Հարցազրույց Հեքիաթ Մշակույթ

Սերունդ N° 21․ զրույց շախմատի տեսադասեր վարող 7-ամյա վլոգեր Էդմոն Խաչատրյանի հետ

 

Ես Էդմոնն եմ… 7 տարեկան: Շատ եմ սիրում շախմատ խաղալ. այն իմ ամենասիրելի առարկան է դպրոցում: Երբ սկսեցի խմբակ հաճախել, շախմատն ինձ համար դարձավ ավելի կարևոր ու հետաքրքիր: Մի օր որոշեցի շախմատի վերաբերյալ տեսադասեր պատրաստել, բայց ոչ թե պարզապես նստել ու պատմել, այլ օգտագործել օնլայն դասեր անելու և շախմատին վերաբերող ծրագրեր: Հետո Յութուբում ալիք բացեցի ու տեսադասերն այնտեղ տեղադրեցի: Իմ ալիքում կարող եք դիտել նաև այլ թեմայով տեսանյութեր, օրինակ, մաթեմատիկայից, նաև հետևել, թե ինչպես եմ խաղում իմ սիրելի համակարգչային խաղը: Բայց շախմատն ինձ համար ամենահետաքրքիրն է: Այն թույլ է տալիս մտածել ու հզորանալ: Ինչպես շախմատի իմ սիրելի ուսուցիչ ընկեր Հայկն է ասում՝ հզորանալու համար խաղա քեզնից ուժեղների հետ, ազատ ժամանակ հետևեիր կողքիդ խաղացողների պարտիաներին և սովորիր նրանց յուրաքանչյուր ուժեղ և թույլ քայլից:

Սիրում եմ տարբեր իրեր պատրաստել՝ ավտոմեքենաներ, հեծանիվներ, նավեր և այլ բաներ: Մի անգամ մայրիկս ինձ ցույց տվեց ճապոնացի լուսանկարիչ Տածուա Տանակայի շատ հետաքրքիր ու տարօրինակ աշխատանքները. նա կենցաղային իրերից, մթերքներից (այն ամենից, ինչ մեզ շրջապատում է), փորձում է ստեղծել փոքրիկ աշխարհ ու լուսանկարել: Օրինակ, կարող է սովորական ատամի խոզանակը դարձնել ցնցուղ. շրջել, տեղադրել դրա տակ մարդուկի և վերջ: Ինձ այդ աշխարհը շատ գրավեց, և ես էլ որոշեցի նման բաներ պատրաստել: Նկարներից մեկում հողաթափը, իմ խաղալիք ավտոմեքենաներն ու լեգո-մարդուկները այնպես են շարվել, որ, կարծես, պատրաստվում են ավտոտնակ մտնել…

Ես սիրում եմ տարբեր գրքեր կարդալ Արեգակնային համակարգի մասին, նաև հեքիաթներ ու պատմվածքներ ընթերցել: Ինտերնետային ծրագրերի միջոցով տեստեր եմ պատրաստում Արեգակի, մոլորակների, Լուսնի և նման այլ թեմաներով: Շատ հետաքրքիր էր բացահայտել, որ Յուպիտերի ներսում հնարավոր կլիներ տեղավորել ավելի քան 1000 Երկիր մոլորակ: Պատկերացնո՞ւմ եք…

 

 

Իմ ամենասիրելի հեքիաթը․․․

 

Իմ սիրելի հեքիաթը Գրիմ եղբայրների «Բրեմենյան երաժիշտներն» է: Մի ավանակ այնքան է ծերանում, որ տերը որոշում է տնից դուրս հանել նրան: Նա ճանապարհին հանդիպում է ուրիշ կենդանիների, որոնցից նույնպես տերերը հրաժարվել էին: Նրանք միավորվում են ու գնում անտառ, սկսում ուտելիք փնտրել: Բայց մոլորվում են: Երկար ճանապարհ են անցնում: Տեսնում են մի տնակ, որտեղից ուտելիքի հոտ էր գալիս, ու բարձր ձայներ էին լսվում: Այնտեղ ավազակներն էին կերուխում անում: Կենդանիները որոշում են միասին ազատվել ավազակներից…

Ի՞նչ է սովորեցնում այս հեքիաթը… Այն սովորեցնում է, որ եթե միավորենք մեր ուժերը, կարող ենք հաղթել չարին: Նաև ավանակն ու մյուս կենդանիները իրենց օրինակով ցույց են տալիս, որ պետք է լինել բարի, խիզախ, համարձակ ու վճռական:

Մեր ժամանակի հերոսները մարդիկ են, ովքեր բարի ու լավ գործեր են անում. ով ուզում է լինի՝ բանվոր, բժիշկ, այգեպան, վարչապետ, ուսուցիչ, նախագահ, նկարիչ, պոետ…

 

 

Մասնագիտություն, որը կհաջողի 21-րդ դարում ապրող մարդու կյանքը․․․

 

Բոլոր մասնագիտություններն էլ կարևոր են, քանի որ բոլոր մասնագետներն էլ կարող են իրենց չափով օգնել մարդկանց:

 

Իմ մաղթանքը մանուկներին․․․

 

Մաղթում եմ, որ երեխաները երբեք չհիվանդանան, որ լսեն իրենց ծնողներին, ծնողներն էլ հաշվի առնեն իրենց երեխաների կարծիքը, ինչպես իմ ծնողներն են միշտ հարցնում իմ կարծիքը, անգամ իրենց վերաբերող հարցերում խորհուրդ հարցնում ինձնից:

 

 

 

© Երևանյան Էսքիզ 2020

 

 

 

Ընթերցել նաև