Հայ արդի գրողներ Հայ արդի պոեզիա Պոեզիա

Ադի Ալյեն․ «Ընդերք»․ բանաստեղծական շարք

 

 

 

Ուղարկիր ինձ այն երգը,

որ նվագում է քո ականջակալներում,

երբ փամփուշտները դիպչում են սխալ մարդկանց…

 

*

 

Հիմա դու աշխարհի
որ ծայրում էլ անձրևես՝
իմ քաղաքում
եղանակը չի փոխվի:

 

*

Ինչ-որ մի տեղ,
մեր փոխարեն,
երևի,
իրար
գտնում են…

 

*

 

Ես կարոտել եմ շերտերը քո ծիծաղի:
Տառապանքը մի դեպք է,ուր վկաներ չկան: Այստեղ մեռնում են լուռ:
Թեև խոստացել էի պինդ լինել, բայց միայն դիմային մկաններս ուժեղ գտնվեցին:

Տես,ես դեռ ժպտում եմ:
Ներսիս պատերը ճաք են տվել, հույսերս փլուզվում են:

Ասա,որ մի փրկություն կա,ասա, որ դա քեզ դեռ հուզում է:

Հավատացրու,որ ես ավելին էի,քան բոլոր նրանք,որ ինձ հաջորդել են:

Ցավս դրանից գուցե մի քիչ պակասեր, եթե մատնեմատիդ շողացող այդ բեռը՝ խոսքերիդ չհակասեր:
Գոռա,որ երջանիկ ես,ու փակիր աչքերդ,երբ տեսնես ինձ արտասվելիս:
Ամեն ինչ քեզ է հիշեցնում,կամ էլ ոչինչ քեզ մոռացնել չի տալիս…

 

*

 

…բայց կա մի կայարան,ուր ամեն ինչից
անկախ՝ իջնում են բոլորը:
Մի քանիսին հեռվում թողնելով մենակ,
մի քանի գույնից դատարկելով օրը…

 

*

 

Կուչ է եկել սավանս իմ մանրությունից:

Նրան էլ,
քեզ պես,
ես չեմ հերիքում:

 

*

 

Հետո կհիշենք անցյալը,
բարձր կծիծաղենք ու ես
կսրբեմ այն արցունքներդ,
որոնք ներս հոսեցին:

 

*

 

Չնվիրած ծաղիկներդ
մտովի գրքից գիրք տեղափոխել
ու չորացրել եմ…

 

*

 

Արի անուններ
տանք մեր վերքերին,
ցավերը մեր
բառեր դարձնենք
ու հազար անգամ
տողադարձենք…

 

*

 

… բայց գիշերվա չասված
բառերից՝ առավոտյան
շուրթերը ճաքում են…

 

 

 

Ընթերցել նաև