Թարգմանչի դիտանկյուն Վերլուծություն

Ագաթա Քրիստի․ «Ռոջեր Էքրոյդի սպանությունը». թարգմանչի դիտանկյուն

Ագաթա Քրիստի «Ռոջեր Էքրոյդի սպանությունը»

«Էդիթ Պրինտ» հրատարակչություն

 

Թարգմանությունը ճանապարհորդություն է մի ուրիշ ու հետաքրքիր աշխարհով, թարգմանիչը՝ յուրատեսակ զբոսավար, որն ընթերցողին տանում է այդ աշխարհի բոլոր անկյուններով, ծանոթացնում յուրահատկություններին ու գեղեցկություններին։ Ընդ որում, այս ուղևորությունը թե՛ տարածական է, թե՛ ժամանակային։ Ուստի թարգմանչի համար շատ կարևոր է ճիշտ փոխանցել այն ժամանակաշրջանն  ու միջավայրը, որում տեղի են ունենում գործողությունները, և անել այնպես, որ ընթերցողն իրեն կտրված չզգա այդ ամենից։ Ընթերցողի հետ այդ անտեսանելի կապը պահելն էլ, կարծում եմ, թարգմանչի կարևորագույն խնդիրն է։

Լեզվական անցումներն ավելի սահուն դարձնելու տեսանկյունից կարևորում եմ բնագրային թարգմանության անհրաժեշտությունը։ Յուրաքանչյուր թարգմանիչ նաև համահեղինակ է, իսկ միջնորդ լեզվից թարգմանելու դեպքում ստացվում  է այնպես, որ թարգմանվում է հեղինակի և տվյալ լեզվի թարգմանչի համատեղ աշխատանքը, իսկ այդ դեպքում արդեն անցումը երրորդ լեզվին կարող է հեռացնել ընթերցողին օրիգինալից, իսկ տեքստը՝ ունենալ զգալի տարբերություններ։

Ինքս թարգմանելիս փորձում եմ ամբողջովին ընկղմվել գրքի մեջ, ընկերանալ հերոսների հետ, տեղափոխվել հեղինակի աշխարհ և այդ ամենը հայերենի միջոցով փոխանցել ընթերցողին։ Այդ առումով անչափ հետաքրքիր էր Ագաթա Քրիստիի «Ռոջեր Էքրոյդի սպանությունը» գրքի թարգմանության ընթացքը։

2013 թ․ Դետեկտիվ գրողների բրիտանական ասոցիացիայի կողմից ժանրի լավագույն ստեղծագործություն ճանաչված այս վեպը սկզբնական շրջանում քննարկումների մեծ ալիք էր բարձրացրել։ Քրիստիին մեղադրում էին դետեկտիվի չգրված կանոնները խախտելու համար։ Պատճառը նորարարական ու հակասական վերջաբանն էր՝ մինչ այդ չտեսնված հնարքի կիրառումով։ Սակայն գրականությունը հենց նոր խոսք ասելու ու կարծրացած գաղափարները կոտրելու համար է, և Քրիստիի ռիսկը արդարացվեց։

«Ռոջեր Էքրոյդի սպանությունը» սովորական դետեկտիվ ստեղծագործություն չէ։ Ճիշտ է, այն հայտնի է հենց իր անսպասելի վերջաբանի, հետաքրքրաշարժ սյուժեի ու դետեկտիվին հատուկ գլուխկոտրուկների առատությամբ, բայց այստեղ ուշադրության կենտրոնում են մարդը և նրա հոգեբանական առանձնահատկությունները։ 

Գրքում հերթական անգամ դրսևորվում է Քրիստիի կերտած հանրահայտ խուզարկուի՝ բելգիացի Էրքյուլ Պուարոյի հանճարը։ Վերջինս անցել է հանգստի և բնակություն հաստատել Անգլիայի խաղաղ ու առաջին հայացքից մեծ իրադարձություններից հեռու գյուղակներից մեկում։ Քինգզ Էբոթում, որտեղ բոլորը ճանաչում են իրար, հետաքրքրվում են մեկը մյուսի կյանքով, իսկ բնակիչների հիմնական զբաղմունքը բամբասանքն է, տեղի մեծահարուստ Ռոջեր Էքրոյդի սպանությունը չէր կարող անտարբեր թողնել որևէ մեկի։ Թվում է՝ գործը պարզ է, մեղավորն՝ ակնհայտ, սակայն պարզվում է, որ հերոսներից յուրաքանչյուրը թաքցնելու բան ունի, և կասկածը հերթով ընկնում է բոլորի վրա։ 

Մինչ մյուս խուզարկուներն ամենուրեք հետքեր են փորձում գտնել, Պուարոն շեշտը դնում է մարդկային բնույթի մասին իր հսկայական գիտելիքների վրա։ Իհարկե, հանցագործությունը բացահայտելիս նա հաշվի է առնում նաև իրեղեն ապացույցները, բայց մեթոդի, կարգի ու կանոնի և ուղեղի փոքր մոխրագույն բջիջների համադրությունն է թույլ տալիս քայլ առ քայլ հասնել ճշմարտությանը։ Իսկ ճշմարտությունը, ինչպես ինքն է նշում, որքան էլ սարսափելի լինի, միշտ հետաքրքիր ու գեղեցիկ է՝ որոնողի համար։

 

 

© Երևանյան Էսքիզ 2020

 

 

Քրիստինա Չիլինգարյան

թարգմանիչ

 

 

 

 

 

 

 

 

Ընթերցել նաև