Արձակ Էսսե Հայ արդի արձակ Հայ արդի գրողներ

Մարինա Սոլոյան․ «Երազանքներ կուլ տվող Հյուսիսը»․ էսսե

Դեղին, հին ավտոբուսը դանդաղ հեռանում է ավանից, որտեղ ժամանակը վաղուց կանգ է առել, և մարդկանց համար էապես չեն տարբերվում գիշերն ու ցերեկը, շաբաթվա օրերը, երբ սարերի վրա քնած է գյուղը՝ բնությունը գրկած: Հետմիջօրեին, ուղևորները հազիվ երկու-երեք հոգի են լինում, ավտոբուսը ողողված է արևի լույսով, ապակիներին սահում են ծառերի կանաչ ստվերները: Գնալով, ավանը ավելի է փոքրանում, սեղմվում ճանապարհածառերի արանքում: Հեռախոսս դռռաց, ավտոբուսն անցնում է ճանապարհը: Քսան րոպե, որի մեջ պարտադիր լսվում է տատիկիս ձայնը: Հեռախոսիս էկրանից ինձ է նայում Թոմը, ես կրկին հիանում եմ նրանով ու հեռախոսս տխուր խցկում պայուսակիս մեջ: Աչքերս փակվում են հոգնածությունից, երազանքի հետևից գնալն ուժասպառ է անում: Վերարկուիս թևքով սրբում եմ սրճարանի փոշոտ նստարանը, սեղանին դնում յասամանները․ տատիկիս համար են: Սրճարանը քաղաքի զբոսայգու խորքում է, շուրջս այնքան լուռ է, կարուսելները կանգ են առել, այգին դատարկ է: Հանկարծ՝ շրշյուն, քայլեր, շրջվում եմ, ծեր պահակն է, մոտենում է ինձ.

— Ի՞նչ ես անում այստեղ, աղջիկս:
— Երազում եմ…. տխուր զբաղմունք է:
Նա նստում է կողքիս՝ դանդաղ ներս քաշելով ծխախոտի ծուխը՝ գարնան թարմ օդի հետ միասին: Մատներս շոյում է ծեր մի ձեռք, ծառի ճյուղերից է այն, դիմացս է հայտնվել Հյուսիսը՝ պահակի ժպիտով: Նա բարձրահասակ, ծաղկած ծառ է, գարնան հոտ է գալիս նրա կանաչ բաճկոնից, մարմինը տներից է բաղկացած.
— Ասում ես, տխո՞ւր… Ես ապրում եմ քնի մեջ, — պատասխանեց Հյուսիսը, — բնակիչներիս ամենապարզ նպատակները թաքնվում են երազանքի փեշի տակ, դրա համար էլ ճանապարհս միակողմանի է, հիմնականում՝ գնալու, ինձ լքելու, ոչ թե վերադառնալու համար:
— Դու երազանքներ կուլ տվող ես, Հյուսիս պապի: Սակայն, երբ քեզ պատած գիշերը լուսավորում են տներիդ լույսերը, մտածում ես, որ միակը չես աշխարհում, ուր մեռնում են երազները, ուր նպատակներն ու երազանքները խրթին են թվում, որովհետև կան նաև այնպիսինները, որոնք մեռած են և բացի բնությունից ուրիշ ոչինչ չունեն: Հետո հանգիստ շնչում ես, երբ ուշ գիշերից մինչև լուսաբաց ինչ-որ անկյունում լույսը չի մարում. սեղանի մոտ նստած մեկը գլուխ է ջարդում անքուն գիշերներով, նա, ում համար խեղդող, սահմանափակ ու նեղ ես դարձել, բայց հպարտ ես, որ երազողներ կարող ես տալ, տալ ու չսպառվել: Սպասում ես իմ գնալուն, բայց ինձ ճանաչում ես, գիտես, որ նպատակներս երազանքի փեշերի տակ չեն, երազանքն էլ՝ երազանք է, անկատար, անիրականալի ու դրա համար էլ երազանք է կոչվում:
Զարմանում ես Թոմի համար: Ի-զուր: Մինչև հիմա էլ տիեզերքից թևեր եմ ուզում, տեսնո՞ւմ ես, չեմ լքել իմ հեքիաթային աշխարհը, բայց էլ չեմ ուզում Գրանդ Քենդիի տնօրեն լինել, հիմա արդեն սիրում եմ շոկոլադ ինքս գնել: Կախարդական փայտի՞կը: Չէ, չեմ մոռացել, պատկերացնո՞ւմ ես ինչ քաոս կլիներ, եթե երազանքս կատարվեր. ես ուզում էի հրաշագործ լինել, տալ մարդկանց այն, ինչի կարիքը ունեին, ու ի՞նչ կկատարվեր, երկրի երեսից կչքանային նպատակը, երազանքը, պայքարն ու կամքը: Իսկ ի՞նչ է կյանքն առանց նպատակների և առաջ մղող, ապրեցնող երազանքների:
— Զգո՛ւյշ եղիր երազանքներիդ մեջ, տիեզերքը տալիս է ուզածդ, ստանալուց հետո գուցե մտածես, որ այն բոլորովին էլ քեզ պետք չէր, — ասաց Հյուսիսը ու փոշիացավ: Վարդագույն, մանր ծաղիկները պսպղալով բարձրացան երկինք:
— Ու՞մ մասին ես երազում, — հարցրեց պահակը:
— Հիմա՞…. Նրա:
Ցույց տվեցի ծերունուն հեռախոսիս էկրանը:
— Մեծ երազանքները ժամկետներ չպետք է ունենան, քանի դեռ աշխատում ես քո նպատակներն իրականացնելու ուղղությամբ, կարևոր չէ՝ մեկ ամիս, թե տասնյակ տարիներ:
Նա դանդաղ ելնում է տեղից, ծուռ ժպտում է ինձ: Այգում դեռ երկար լսվում էր նրա ոտքերի քսքստոցը:

Ընթերցել նաև