Արձակ Էսսե Հայ արդի արձակ Հայ արդի գրողներ

Վահագն Ամիրջանյան․ «Ողջություն․ երեքշաբթի»․ էսսե

 

 

 

Երեքշաբթի է:

Ինձ հյուրընկալեց Աստված: Երկար խոսեցինք աշխարհի մասին: Հետո հայտնվեց նա և իր հրեշտակային թևերով կործանեց այդ աշխարհը: Հադեսյան աշխարհը միանգամից թակեց դուռս, ոտքերս ծալվեցին ահեղ ցավից, վայր ընկա հույսերիս հետ միասին: Կորցնելով սեփական դահճի շնորհը՝ մտածեցի երկնքում նոր աստղաբույլ ստեղծելու մասին, հետո հիշեցի, որ այդ գործում ավելի տաղանդավոր էակներ կան: Այդ ամենի մեջ ամենազորեղ հարվածը ինձ հասցրեց էրոսյան գիշատիչը, որը նոր էր վերադառնում Հին Հերակլիոնից, որտեղ ջրի տակից հանել էր վերջին պահպանված բաղեղի տերևը: Հետո Պոսեյդոնից սկսեցի խնդրել այն վերադարձնել ջրի հատակը, բայց ապարդյուն: Ժամանակը ինձ սովորեցրել էր պետք եկած ժամանակ վերցնել գետնից մի քարի կտոր և այնքան հարվածել անարդարության գլխին, որ նա ամբողջությամբ արյամբ պատվի: Ես, ի տարբերություն այդ ամենին, որոշեցի քարով հարվածել իմ գլխին․ չէ՞ որ արյան հետքերս կամ պետք է խիղճ արթացնեին Աստծո սրտում, կամ էլ պետք է վայելքի գինի դառնային Սատանայի համար: Թերևս, երկու տարբերակներն էլ ինձ ձեռք էին տալիս: Մի կողմից գուցե արժանանայի Աստծո քամահրանքին, բայց հաստատ չէի մերժվի ամենաբարի Սատանայի կողմից: Նորից խաղ կանեի նրա գրկում, նորից կհամբուրեի իր ստեղծած պոռնիկներին և նրանց բերաններից հանելով կուսական վերջին մաքրությունը՝ կնվիրաբերեի Արտեմիսին: Հաստատ ինձնից գոհ կմնար, թքած, թե նա այդքան էլ գոյություն չի ունեցել, կամ էլ ունեցել է իմ աչքերում, ուրիշների հայացքների մեջ: Հին աստվածները մահակները հանած պայքարի են մղում ամենակարող Աստծուն և Սատանային: Պայքարում շատ արյուն է թափվում, ամեն մի կողմում ընկած է մի զարհուրելի կտրտված մարմնամաս՝ մի կողմից Զևսի գլուխն է՝ առանց աչքերի, մյուս կողմում՝ Հադեսի որովայնն է՝ ամբողջությամբ այրված և աղիքները դուրս ցցված, և այդպես շարունակ… Պայքարում՝ միահամուռ ուժերով, իրար ձեռք-ձեռքի տված, հաղթել են Սատանան և Աստված: Նրանք այսօր հայր ու որդի են,կամ էլ եղբայրներ: Քաղաքիս վրա սառը քամիներն են իջել, ձյան արյունոտ փաթիլներն են մարդկանց աչքերին ամբողջությամբ ճերմակ թվում, բայց ես, որ անտանելի տեսողություն ունեմ, նկատում եմ հին աստվածների թափված ամեն կաթիլ արյունը, մեկ պահ անգամ ձեռքերով խաղ անում Հադեսի աղիքների հետ, հետո գցում բերանս, համտեսում. շատ համեղ է։ Որոշում եմ մի քիչ էլ քարով հարվածել Զևսի գլխին, հաստատ գիտեմ աներևույթ այդ մարմինը չի կարող ինձնից նեղանալ: Ձեռքերիս մեջ քարուքանդ եմ անում ամենակարող Զևսի գլուխը, հաճույք ստանում, արյան կաթիլները թափվում են մեկ հագուստիս, մեկ դեմքիս, լեզվով մաքրում եմ այտերիս հավաքված արյունը, բայց նորից հիշում անցյալում ունենցած քաղցր բերկրանքը Սատանայի գրկում և մոլորվում սեփական համերի մեջ, չեմ հասկանում, թե ինչ համ եմ առնում այս ամենից, երևի անարդարության համն է գալիս. այս աշխարհում ես եմ մենակ տեսնում դաժան պայքարի արգասիքները: Հայհոյում եմ բոլորին հատ առ հատ, հիշում նրանց բոլոր հարազատներին, չեմ կշտանում և սկսում եմ հավատալ, որ այն ինչ կար՝ չկա, և այն ինչ չկար՝ կա: Եվ այդ ամենի մեջ հորինում եմ ինձ համար մի կերպար, որի միջոցով կարող եմ խաղ անել երազներիս հետ: Ողջության նշաններ եմ նկատում Զևսի մոտ, մեկ պահ վախենում եմ, կկոցում աչքերս, իսկ հետո նկատում, որ ոչինչ էլ նույնը չէ ինչ առաջ էր: Հիմա Զևսի գլուխը իմ ձեռքում չէ, այլ ամբողջությամբ հակառակը՝ իմ գլուխն է Զևսի ձեռքերի մեջ և նա անխիղճ մարդասպանի նման լխկում է գլուխս, ոչ մի ցավ չեմ զգում, բայց զգում եմ, որ աշխարհը ոտքերիս տակ շուռ է գալիս, խնդրում եմ ինձ օգնել, մեկ էլ նորից հայտտնվում են Աստված և Սատանան, փրկում ինձ, հանում Զևսի ճիրաններից: Արթնանում եմ քնից, օրը կիրակի է, իսկական օր՝ մի լավ հանգստանալու, բայց նկատում եմ, որ պատուհանիցս դուրս արևը կամաց ետ է նահանջում ամպերի հետևը, զարմանում եմ, քանի որ ժամը 9։30 է: Փակում եմ աչքերս և տեսնում խաչված Հիսուսին, բացում եմ և տեսնում, որ կրակ է թափվում գլխիս, այս անգամ սկսում եմ ցավից ողբալ, հետո նորից փակում եմ աչքերս և կուրանում: Երկու-երեք ժամ է անցնում․ աչքերս հարություն են առնում: Հոգնում եմ աշխարհից…

Երեքշաբթի է:

Ինձ հյուրընկալեց Աստված: Երկար խոսեցինք աշխարհի մասին: Հետո հայտնվեց նա և իր հրեշտակային թևերով կործանեց այդ աշխարհը: Աշխարհը երբեք էլ չխոսեց իմ մասին… 

 

 

 

Ընթերցել նաև