Արտասահմանյան գրողներ Արտասահմանյան պոեզիա Թարգմանություն Պոեզիա

Նիզար Կաբանի. «Երբ ես սիրում եմ քեզ»․ բանաստեղծական շարք

 

Դատավարություն

 

Արևելքն անիծում է ու գրկում մազերս,

Հետո հազար անգամ շնորհակալություն հայտնում նրանց,

Ովքեր գովերգում են։

Բոլոր անիծվածները սպանված են։

Իր արյունը, իմ բոլոր վախերը, բոլոր գիշերները

Որոնք ես տվեցի հայրենիքին՝ նա պաշտպանում է։

Ես նրա կողքին էի իր հեղափոխության պահին

և չէի ամաչում վճարել գինը,

որովհետև ես իմ սիրո հետ եմ, անգամ եթե նա սպանում է ինձ,

և եթե հանկարծ հրաժարվեմ քո սիրուց,

ուրեմն ես չեմ եղել։

 

 

Ստորջրյա նամակ

 

Եթե դու ուղղակի իմ ընկերն ես,

օգնիր հեռանալ քեզնից,

եթե սիրուհիս ես՝

օգնիր բուժվել։

 

Ես չէի սկսի ոչինչ,

եթե իմանայի, որ ավարտը նույն սկիզբն է,

որ սերն այսքան վտանգավոր է,

որ այսքան խորն է նավարկածս ծովը։

 

Կարոտում եմ քեզ։

Սովորեցրու ինձ չկարոտել։

Ասա՝

ինչպե՞ս արմատախիլ անեմ զգացմունքներս,

ի՞նչ անեմ,

որ արցունքները մեռնեն աչքերիս մեջ

ու ինքնասպան լինի սերը․․․

 

Եթե դու մարգարե ես

վերացրու այս կախարդանքը։

Քո սերը հավատուրաց է,

և ուրեմն փրկիր ինձ, մաքրիր

անԱստվածությունից։

 

Եթե այդքան զորեղ ես,

հանիր ինձ այս չարիքից։

Աչքերիդ կապույտ ալիքներն ուզում են

ինձ տանել դեպի խորքերն օվկիանոսի,

իսկ ես լողալ չգիտեմ և նավակ էլ չունեմ,

ես ընդամենը սիրահարվել եմ առաջին անգամ այնտեղ,

որտեղ կապույտից բացի ուրիշ ոչինչ չկա․․․

 

Ես սիրում եմ քեզ իմ ողջ էությամբ,

և հիմա շնչում եմ ջրի տակ,

եթե թանկ եմ քեզ համար՝

բռնիր ձեռքս,

խեղդվում եմ․․․

խեղդվում եմ․․․

 

 

*

 

 

Երբ ես սիրում եմ քեզ

 

 

Երբ ես սիրում եմ քեզ,

փոխվում է երկրագնդի ձևը,

աշխարհի բոլոր շավիղները խաչվում են

քո ափերի մեջ,

և ձեռքերիցդ վեր

խախտվում է ուղեծրերի հաջորդականությունը։

 

Ձկները շարունակում են բազմանալ օվկիանոսում,

լուսինը պտտվում է արյանս շրջանառության հետ,

ես փոխվում եմ և դառնում ծառ,

դառնում անձրև,

դառնում սևաչյա իսպանացու բիբ։

 

Երբ ես սիրում եմ քեզ,

հովիտներ ու լեռներ են ստեղծվում,

և կղզիներ են գոյանում մոգական աչքերումդ,

իսկ աշխարհում ծնվում են շատ երեխաներ։

 

Ադամորդին երբեք չի պատկերացրել,

որ ցամաքը լուսաստղ կտեսնի։

Որքան շատ սեր ու գրքեր կան

այդքան ավելի շատ իմաստ ունի կեցությունը,

և այդքան ավելի երջանիկ է Աստված իր լուսնային սենյակում։

 

Երբ ես սիրում եմ քեզ,

հազարավոր բառեր պատրաստվում են վերածվելու նոր լեզվի,

նոր քաղաքներ ու ժողովուրդներ են ստեղծվում,

ժամանակը սկսում է արագ անցնել,

տառերը պատրաստվում են հնչյունափոխության,

հղիանում են անպտուղ կանայք,

էջերի արանքում ցորեն է աճում,

մեղրագույն բառերը վերցնում են թռչունները

ու մեկնում քո աչքերից։

 

Քարավանները լքում են կրծքավանդակդ՝

տանելով հնդկական խոտաբույսեր,

մանգոն ընկնում է, և

հրդեհ է բռնկվում անտառներում,

որտեղից լսվում են նուբիական թմբուկի ձայները։

 

Երբ ես սիրում եմ քեզ,

սպիտակ ծովը լցվում է կարմիր ծաղիկներով,

ստորջրյա պետություններն անհետանում են,

մյուսները՝ երերում ջրերն ի վեր։

 

Մաշկիցս պոկվում են երեք սպիտակ աղավնիներ

և Դամասկոսում աճող երեք վարդ։

Արեգակը բացահայտում է իր կանացիությունը։

 

Կախիր ոսկե օղեր

և մեղուների պարսը կարտագաղթի դեպի

մոռացված անհայտություն,

ուր ստինքներիդ արանքում

հավաքվել են բոլոր քաղաքները,

ուր մթին տրտմությունն ապրում է աչքերիդ մեջ։

 

Շիական քաղաքների աղաղակները ելնում են

ոսկեձույլ մինարեթներից,

սուֆիական բնագրեր են այրվում

և ես ձգտում եմ դառնալ նախշազարդ վզկապ։

 

Ես զբոսնում եմ կամուրջների տակով սևաթույր մազերի

և կարդում գիշերային պոեզիա։

Ես երևակայում եմ տաք կղզիներ և ձկնորսական մակույկ,

որտեղ ինձ համար ծովախեցիներ ու ծխախոտ կա՝

բերված արևելյան Հնդկաստանի կղզիներից։

 

Երբ ես սիրում եմ քեզ,

կուրծքդ թափ է տալիս ամոթն իր վրայից՝

վերածվելով կայծակի ու որոտի, սրի ու ավազե փոթորկի։

Արաբական քաղաքների ոգին լցվում է ավյունով

ընդդեմ վերածննդի դարաշրջանների,

զի վրեժխնդրության տարիքը դեմ է ցեղի օրենքներին։

 

Եվ ես, երբ սիրում եմ քեզ

ցույց եմ տալիս խռովքս ընդդեմ զազրակերպության,

ընդդեմ քարաղի թագավորների,

ընդդեմ Սահարայի․․․

 

Եվ ես կշարունակեմ սիրել քեզ,

Մինչև չսկսվի համաշխարհային ջրհեղեղը

Մինչև չսկսվի համաշխարհային ջրհեղեղը․․․

 

 

Թարգմանությունը՝  Էլիզա Մխիթարյանի

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ընթերցել նաև