Հայկական արտադրանքի էսքիզ I բիզնեսզրույցներ

«Հատիկներ»․ ձեռագործ հայկական գուլպաներ․ բիզնեսզրույց հիմնադիր Սաթենիկ Ստեփանյանի հետ

 

Մանկությունը․․․

 

Թույլ տվեք գրի առնել ամենաառաջին միտքն, որ առաջ եկավ մանկություն բառն արտաբերելիս․ անսահման մեծ կողովներ, որ ներկայանում էին բրդյա թելերի բույրով ու բազում երանգներով։ Մոմն իր լուսավորությամբ ու շյուղերի նուրբ ձայնն, որ ասես իր ուրույն երգն էր երգում մթնշաղ երեկոներին։ Արվեստի նկատմամբ սերը ձևավորվել է այս բոլոր ելևէջների ներքո, թերևս տատիկիս պատրաստած անուշ կարկանդակների բույրով էլ կարելի է համեմել մանկությանս այս նուրբ անկյունը։

Մասնագիտությամբ ինժեներներ ենք, իսկ արվեստի նկատմամբ սերը փոխանցվել է դեռևս պապիկից, որը եղել է Փարիզում նորաձևության ջատագովներից մեկը: Տատիկիս պատմություններից դեռևս հիշում եմ, թե ինչպես էր պապս մեկ գիշերվա ընթացքում ութ կանացի վերարկու ձևել՝ այն ժամանակների ֆրանսիական նորաձևությանը բնորոշ բոլոր կանոնների համաձայն: Պարզապես պաշտում էր արվեստն ու նորաձևության աշխարհը:

 

 

«Հատիկներ» հայկական բրենդի  ստեղծման գաղափարը, նախապատմությունը․․․

 

Հայկականը, զարդանախշապատը, ձեռագործը, թանգարանայինը, իսկ մեկ բառով՝ «Հատիկներ»:

Սկսել ենք ստեղծագործել մոտ 15 տարի առաջ, այս ամենի հիմքում կանգնած է մայրս և նրա անսպառ սերը դեպի հայկական զարդանախշերն ու ձեռագործը:

Մինչ «Հատիկներ»-ը մայրս ստեղծագործում էր 15 տարուց ավելի, մշակում էր ու վերարտադրում հայկական թանգարանային հին ու մոռացված զարդանախշերը:

«Հատիկներ»-ի ստեղծման գաղափարը ծագեց շատ պատահական, երբ ամռանը մայրիկիս մոտ բերեցին թանգարանային գուլպաներից մի նմուշ, և խնդրեցին հնարավորինս վերականգնել զարդանախշերը և կյանքի կոչել Սասնա գուլպայի ողջ շուքն ու հմայքը: Սրտի նուրբ թրթիռով ենք մտաբերում մեր այդ առաջին թանգարանային շարվածքը, որ ծնունդ առավ։ Գիտեին, թե որքան է պաշտում այդ հայկական զարդանախշերը: Հենց այդ ժամին էր, որ թանգարանային գուլպան նոր շունչ ստացավ, իսկ երկշար մագիլները սիրվեցին բոլոր նրանց կողմից, որոնք ճանաչում էին մորս:

«Հատիկներ»-ի առաջին հավաքածուի մեջ նույնպես ընդգրկեցինք երկշար մագիլներով զարդանախշապատ գուլպան և չսխալվեցինք. Անին այս պահին ամենապահանջված մոդելներից է. Շարվածքը պատրաստում ենք թե գուլպաների ու սռնապանների, և թե թաթամանների համար:

Սիրում ենք դժվարություններն ու մարտահրավերները։ Այստեղ ամենակարևորը, թերևս, մարդիկ են, որ համախմբաված են միևնույն գաղափարի շուրջ։ Թե արածդ գործում հոգի ես դնում, անցած ամենադժվարին ուղին անգամ դառնում է հաճելի ու խոստումնալից։

Ոգեշնչման աղբյուրները շատ են: Թերևս, առաջնայինը հայկական արվեստի հին ու մոռացված մասունքներին նոր շունչ ու կյանք հաղորդելն է: Երբ թանգարանային զարդանախշապատ գուլպայի եզակի նմուշը կյանքի է կոչվում նորովի՝ տարածելով հայկականը, ձեռագործը ու զարդանախշապատն աշխարհի յուրաքանչյուր անկյուն՝ հատիկ առ հատիկ:

«Հատիկներ» անունն էլ պատահական չենք ընտրել: Հատիկը շյուղագործ աշխատանքի անբաժանելի մասն է կազմում: Յուրաքանչյուր շյուղագործ աշխատանք բազմաթիվ հատիկներից է կազմված: Օրինակ՝ մեկ անվանական շարվածքը մոտ 15.000 հատիկ է պարունակում, լի անսպառ սիրով ու ջերմությամբ:

 

 

Ստեղծարարի օրագրից․․․

 

