Արձակ Հայ արդի արձակ Հայ արդի գրողներ Պատմվածք

Թերեզա Ամրյան․ «Մեկուսացած լույսը»․ պատմվածք

 

2020 թվականի մայիսի 3-ն է։ Երկար ժամանակ տնից դուրս չեմ եկել, մեկուսացել եմ ընկերներից, հարևաններից, աշխարհից, մեկուսացել և թաքնվել եմ պսակաձև ժահրից․ պսակաձև ժահրը շատերին է վախեցրել: Այս տարի գարունն էլ անձայն եկավ, արդեն գնում է․ պսակաձև ժահրը դեռ աղմկում է և չի ուզում հեռանալ։

Ուսանողներիս հետ կապվում և դասավանդում եմ տնից՝ համացանցի միջոցով։ Աշխարհում կատարվող դեպքերի վերաբերյալ նույնպես տեղեկանում եմ համացանցից․ ամեն օր համացանցում այնքան բան եմ կարդում՝ առաջին հերթին համաճարակի մասին։ Ոմանք մեղադրում են, ասում են, որ պսակաձև ժահրի պատճառով մոտեցել է աշխարհի վերջն ու Ահեղ դատասանի օրը։ Ոմանք արդարացնում են պսակաձև ժահրը, ասում են, որ աշխարհի կառավարիչները պատրաստվում էին պատերազմել, ասում են՝ եթե պսակաձև ժահրը չգար, նոր աշխարհամարտ կսկսվեր։

Լուրերի ու կարծիքների խեղդող հորձանուտում փորձում եմ գոնե մի լավ լուր գտնել։ Համացանցում հայտնված հոդվածներից մեկը պատմում է իմ ազգակցուհու մասին․ հոդվածն ասում է, որ սինջարցի եզդի աղջիկն ազատագրվել է ահաբեկիչների գերությունից։ Աղջկա անունը Ռոնիյա է։ «Ռոնի» իմ մայրենի լեզվով «լույս» է նշանակում։ Նայում եմ ազատագրված աղջկա լուսանկարին, աչքերս այրվում են, ասես շիկացրած շյուղեր մտցնեն բիբերիս մեջ, լուսանկարի միջից ինձ նայող Ռոնիյայի մոխրագույն հագուստի և մուգ կանաչ գլխաշորի գույները լղոզվում են։ Գլխաշորը թաքցրել է Ռոնիյայի մազերը․ տեսնես մազերն ի՞նչ գույն են։

2014 թ․ օգոստոսի 3-ին Իրաքի և Լևանտի իսլամական պետության՝ ԴԱԻՇ-ի ահաբեկիչ զինյալները հարձակվեցին եզդիաբնակ Սինջարի վրա, կոտորեցին իմ ազգակիցներից շատերին, երիտասարդ եզդի աղջիկներին ու կանանց էլ տարան՝ առարկայի պես իրար նվիրելու կամ վաճառելու։

Ռոնիյան վերապրել է Սինջարի եզդիական ցեղասպանությունը, 10 տարեկանից եղել է ստրկության մեջ, 14 տարեկանում ստիպված է եղել ամուսնանալ ահաբեկչի հետ․․․ Եվ հիմա, երբ աշխարհում պսակաձև ժահրի պատճառով բոլորը մեկուսացել են, Ռոնիյան վերջապես ազատագրվել է։ Սինջարի եզդիական ցեղասպանությունից հետո Ռոնիյայի ընտանիքի անդամները գաղթական են դարձել, թողել են հարազատ Սինջարը և ապաստան են գտել հեռավոր Կանադայում։ Ռոնիյայի ընտանիքի անդամները երևի հիմա սպասում են, որ համաճարակի պատճառով փակված սահմանները բացվեն, և իրենք նորից տեսնեն Ռոնիյային։

