Արձակ Արտասահմանյան արձակ Թարգմանություն Խոհեր

Ագլայա Դատեշիձե. «Սովորեցրու ինձ»․ խոհեր

Տե՛ր Աստված…

Սովորեցրո՛ւ ինձ լաց լինել անծանոթների ներկայությամբ:

Սովորեցրո՛ւ լաց լինել, երբ ուզում եմ լաց լինել վշտից, ուրախությունից, ոգեշնչումից: Հատկապես` ոգեշնչումից:

Թող արցունքները հոսեն` չհեղեղելով ինձ:

Սովորեցրո՛ւ ինձ ցավ զգալ` մեծ, փոքր, ցանկացած բնույթի: Ես ուզում եմ անցնել ցավի միջով` թույլ տալով, որ գնա:

Սովորեցրո՛ւ ինձ բարձրաձայն աղաղակել, նույնիսկ, երբ ուրիշները լռում են:

Ինձ հարկավո՜ր չեն անսահման հնարավորություններ:

Տո՛ւր ինձ պարզն ու մարդկայինը` պատրանքներից արագորեն ազատվելու համար:

Հարկավո՜ր չէ հավերժական կյանք ունենալ: Թո՛ղ որ իմ ժամանակը սահմանափակ լինի, որպեսզի էլ ավելի արժեքավոր դառնա:

Ես խնդրում եմ անկատարելություն, որպեսզի ինձ սիրեն, որպեսզի պատվանդանի վրա չբարձրացնեն:

Հարկավոր չէ երկնային մեծություն: Ինձ երկրային մա՛րդ դարձրու, ով կարողանում է տեղավորվել գրկի մեջ:

Պե՜տք չէ հիացմունք: Նվիրի՛ր պարզ սեր: Հիմա՛:

Շատ տարբեր բաներ պետք չեն: Տո՜ւր ինձ միևնույն բանը:

Որպեսզի հազարերորդ անգամ անցնելով ծանոթ ճանապարհով` ես վերջապես հասկանամ:

Սովորեցրո՛ւ ինձ սիրել պարզը, քանզի այն որքան դյուրին է,
Նույնքան և բարդ է, բայց պահանջում է ավելի քիչ ջանքեր:

Ես անհարմար պահեր եմ ուզում, որպեսզի հուզմունքով նայեմ սիրելիի աչքերին:

Քեզնից խնդրում եմ անօգնական իրավիճակներ, հակառակ դեպքում ինչպե՞ս կարող եմ տեսնել ինձ պարզած ձեռքը:
Սովորեցրո՛ւ ինձ հանձնվել:
Սովորեցրո՛ւ ինձ սխալվել:
Սովորեցրո՛ւ ինձ կասկածել:

Խնդրո՜ւմ եմ, թող որ պարզեցնելու կարիք չլինի: Հստակեցրո՛ւ:

Տո՛ւր ուշադրություն լսելու, զգալու այն, ինչ տեղի է ունենում: Թող քնքուշը ուժեղ դառնա:

Ես ծերություն եմ խնդրում, որպեսզի ոչինչ ինձնից դուրս չպատկերացնեմ:

Օգնի՛ր ինձ իմաստից քայլելով հասնել իմաստալիցին: Նվիրի՛ր դատարկություն, որից ծնվում է ամեն, ամե՜ն ինչ:

Ու՛ժ տուր դիմանալու սեփական խելամտությանը` դադարելով ողբերգություն փնտրել այնտեղ, որտեղ ուղղակի հանգիստ շունչ քաշելու կարիք կա:

Տե՛ր, շնորհակալ եմ, որ դու կաս: Իսկ, եթե` ոչ, ապա շնորհակալ եմ գոնե քո գոյության գաղափարի, քեզ գտնելու հուշումի, քեզ փնտրելու հնարավորության համար:

Իսկ, եթե ես ընդամենը առոչինչ դատարկություն եմ, ով մոռացել է տիեզերքի միասնության մասին, ապա խնդրում եմ` այդ մասին հիշեցրու ինձ խնայելով:

Մի բան էլ` սովորեցրո՛ւ ինձ լաց լինել անծանոթների ներկայությամբ այն ժամանակ, երբ ուզենամ…

 

Թարգմանությունը՝  Նունե Մովսիսյանի

 

 

 

Ընթերցել նաև