Շատ անուշ պատմություններ կարող ենք պատմել։ Թերևս այն, որ հաճախորդներից շատերը ցանկություն են հայտնում աշխատանքային գործընթացին ավելի մանրամասն ծանոթանալու։ Ցանկանում են մեկ անգամ ևս համոզվել, որ ամեն մի հատիկը ձեռագործ է, շեշտելով՝ որ աշխատանքը բացարձակ անթերի է, ինչպե՞ս այն կարող է ձեռագործ լինել։ Միանգամից Նորվեգիայից ժամանած մեր հաճախորդին ենք մտաբերում․ մասնակցել է իր կնոջ համար գուլպայի շարվածքի պատրաստման ողջ գործընթացին, հատիկների մի ստվար զանգավծն էլ մայրիկիս օգնությամբ մեր անմոռանալի հաճախորդն է գործել։ Անմոռանալի զույգ էին (ժպտում է)․․․ 

 

 

Արտադրական դիզայն, բրենդի հանրային նպատակը․․․

 

Ի սկզբանե մտածված էր, որ պետք է ազգայինը բնորոշ լինի։ Սկզբում, ավելի քան 15 տարի առաջ հասունացավ հայկականի, զարդանախշապատի ու ձեռագործի տարածման գաղափարը: Ցանկությունն այնքան մեծ էր այս ամենը հասանելի դարձնելու ու տարածելու ամենուր, որի արդյունքում հասունացավ մեկ այլ գաղափար՝ «Հատիկներ»-ը:

Զարգանում ենք շատ արագ: Անկեղծ ասած, չէինք սպասում, որ մեզ այսքան կսիրեն:

Այս պահին արդեն հավաքածուն ընդգրկում է գուլպաների, թաթամանների և սռնապանների շուրջ հինգանուն շարվածք՝ Անին, Մուշը, Տուշպան, Արցախն ու Սասնա Հատիկը: Շուտով ներկայացնելու ենք շարֆերի յուրահատուկ շարվածքներ ևս՝ հատիկցիների նրբաոճ մատուցմամբ։

Նպատակային առումով կարևորությունը տալիս ենք գաղափարին, որ մեր գործունեության հիմքն է կազմում հայկականի, թանգարանայինի ու ձեռագործի տարածումն ամենուրեք:

Բարդ գործ ենք նախաձեռնել, օրինակ՝ մի ամբողջ զարդանախշապատ մոդելի մշակման և շարվածքի պատրաստման համար պատահել է, որ մեկ ամսից ավել ժամանակ ենք հատկացրել:

Հիասթափվել ենք, բայց սերը դեպի այն ինչ անում ենք, թույլ չի տվել հետ կանգնել մեր հատիկի ստեղծման գաղափարից:

Ստացված արդյունքը, սերն ու գնահատանքը մեր շատ սիրելի հաճախորդների կողմից մեզ է՛լ ավելի մեծ եռանդ է հաղորդում ստեղծագործելու ու տարածելու հայկական զարդանախշապատ հատիկներից կազմված արվեստի ամեն մի մասնիկ։

 

 

Կինը՝  ստեղծարար, կինը՝  մայր, կինը՝  Մոլորակն ուսերին պահող․․․

 

Այս մասին կարող ենք անվերջ խոսել․ կինը կարող է ճեղքել ժայռը, թե ցանկանա։ Կնոջ աչքերը միշտ պիտի փայլեն, ձեռքերը լինեն դալար, հոգին լուսավոր ու միտքը պայծառ։ Այս կինը կարող է անել ամենը, ինչ առաջին հայացքից գրեթե անհնարին է թվում․․․

 

 

Ժամանակակից աշխարհը և մարդը․․․

 

Ժամանակակից աշխարհը հիանալի է, գունեղ, անվերջ կարող ես բացահայտումներ անել։ Պակասում են, թերևս, սերը դեպի տերևը, թուփը, քամին ու հողը, ներկայում ապրելու նուրբ արվեստին տիրապետելու հմտությունները․․․ Բոլորս շտապում ենք, գուցե ժամանակ առ ժամանակ կանգառնե՞ր են պետք․․․

 

 

 Սերն աշխատանքի, մարդկանց հանդեպ իբրև հավերժական Մուսա․․․

 

Թելերն ու շյուղե՜րը․․․

Այս մասին կարող ենք անվերջ խոսել: Հատիկցիների համար թելերն ու շյուղերը նույն արժեքն են ներկայացնում, ինչ նկարչի ձեռքում ներկերն ու վրձինը: Թելերի բազմերանգ, հայկականն արտացոլող գույները տրամադրություն են ստեղծում ու փոխանցում ամեն մի հատիկ սերն ու ջերմությունը մեր սիրելի հաճախորդներին, ու բոլոր նրանց, ովքեր գնահատում են եռագործը, հայկականը ու զարդանախշապատը:

 

 

Ընթերցում եմ․․․

 

Նարինե Աբգարյանին ու նրա հետ կապված ամեն մի հատիկ բառն ու պատմությունը (ժպտում է)։

 

 

Երևանը․․․

 

Սիրում ենք աղմկոտ Երևանը, անփոխարինելի կոլորիտը ու մարդկանց։ Մարդիկ մեզ թևեր են տալիս մեր ստեղծագործական ճանապարհով քայլելու համար՝ հատիկ առ հատիկ։

 

 

Հավատում եմ․․․

 

Բարին ու լավն արարելը վարակիչ է, ուզում ենք բոլորը վարակվեն դրանով։

 

 

 

Լուսանկարները՝  «Հատիկներ»-ի անձնական արխիվից

 

 

 

 

 

 

Զրույցը վարեց՝  Մարգարետ Ասլանյանը

© Երևան  2020

 

 

 

 

 

 

 

Ընթերցել նաև