Հայկական արտադրանքի էսքիզ I բիզնեսզրույցներ

Աբստրակտ շարֆեր «Կտոր մը Անի» հավաքածուից․ բիզնեսզրույց հայ գեղանկարիչ Անի Գալստյանի հետ

 

 

Մանկությունը․․․

 

Իմ մանկությունը իր մեջ շատ ջերմ հիշողություններ է պարունակում. ամեն անգամ ժպիտով եմ հիշում այն։ 90-ականները ամբողջ իմ մանկությունն էր՝ այսօրվա հետ կապ չունեցող։ Իմ ժամանակի մեծ մասը անցկացնում էի հայրիկիս արվեստանոցում, տարբեր խզբզոցներ էի անում, նայում էի արվեստանոցի պատին փակցված հայտնի քանդակների և նկարների ֆոտոներին ու երազում, որ մի օր իմ գործերը նման որակի կհասնեն ու կգնահատվեն։ Չեմ հիշում ինձ տիկնիկով խաղալիս, իմ տիկնիկներն իմ թուղթն ու մատիտն էին։ Մինչև հիմա հայրս խնամքով պահում է մանկության շրջանում արված գործերս։

Իհարկե խաղացել եմ նաև բակում կազմակերպված խաղեր՝ տուն-տունիկ և այլն, բայց նկարչությունը միշտ առաջնային էր։

Արվեստի հանդեպ սերը մանկությունից էր։ Երեք տարեկանի էի, երբ սկսեցի նկարել։ Ու եթե ծնողներս չլինեին արվեստասեր, հնարավոր է, որ արվեստն իմ մեջ մնար որպես հոբբի։ Տարիների ընթացքում այդ սերը միշտ ուղեկցում էր ինձ և դա եղավ պատճառը, որ ես սկսեցի գեղանկարչական ուղին՝  հասնելով այն կետին, ուր հիմա եմ։

 

 

Նկարում եմ, որովհետև․․․

 

Նկարչությունն ինքնին արտահայտչամիջոց է․ նկարիչը նկարում է իր հույզերը, ապրումները, արտահայտում իր ներաշխարհից բխող գույները։ Այս ամենը արտահայտչամիջոց է այնպես, ինչպես բանաստեղծություններն ու երգերը՝ բանաստեղծների ու երգահանների մոտ։ Նկարիչն առաջնահերթ պիտի անկեղծ լինի իր և կտավի առաջ։ Այդ պարզությունը անմիջապես ընկալվում է դիտորդի կողմից։

Մի հետաքրքիր արարողակարգ եմ մշակել ինձ համար՝ նկարելուց առաջ․ ձգում եմ կտավը, նայում եմ դատարկ կտավին՝ դեռ մտքում չունենալով ձևավորված պատկերը։ Հետո սկսում եմ շոշափելով խոսել կտավի հետ։ Կարծում եմ այդ երկխոսությունն էլ հենց աղոթքն է առ այն, ինչ ստեղծվելու է գծով, գույնով, ձևով։ Գույներն ու երանգներն իրենք իրենց են դասավորվում, միաձուլվում։ Վերջնական արդյունքում դառնում են ամբողջական գունային սիմֆոնիա։ Իհարկե, իմ ներկապնակում ենթագիտակցաբար գերակշռում են կապույտի երանգները։

 

 

Ժամանակակից գեղանկարչության հիմնախնդիրները․․․

 

Հայաստանում, մեր օրերում, արվեստը մեծ խնդիրներ ունի լուծելու։ Մենք ունենք տաղանդաշատ նկարիչներ՝ թե՛ ավագ, և թե՛ երիտասարդ սերունդների մեջ, բայց մենք ունենք հստակ խնդիր՝ ճանաչվելու, գնահատվելու։ Ի վերջո, արվեստը մնայուն է և արվեստով ու մշակույթով ենք մենք ներկայանում որպես ազգ, տեսակ։ Ունենք ցուցադրվելու խնդիր․ ցուցասրահները մատների վրա կարելի է հաշվել։ Հայաստանում չունենք Արտ-դիլլեր, ով կկարողանա պատշաճ ձևով ներկայացնել  և վաճառքի շուկա հանել արվեստի գործերը։ Նկարիչն ինքը ստիպված է անել այդ ամբողջ գործընթացը։ Սրանք են խնդիրները, որոնք կլուծվեին, եթե լիներ սրտացավ Մշակույթի նախարար, որը կհոգար ամենը, դրսից մասնագետներ կհրավիրեր և կկազմակերպեր այդ ամբողջ գործընթացն այնպես, որ նկարչին մնար միայն նկարելը՝ չմտածելով ծախսերի, վաճառքի, ցուցադրության ու մնացած մանր-մունր բաների մասին։

 

 

Կիառական արվեստ․ շարֆեր ստեղծելու գաղափարը, շարժառիթները․․․

 

Այս տարվա փետրվարին տեղի ունեցավ իմ՝ թվով երրորդ անհատական ցուցահանդեսը, որը կրում էր «Independent woman» խորագիրը։ Ներկայացված 35 աշխատանքների մեջ գերակշռում էր կինը՝ իր բազում կերպարներով, հոգեվիճակներով և ապրումներով։ Կային նաև աբստրակտ ոճի այլ նկարներ, որոնք ներկայացնում են իմ պատկերացումները, երազներն ու գաղափարները։ Ցուցահանդեսից հետո միտք ծագեց որոշ նկարներ վերածել կիրառական արվեստի՝ շարֆերի, որոնք ավելի հասանելի կդառնան նրանց համար, ովքեր սիրում ու գնահատում են իմ արվեստը։ Իհարկե, եղան նաև դժվարություններ, քանի որ ես այս ամենը որոշել էի անել կարանտինի օրերին, երբ բոլոր գրախանութները, տպարանները փակ էին և շատ դժվար էր լուծել տպագրության, փաթեթավորման հարցը։ Ինչևէ, դժվարությունները ստեղծված են հաղթահարելու համար։ Ես ինձ երբեք բիզնեսի մարդ չեմ համարել և շարֆերի այս հավաքածուն, որը հուսամ կկրի շարունակական բնույթ, նույնպես բիզնես չէ, այլ այն միջոցը, որով ես ուզում եմ հանրությանը ծանոթացնել իմ արվեստին, կրել այն և ապրել գեղեցիկով։