ԴԱԻՇ-ը կոտորել է և շարունակում է կոտորել իմ ազգակիցներին միայն այն բանի համար, որ նրանք եզդի են։ Մեր կրոնում սրբերից մեկը՝ Տաուսի Մալակը, սիրամարգի տեսք ունի․ մեր նախնիները պատմել են, որ արարիչը Տաուսի Մալակին երկիր է ուղարկել, պատմել են, որ Տաուսի Մալակը հեռավոր ժամանակներում կոտրել է աշխարհը պատած սառուցը և գարուն է նվիրել մարդկանց։ Մեր հարևան մուսուլմանները գուցե ոչինչ չեն իմացել գունեղ գարուն նվիրող սիրամարգի մասին։ Մեր հարևանները սիրամարգի պատկերը սատանայի խորհրդանիշ են համարել, իսկ եզդիներին անվանել են «սատայի երկրպագուներ»։

Դարեր շարունակ Իրաքի հյուսիսում՝ Լալիշում և Սինջարում եզդիներն ապրել են հարևան մուսուլմաններից մեկուսացած։ Տեսնես ի՞նչն է այդ ժամանակ նախնիներիս ստիպել մեկուսանալ․ մի՞թե պսակաձև ժահրը։

Լալիշում եզդիները միավորվել են միջնադարյան Արևելքում հայտնի քարոզիչ Շեյխ Ադիի շուրջ․ ազգակիցներս նրան ուսուցիչ են անվանել և հավատացել են, որ Շեյխ Ադին աստվածային գիտության լույսն է փոխանցել մեզ։ Շեյխ Ադիի տված գիտությանը հետևող «սատանայապաշտներին» կոտորելու ժամանակ հարևանների ձեռքը երբեք չի դողացել։ Մի քանի անգամ հարևանները նույնիսկ փորձել են Շեյխ Ադիի շիրիմը պղծել․․․ Շատ եզդիներ փախել են Լալիշից, մեկուսացել են Սինջարի լեռներում և շրջակայքում, շատերն էլ ապաստան են գտել հայոց լեռներում, հայոց դաշտերում։

Երբ փոքր էի եզդիների մասին հարցեր էի տալիս պապիկիս մայրիկին․ ես էլ պապիկիս նման նրան ընե էի անվանում, որ մեր լեզվով նշանակում է «մայրիկ», «նանի»։ Ընեն այնքան բան գիտեր մեր նախնիների մասին։

– Եզդիները ստեղծվել են Պիրաֆատի փեշի մեջ պահպանված մերանից․ Պիրաֆատը փրկել  է այդ մերանը, – շշնջում էր ընեն՝ ձեռքերը դեպի երկինք պարզելով և վերև նայելով։

Ես մտածում էի՝ երևի Պիրաֆատը վերևում է ապրում․ ես հասկանում էի, որ ընեն երախտապարտ է Պիրաֆատին՝ մերանը փրկելու համար։ Ընեի խոսքերը լսելով՝ ամեն անգամ փորձում էի մտովի տեսնել Պիրաֆատին։ ԱհաՊիրաֆատն էլ ընեի պես եզդիական գույնզգույն տարազ է հագել և ինչ-որ բան է թաքցրել դարսավոր շրջազգեստի փեշի մեջ։ Հետո ես պատկերացնում էի, թե ինչպես են բոլոր եզդիները հավաքվում Պիրաֆատի շուրջ և նրան ասում․ «Ընե՛, ընե՛, պատմի՛ր մեր նախնիների մասին»։

Ընեի ձայնը կտրում էր իմ մտքի թելը, ընդհատում էր իմ երևակայական թռիչքը։ Ընեն պատմում էր, որ 1915 թվականին Օսմանյան կայսրության կազմակերպած ցեղասպանության պատճառով իր հայրական ընտանիքը փախել և պատսպարվել է Արարատյան դաշտում․ այդ ցեղասպանության ժամանակ ընեն երևի Ռոնիյայից էլ տարիքով փոքր է եղել։ Հիշում եմ՝ ընեն Օսմանյան կայսրությունն անվանում էր Ռոմընեի սերնդակից բոլոր եզդիները Օսմանյան կայսրությունը Ռոմ էին անվանում, իսկ իրենց ազգակիցներին ու հարևան հայերին կոտորած զինյալների խմբերին կոչում էին Ռոմա ռաշ, որ թարգմաբար «սև Ռոմ»  է նշանակում․․․

– Հարևան մուսուլմանները մեզ սատանայապաշտ էին անվանում, –  ասում էր ընեն, –   նրանք 72 անգամ կոտորել են մեզ։

