ ստինքներիդ տակ զգայուն

և կլորիկ ստամոքսիդ նուրբ հատակին,

որոնց թելերը նրբանուրբ՝ հյուսածո ու բացազատ,

հանգույցն են այն արձակում, որով կապված են նրանք,

որ ավշային բջիջներդ հասունանան ու լցվեն,

և թոքերիդ ոստերը մեծ ու խտասաղարթ

սոսափյունով հուշիկ փառքը իրենց օրհներգեն:

 

Նյութն հավերժող իր երանյալ երթուղով է ընթանում՝

աղիքներիդ բջիջների միջով մութ ու խորշակյալ,

իսկ մահացած թափոններին կյանք է տրված ճոխագույն

երիկամիդ հորերի մեջ՝ եռացող, կայտառ:

 

Բլուրներն են հառնում քո մեջ, ալիքվելով վեր խոյանում,

աստղաբույլերն են դողդողում երկինքներում քո,

լճեր, գետեր, գործարաններ՝ գիշերուզոր աշխատող,

միլիոնավոր արարածներ թռչկոտում են ու ցնծում,

հազարոտնուկ,

ու ծովաբողկ,

ողորմություն անբարեգութ, դաժանություն նրբավար,

քո տաք արևն է շողշողում, հյուսիսիդ լույսը մռայլ,

քեզնից հույզերն են դուրս հորդում՝ խառնիխուռն ու անմշակ

անհաշվելի ու կուրացնող հավերժության:

 

 

5

Այսպես արյունն այս մակարդված

ոտքերիդ է թափվում կաթ-կաթ,

խոսքն այս շողոքորթ:

Գոյությունն ինքն է կակազում.

օրենքն է լոկ իսկությունը բարբառում:

Օրգանները իմ ջանադիր, որոնցում ես նորոգվում եմ

ամեն օր և շարունակ, իրենց վերջին

լռությանն են պատրաստվում:

 

Բայց դեռ մասերը բոլոր բղավում են միառժամ`

Ո՜վ դու, միակդ բազմության մեջ միլիարդավոր,

Ո՜վ եզակիդ, ընտրվածդ, դու՛ և տենչալիդ,

առանձնացվածդ շնորհյալ, դու՛ օրորոց ու մահիճ,

դու գերեզման, մեռյալներին հարություն տվող,

դու ինձ քո մեջ ընդունիր:

 

(Ա՜խ ինչ բարձր է երկինքը այս արևալույսի:

Բանակներ են բոցավառվում հանքաքարի մեջ նրա:

Աչքերը իմ ցավ են առնում այս գերհզոր հոսքից լույսի:

Հիմա կորած եմ այլևս, ես չկամ:

Ողջ աշխարում թակոցն եմ լոկ լսում սրտիս վախվորած,

նրա մռունչն հնամենի:)

 

 

6

(Վերջերգ)

 

 

(Գնացքն է ինձ կածաններով տանում ցածի,

հուսով եմ ինձ հետ կբերի վերջապես,

գուցե իմ տաք դեմքը այսօր կսառչի,

գուցե ինձ հետ դու կխոսես, ու կասես.

 

Ջուրն է հոսում, եկ լոգանանք միասին:

Սրբիչն ահա, քեզ չորացրու, կարգի բեր:

Ջեռոցի միսն անուշ արա, կշտացիր:

Ահա և իմ մահճակալը, պառկի՛ր, դե՛:)

 

 

Թարգմանությունը՝  Աշոտ Ալեքսանյանի

 

 

 

 

 

 

 

 

 

Ընթերցել նաև