 

«Կտոր մը Անի» շարֆերի հավաքածու

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Երևանը․․․

 

Երևանն իմ սրտում է․․․  Կարելի է անսպառ խոսել մեր մայրաքաղաքից՝ թե՛ լավ, թե՛ վատ, բայց ես միշտ ընտրում եմ ամենգեղեցիկը տեսնելն ու գնահատելը։ Երևանը սիրում եմ դիտել բարձունքից։ Չքնաղ է․ նայում եմ Կասկադից, հետո փակում եմ աչքերս ու լսում։ Ամեն քաղաք իր ձայնն ունի․ Երևանինը ամենաանուշն է։ Երևանում կազմակերպվող ամեն տոն ու փառատոն ինձ համար մեծ առիթ է գույների, երաժշտության մի մեծ փունջ հավաքելու, պահելու իմ մեջ, հետո մուսա դարձած հանձնելու կտավին։

 

 

Մի կտավի պատմություն․․․

 

2018թ․-ին Art PR կազմակերպության տնօրեն Գայանե Դավթյանն ինձ առաջարկեց մասնակցել մի նախագծի, որը ծրագրում էր մի խումբ արվեստագետների այցն Արցախ և  նվիրատվություն Արցախին։ Ես, իհարկե, միանգամից համաձայնվեցի։ Ուզում էի, որ  նկարը լիներ Արցախի խորհրդանիշը, և քանի որ իմ մտքերում տիրում է միայն ու միայն աբստրակցիան, ես ստեղծեցի մի պատկեր, որը գույնով  և միաձուլվող ֆորմաներով արտացոլում էր ազատությունը։ Այդ ազատությունը ես ուզում էի տեսնել Արցախում։ Նկարը ավարտեցի մեկ շաբաթվա ընթացքում, բայց, քանի որ այդ տարի մեր երկրում հեղափոխության մթնոլորտն էր տիրում, նվիրատվությունը կատարեցինք հաջորդ տարի 2019-ին։ Շատ սիրեցի ու կապվեցի այդ նկարի հետ։ Ինքը նաև իմ ազատությունն էր ու իմ կյանքը։ Այժմ նկարը զարդարում է Արցախի Ազգային ժողովի շենքը (ժպտում է)։

 

 

Ներշնչանք, ներդաշնակություն

 

Ոգեշնչվում եմ այն ամենից, ինչ ինձ շրջապատում է՝ բնություն, մարդիկ, երևույթներ, երաժշտություն, ֆիլմեր․․․ Այսպես երկար կարելի է թվել։ Մուսաները կարող են հավաքվել ուղեղում, հետո մի պահ, նկարելու մեծ ցանկությամբ, պոռթկալ թղթիn կամ կտավին։

 

 

Կարդում եմ․․․

 

Ավելի շատ նախընտրում եմ նկարիչների կյանքի ու արվեստի պատմությունը ներկայացնող գրքեր։ Դրանք ինձ մեծ ուժ են տալիս ստեղծագործելու և իմ ուղին գտնելու հարցում։ Նախընտրում եմ արտասահմանյան և ռուս գրականություն, չնայած այն բանի, որ հայ գրականությունը նույնպես փայլում է իր տաղանդաշատ գրողներով ու բանաստեղծներով։

Եվ բոլոր ժամանակների իմ ամենասիրելի գիրքը մնում է Դեվիդ Վեյսի «Օգյուստ Ռոդեն» -ը։

 

 

Ժամանակ և սերնդափոխություն

 

Ժամանակը ամենահզոր ուղեկցողն է՝ ճանաչելու և ճանաչվելու, զտվելու և ինքանակերտման։

Չեմ սիրում, երբ ավագ սերունդը թերագնահատում է երիտասարդներին՝ իրենց գիտելիքների և շնորհի մեջ։ Դա հատկապես երևում է արվեստագետների շրջանում։

Իմ մանկության տարիներին երեխաների մոտ արվեստ կամ նկարչություն բառը դասվում էր ամենավերջին շարքերում։ Դա ինձ միշտ ցավ էր պատճառում։ Մեր օրերում արդեն, հուրախություն ինձ, ես տեսնում եմ մեծ տենդենց, ձգտում՝ արվեստը սիրելու և գնահատելու մեջ։ Շատ խմբակներ կան, ուր երեխաներն արվեստի ճյուղեր են ուսումնասիրում։ Եկող սերունդն ավելի տաղանդավոր ու զարգացած է, և ես տեսնում եմ, որ մոտ ապագայում նրանք մեզ կգերազանցեն։

 

 

Հավատում եմ․․․

 

Աստծուն, և որ նրա միջոցով ենք մենք ստեղծագործում։

 

 

Լուսանկարները՝  Անի Գալստյանի անձնական արխիվից

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

© Երևան  2020

Զրույցը վարեց՝  Մարգարետ Ասլանյանը

 

 

Ընթերցել նաև