Արձակ Հայ արդի արձակ Հայ արդի գրողներ Պատմվածք

Հերմինե Ավագյան․ «Ծովը միշտ շառաչում է»․ պատմվածք

 

Նա վազում էր ծովի ափով, և նրան փոքր-ինչ ուրախացնում էր, որ իրենից բացի ոչ ոք չկա ափին:

Ծովը հայացքով կանչում էր արևին, և արևը չէր փորձում ընդդիմանալ. արևին դուր էր գալիս պարտվել ծովին, որովհետեւ ծովը երբեք նրան կուլ չէր տալիս, ծովը միայն գրկում էր նրան, փաղաքշում էր  ալիքներով, ջրի կաթիլներ ցողում վառվող դեմքին, իսկ հետո, երբ իջնում էր երեկոն, ծովը նրան թաքցնում էր իր խորունկ խորքերում, որպեսզի լույսը բացվելուն պես՝ նորից ազատություն տա նրան, թողնի, որ տարածի իր շողերը, լողա անսահման ազատության մեջ, իսկ ինքը հետևի նրան ու զմայլվի, որովհետև թեկուզ նա իրենն է, բայց միաժամանակ կարողանում է ջերմացնել ողջ մարդկությանը: Ծովը ծփում էր երջանկությունից…

Նա կանգ առավ, նստեց ծովի ափին եւ առաջին անգամ զգաց, որ մի քիչ նախանձում է ծովի խաղաղությանը: Թախիծը քամու պես գրկեց մերկ ուսերը, անցավ արձակ մազերի միջով, հետո կանգ առավ թարթիչների վրա այնքան, մինչև նա թարթեց աչքերը, եւ արցունքի մի կաթիլ, ասես՝ ծովից պոկված, ցած գլորվեց աչքերից,  միացավ ծովի անհունությանը…

Նա զգաց իր ներսի դատարկությունը. այն շատ խորն էր, գուցե  ծովից էլ խորը: Ծովը գոնե չափվում է   չափման միավորով, իսկ իր ներսի դատարկությու՞նը:

— Կմրսես, ու դրանից ոչինչ չի փոխվի, — ձայնը լսվեց շատ մոտ տեղից:

Շրջվեց, ոչ ոք չկար: Նրան մի պահ թվաց՝ ձայնը ծովի խորքերից եկավ, բայց չէ, ախր շատ մոտ էր, իր կողքին:

Փակեց աչքերը, այդպես ավելի հանգիստ էր: Այդպես լսում էր ծովի շառաչը, այդպես հիշողությունների շառաչն էլ էր լավ լսում, այդպես գոնե մենակ չէր զգում, այդպես կարողանում էր ինքն իրեն խաբել…

— Ես ինչով լցնեմ սրտիս դատարկությունը, եթե ինչ սիրում էի՝ կորցրի, ինչ փայփայում էի աչքիս լույսի պես, փշրվեց աչքիս առաջ, — ասաց ինքն իրեն:

— Դու պետք է կարողանաս ծովը տեղավորել քո ներսում, — լռության մեջ նորից լսվեց նույն   ձայնը:

— Բայց ինչպե՞ս, այն շատ մեծ է, — ասաց ինքն իրեն, անխոս:

Ու ձայնը պատասխանեց նրա լռությանը.

— Բայց դու երբևէ մտածե՞լ ես այդ մասին:

— Ոչ:

— Ուրեմն փորձիր ու կտեսնես, որ ներսիդ մակընթացությունն ավելի մեծ է, ներսիդ փոթորիկներն ավելի կործանիչ կարող են լինել, քան ծովինը: Քո ներսի ծովն ավելի լայն է ու ավելի խորը, քան աշխարհի որևէ ծով կամ օվկիանոս: Տեղավորիր ծովի կապույտը քո մեջ եւ կտեսնես, որ ներսիդ ալեկոծումը դանդաղում է, բջիջներդ մեկ-մեկ սուզվում ու տարալուծվում են կապույտում, խաղ բռնում ալիքների հետ, հասնում ամենահեռավոր ափերը ու  հետ գալիս՝ իրենց հետ բերելով անհայտ կղզիների գույները: Դու պետք է հասնես այդ հեռավոր կղզիներին, դու պետք է հայտնագործես դրանք, որովհետեւ դա քեզնից բացի ոչ ոք չի արել ու չի անի… Զգա քո ներսի ծովը, այնտեղ ամեն մեկը չի կարող նավարկել, լողալ, իր ուզած ձկները որսալ, խմել իր սիրած խմիչքն ու շիշը նետել այնտեղ, պղտորել ու հեռանալ: Այն միայն քոնն է, եւ դու ես նրա պատասխանատուն:

— Իսկ հնարավո՞ր է իմ ներսի ծովն ինձ խորտակի:

— Չի խորտակի, եթե ճիշտ լողաս, եթե ունենաս քո հորիզոնը եւ լողաս դեպի արևը:

— Երանի կարողանայի հասնել արևին:

— Իսկ եթե  ասեմ, որ արևն էլ է քո մե՞ջ:

— Ստացվում է՝ երկու արև կա՞:

— Չէ, այդ արևից ոչ մի տեղ չկա, դա միակն է, և այն քո ներսում է:

— Լավ, կփորձեմ փնտրել, թեեւ այնքան էլ լավ չհասկացա…

— Կհասկանաս, եթե փորձես:

Նա խոսում էր անծանոթ մեկի հետ, որին չէր ճանաչում, որին տեսած չկար, որին չէր էլ տեսնում, որը գուցե երազ էր, ցնորք: Բայց ձայնը շարունակում էր խոսել, եւ նա ուզում էր, որ այն խոսի երկար, որովհետեւ այդպես դեռ ոչ ոք իր հետ չէր խոսել: Բայց ինչու՞ նա չի երևում, ինչու՞ չի կարող տեսնել նրան:

— Չգիտեմ ով ես, բայց ուզում եմ, որ չլռես:

— Վե՛ր կաց, — պարտադրեց ձայնը,- դու երբեւե մտածե՞լ ես, թե ինչքան բան կա, որ պետք է գտնեիր, բայց չգտար, ինչքան բան կա, որ աչքերիցդ թաքուն էր պահված ու դու չտեսար, ինչքան բան կա, որ հենց աչքիդ առաջ էր, բայց դու չուզեցիր նկատել, այնքա՜ն բան կա գտնելու: Հիմա, երբ քեզ թվում է, թե ոչինչ չունես, ես քեզ ասում եմ՝ փնտրիր այն, ինչ թաքնված է քո ներսի ջրերում եւ  քո աչքերից անդին:

— Դու շատ բարդ ես խոսում: Բայց ես ի՞նչ պիտի գտնեմ եւ ի՞նչ իմանամ, որ գտել եմ:

— Լողա քո ներսի ջրերում եւ կտեսնես, որ այնտեղ խոսող ձկնիկներ կան, ջրահարսներ կան այնտեղ եւ մարգարիտներ՝ իսկական ու եզակի, խեցիներ կան այնտեղ, որոնք եթե ականջիդ պահես՝ կլսես Աստծո ձայնն ու աղոթքները: Ոչ մի ձկնորս չկա այնտեղ, ոչ ոք քեզ չի խանգարի: Լողա ու երբ հոգնեն ձեռքերդ, դուրս եկ մի պահ, հագիր ամենապարզ հագուստներդ, բացիր քո ներսի դուռը, քեզ թող այնտեղ՝ ներսումդ, թափառիր առանց քեզ, աչքերդ լայն բացած ու դու կտեսնես, թե ինչպես է մարդը տառապում աշխարհի վրա, ինչպես է  անօգուտ վազքի մեջ վատնում իր կյանքը: Նա վազում է ամեն օր, վազում է ընչաքաղցության, սնափառության, անօգուտ գինարբուքների և տարբեր վայելքների հետեւից, նա ամեն օր վատնում է իր ունեցածը, թեև նրան թվում է, թե հարուստ է, կարող ու  հզոր: Նա հիվանդ է ավելի, քան նա, ով այսօր մահացավ անբուժելի  հիվանդությունից, քան նա, ում աչքերը մարում են խոնավության, խավարի, սովի ու մենության մեջ: Նայիր քեզ վերջիններիս աչքերով, եւ կտեսնես, որ ձեռքերդ կպարզվեն դեպի նրանք, դու կտաս նրանց այն, ինչ ունես, կբաժանես քո ներսի ջերմությունը եւ այդժամ կհասկանաս, որ ջերմությունը չի սպառվում, որ դու չես դատարկվում, որ ջերմությունը քո ներսում է, քո ներսից է հորդում…

— Բայց ես հասարակ մահկանացու եմ:

— Բոլորն են այդպիսին:

— Ես չափից շատ եմ ուժասպառ, իմ վիշտը այնքան մեծ է: Ի՞նչ անեմ վշտիս հետ:

— Փաթաթիր այն գեղեցիկ հիշողություններով, ուրիշ բանով դու այն կապել չես կարող, տնկիր այն պարզ երկնքի տակ, ջրիր ու խնամիր  բարության լույսով, ջրիր ամեն օր, անընդհատ և  կտեսնես, որ տառապանքդ բողբոջում է, ծաղկում: Երբ կզգաս այդ ծաղիկների բույրը, կհասկանաս, որ արևը քո ներսում է, քո ներսո՛ւմ…

…Արևը նորից խաղ էր բռնել ծովի հետ, ալիքները չարաճճի երեխայի պես քաշում էին արևի արձակ վարսերից ու փախչում, նորից էին քաշում, նորից փախչում: Իսկ արևը չէր բողոքում դրանից, շարունակում էր շաղ տալ  շողերը եւ սեթևեթել:

Նա երկար քայլեց ծովի ափով, քայլեց առանց հետ նայելու՝ մայրամուտի գույների մեջ փաթաթված: Նա զգաց, որ  անծանոթ ձայնը հետեւում է իրեն, ավելի ճիշտ՝ քայլում է իր հետ: Նա զգաց, որ այդպես ավելի լավ է, այդպես մենակ չէ:

— Ուզում եմ տեսնել քեզ,-ասաց ինքն իրեն:

Պատասխան չեղավ:

— Քեզ հետ թեթեւ է  քայլելը, ուզում եմ, որ չհեռանաս, կարո՞ղ ենք ընկերներ դառնալ:

— Մենք միշտ էլ ընկերներ ենք եղել, պարզապես դու ինձ չես նկատել:

— Բայց…Ասա, որտե՞ղ էիր դու և որտե՞ղ ես հիմա…

Պատասխանը ուշացավ, բայց դրա փոխարեն սիրտը ուժգին բաբախեց: Նա զգաց իր ներսի շառաչը, զգաց իր ներսի ալիքների խաղը, զգաց, որ ձայնը ներսից է գալիս…

 

 

 

Ընթերցել նաև