Արտասահմանյան գրողներ Արտասահմանյան պոեզիա Թարգմանություն Պոեզիա

Լեոնորա Սփեյըր․ «Ճայեր»․ պոեզիա

 

ՃԱՅԵՐ

Փոթորկի անվախ հեծյալներ,
ձեր մթին աչքերում հիշողությունն է
խորտակված նավերի,
անուրջներն անիրական
ընկնում են թևերիցդ։
Դուք ընկղմվում եք խավարում
ծովի մակընթացող օրորոցի,
անտարբեր նրա տրամադրությանը,
կամ սավառնելով ու խլելով կերակուրը՝
ելնում եք նորեն՝
անհագ ,
թեթևամտորեն․․․

Շրջվում եք ու փոխում
գորովազուրկ ուղղությունը ձեր՝
չսիրված ուրիշ թռչուններից,
և  այդ անհոգի ճիչերում
ծաղրող արձագանքն է
գիշերներում արտասվող կնոջ ․․․

 

*

 

 

ԸՆԾԱ

 

 

Արթնացա․․․
Գիշերը ձգվում էր,
Հոսում էր աշխարհի վրա
նիրհող բլուրների, անտառի ու լճի ,
լուսներգը նրա․․․
Ու հովն ուղեկցում էր՝
շոյելով կեչիները անձայն մատներով․

Լուսաբացն ինձ մեկնեց քնքշորեն
մի բուռ ոսկին թռչնաձայների․․․

 

 

*

ՀԵՏՈ

 

Ես չեմ գնա անտառ այս գիշեր,
Ես չեմ կանգնի  ջրի եզերքին՝ տեսնելու՝
ինչպես է օրը սահում
պայծառ մթնշաղն ի վար․․․
Մինչ այն շրջվի՝ աստղը կրծքին
խաղաղվելու։

Ես չեմ տեսնի ընդարձակ բլուրները՝
տխրությամբ անտեսելով ափսոսանքներս բոլոր։
Ես կրում էի պսակը ամենաթեթև տերևների,
Իսկ հիմա նրանք խեղդում են՝ հանց պաղ,
կապույտ օղակ,
բանտելով ․․․

Չեմ համարձակվի տեսնել այդ ծիսերգող շեղբը՝
մայրամուտին անփութորեն գծագրված սոճու,
որ խոցում է ինձ հարվածով իր երկնային,
իմանալով իմ անպաշտպան, կարեվեր ցանկությունը,
մինչ արնաքամ լինելս․․․

Պահի՛ր երգը քո,անհա՛ղթ թռչնակ,
Մի՛ հարվածիր ինձ առկայծող այդ ձայնով,
Խղճա՜, խղճա՜ ինձ, մշտամնա՛ կոկորդ,
Չհանձնե՛ս ինձ ահարկու հիացումին քո
այս գիշեր․․․

Ես վախենում եմ սողացող անտառից,
Ես վախենում եմ գողտրիկ ծառերից,
Նրանց հետևում թաքնված են հուշերը՝
պատրաստ ցատկելու, ճանկելու, բաժանելու․․․
Սպասիր ինձ այնտեղ․․․

 

 

*

Enigma

 

Այնպես հեշտ կլիներ ներելը,
եթե միայն կարողանայի հիշել,
Թե կարողանայի լսել, իմ կորսված սեր,
քո անգթության մեղեդին,
խախտելով լռությունը երկնքի՝
կարող էի ձայնակցել նրա աստվածային երգին․
ցավի կարմիր թրթռուն մի ածուխ։
Այնպես հեշտ կլիներ ներելը,
եթե միայն կարողանայի հիշել։

Այնպես հեշտ կլիներ մոռանալ,
Եթե միայն գտնեի կորսված տխրությունը,
թե կարողանայի թախծոտ հայացքն համբուրել
ու հետը կիսել իր դառը հացը․․․
Լինել նրա հետ տառապանքի նույն մահճում,
արտասվելու չափ զգալ նորից նրա գիրկը թույլ․
Երեկը դարձնել վաղը․․․
Այնպես հեշտ կլիներ մոռանալ,
Եթե միայն գտնեի կորսված տխրությունը:

 

 

 

 

Թարգմանությունը՝  Մարինա Գևորգյանի

 

 

 

 

 

 

 

 

 

Ընթերցել նաև