Ընե՛, նրանք ինչու՞ էին մեզ կոտորում, – հարցնում էի ես։

– Նրանք ուզում էին ստիպել մեզ մոռանալ, որ մենք եզդի ենք, – ասում էր ընեն։

Երևի ամեն անգամ ցեղասպանության ենթարկվելիս եզդիները մտածել են, որ մոտեցել է աշխարհի վերջն ու Ահեղ դատաստանի օրը։ Ամեն անգամ ցեղասպանության ժամանակ մեկուսացած ազգակիցներս զգացել են, թե ինչ բան է միայնությունն ու լքվածությունը․․․ Երբ անգամ սրբերը օգնության չեն հասնում։

Ռոմա ռաշի մասին խոսելիս ընեն արտասվում էր, իր սիրուն, սպիտակ թաշկինակով սրբում էր աչքերը։

Ընեի թաշկինակի վրա ասեղնագործած սիրամարգ կար։

– Սա իմ հայ ընկերուհի Սոնիկի նվերն է, – ասում էր ընեն՝ հիացած շոյելով սիրամարգի պոչը։

Ընե՛, քո ընկերուհի Սոնիկը լա՞վ էր նկարում,–  հարցնում էի ես։

– Իմ Սոնիկն այնքա՜ն լավ էր նկարում, այնքա՜ն սիրուն հագուստներ էր կարում։ Սոնիկը աստվածուհու նման ասեղնագործել գիտեր, – ասում էր ընեն։

Ընեի խոսքերը լսելով՝ սկսում էի պատկերացնել, թե ինչպես են աստվածներն ու աստվածուհիները նստում երկնքում և սիրամարգի պատկերներ ասեղնագործում։

Համացանցում նորից աչքովս ընկնող հոդվածները կտրում են մտքիս թելը, ընդհատում են իմ երևակայական թռիչքը։ Նորից հիշում եմ համավարակը, հիշում եմ Լալիշում ու Սինջարում մեկուսացած իմ ազգակից եզդիներին, հիշում եմ՝ ինչպես ԴԱԻՇ-ը թիրախավորեց Սինջարի եզդիներին․․․ Իսկ հիմա պսակաձև ժահրը բոլոր մարդկանց է թիրախավորել։ Պսակաձև ժահրը կոտորում է բոլոր ժողովուրդների ներկայացացուցիչներին, տարբերություն չի դնում քրիստոնյաների, մուսուլմանների, եզդիների և մյուսների միջև։ Տեսնես ո՞ր մի բժիշկը կկարողանա այնպես բուժել, որ բոլոր ժողովուրդները դուրս գան մեկուսացումից։ Տեսնես մեկուսացումից դուրս գալուց հետո մարդիկ կհիշե՞ն, որ իրենք արարչի գլուխգործոցն են՝ աստվածների և աստվածուհիների նման օժտված արարելու, ասեղնագործելու հանճարով։

Եթե հիմա ընեն ողջ լիներ, վերև կնայեր ու կաղոթեր․ կաղոթեր բոլորի՝ տկարների, զինվորների, օտարության մեջ գտնվող մարդկանց, բանտարկյալների համար, երևի մեկուսացածների համար էլ աղոթեր, արարչից խնդրեր, որ մարդկությունը հաղթանակ տանի պսակաձև ժահրի նկատմամբ, դուրս գա մեկուսացումից, փակ ճանապարհները բացվեն և Ռոնիյան հանդիպի իր ընտանիքին։

Նորից Ռոնիյայի լուսանկարին եմ նայում․ արդեն աղի արցունքները չեն այրում աչքերիս բիբերը, Ռոնիյայի գլխաշորի և հագուստի գույները չեն լղոզվում․․․ Ռոնիյան ոչինչ չի մոռացել, Ռոնիյան շատ լավ է հիշում, որ ինքը եզդի է։ Սիրտս ասում է, որ արարիչը լսել է իմ ընեի, բոլորի ընեների աղոթքները։ Սիրտս ասում է, որ քիչ մնաց, ասում է, որ ճանապարհները կբացվեն, ինքնաթիռները նորից բոլորի ընտանիքների անդամներին կօգնեն հանդիպել, նորից կթռչեն՝ երկնի կապույտի վրա թողնելով փետրաձև նախշեր։

 

 

 

Ընթերցել նաև