Հարցազրույց Հեքիաթ Մշակույթ

Էդուարդ Զորիկյան․ «Հեքիաթներին առնչվում եմ նաև դրանց բեմադրությունների համար երգեր գրելով»․ զրույց

 

Ես, ինչպես և ձեզանից շատերը, ավելի ճիշտ կլինի ասել բոլորը, անշուշտ ունեմ իմ սիրած հեքիաթները։ Բայց, ի տարբերություն շատերի, ես հեքիաթների հետ առնչվում եմ նաև այլ առումներով և առիթներով․ օրինակ՝ գրում եմ երգեր այս կամ այն հեքիաթի բեմադրության համար․

2007-2008 թթ․ Երևանի «Մետրո» թատրոն-ստուդիայում բեմադրվող «Գոմաղբի բգզեզը» մյուզիքլի համար՝ ըստ Հանս Քրիստիան Անդերսենի համանուն հեքիաթի

1988-1989 թվականներին «Աներևույթ թագավորությունը» (Հվհ․ Թումանյանի թարգմանությամբ) հեքիաթի բեմադրության համար։

Հանս Քրիստիան Անդերսենի «Թագավորի նոր հագուստը» հեքիաթը, որի հիման վրա 1991 թվականին գրել էի առաջին հայկական ռոք-օպերան։ Այն 1996 թվականին բեմադրվեց Երևանի Համազգային թատրոնում, Սոս Սարգսյանի ղեկավարությամբ։ Բեմադրող ռեժիսոր՝ Հրաչյա Գասպարյան։

2018 թվականի հոկտեմբերին ամանորյա մի հեքիաթ-պիես էի գրել՝ նվիրված թավշյա հեղափոխության գաղափարի շուրջ համախմբված համայն աշխարհի հայությանը, որը, ցավոք, այդպես էլ չբեմադրվեց, ո՛չ 2019-ի, ոչ էլ 2020-ի Ամանորին։

 

Ցանկը կարող եմ դեռ երկար շարունակել, որովհետև բեմադրվող շատ հեքիաթների համար եմ գրել երգեր և երաժշտություն, և, իհարկե, մշտապես գրել եմ այն հեքիաթների համար, որոնք ինձ դուր են եկել, որոնցում ասելիք է եղել։

Այդ երգերի հիմքում ընկած բանաստեղծությունները կարող եք գտնել, բոլորովին վերջերս հրատարակված «Ազատության անունն է սեր» բանաստեղծություններիս գրքում։

 

 

2019-ի հոկտեմբերին մի հեքիաթ թարգմանեցի։ Այն կոչվում էր «Հեքիաթ մեկ դրամի մասին»։ Հենց այդ հեքիաթին էլ կանդրադառնամ, որովհետև կարծում եմ, որ ձեզանից շատերի համար այն նորություն պիտի լինի։ Ես նույնիսկ չգիտեմ՝ այն իմ թարգմանությամբ արդեն տպագրվե՞լ է, թե՞ ոչ։

Հեքիաթի բնագրային լեզուն ռուսերենն է։

Հեղինակը՝ Սամվել Գաբրիելյանը, ազգությամբ հայ է, ով իր ընթերցողին ներկայանում է Գաբրիել Սամ գրական կեղծանունով։ Ռուսերեն լեզվով այս հեքիաթը գրվել է 2015-ին, տպագրվել՝ 2019 թվականին Մոսկվայում, և ասում են, որ շատ սիրվել է։

Ստանալով հայերեն թարգմանելու առաջարկը, ընթերցեցի այն։ Հեքիաթն ինձ էլ դուր եկավ։ Ինչո՞վ։  Իր ասելիքով և ուղերձով։ Այն երեխաների մասին էր, նրանց աշխարհընկալման, մաքրամաքուր էության, անկեղծ սիրո և անբիծ երազանքների։

Հեքիաթի հերոսը ծիրանի այգին է, որի լիիրավ տերերը, աշխարհից կտրված մի հինավուրց հայկական գյուղի երեխաներն են։

Գյուղն այնքան կտրված էր մոտակա քաղաքներից, որ այնտեղ նույնիսկ չգիտեին, թե դրամն ինչ էր։ Այգին տնկել էին գյուղի բնակիչների հեռավոր նախնիները։

Երեխաներից յուրաքնչյուրն այգում իր ծիրանենին ուներ, և նրանք ամբողջ օրն այգում էին անցկացնում։ Ծիրանն այդ այգում յուրահատուկ էր։ Երբ նա հասնում էր, պտղի դեմքին ժպիտ էր հայտնվում։ Այն հայտնվում էր արևի շողերի հետ, և արևամուտի հետ՝ անհետանում։ Ժպիտն այնքան հստակ էր, որ մարդիկ ուրախ պտուղներին նայելիս, ակամա, ի պատասխան, սկսում էին ժպտալ։

Հավատացնում եմ, եթե սկսեք հեքիաթը կարդալ, ձեր դեմքին էլ ժպիտ կհայտնվի, և ոչ միայն այս հատվածն ընթերցելիս, այլ ողջ հեքիաթի ընթացքում։

Ես, համենայնդեպս, ժպտալով էի թարգմանում։

Հետո այդ կողմերում մի առևտրական է հայտնվում, և մարդիկ ընկնելով նրա լարած որոգայթն, ուղղակի անճանաչելի են դառնում․ նյութապաշտ, զգեստամոլ ու պերճասեր։ Նրանք, այգին պարսպապատում են։ Արգելում են երեխաներին այգի մտնել, որպեսզի թանկարժեք պտղի ոչ մի հատիկը չկորչի։ Այգին դարձնելով եկամտի աղբյուր, մարդիկ սկսում են այն շահագործել և եկամուտը նյութի վերածել։

Շուտով այգին թոշնում, չորանում է, իսկ այն հատուկենտ ծիրանները, որ երբեմն-երբեմն հայտնվում էին մերկ ծառերի չորացած ճյուղերին, այլևս չէին ժպտում։ Առևտրականը, բնականաբար, սկսում է դժգոհել։ Գյուղում սկսում են վեճեր, փոխադարձ մեղադրանքներ, նույնիսկ ընդհարումներ և կռիվներ։

Բայց ի՞նչ հեքիաթ առանց հեքիաթային ավարտի, ուր բարին պիտի հաղթի, իսկ չարը՝ պարտվի։

Ուստի գարնանային մի օր, երբ մոտակա անտառը վաղուց արդեն կանաչ էր հագել, իսկ ծիրանի այգին չորացած, փակված էր բարձր ցանկապատի հետևում, գյուղի երեխաները նշանառության մրցույթ էին անցկացնում։ Նետերից մեկը թռչելով ցանկապատի վրայով, մխրճվում է չորացած ծիրարենու բնին և այն բոլորի աչքի առաջ սկսում է տերևակալել։ Երեխաներն այգի են մտնում։ Նրանցից յուրաքանչյուրը գտնում է իր ծառը, մեկը մյուսի ետևից այդ ծառերն սկսում են կենդանանալ ու ծաղկել։

Գյուղացիները, լուրը լսելով, գալիս, տեսնում են հրաշքն ու հասկանում, որ ծառերն իրենց իրական տերերին էին սպասում։ Նրանք քանդում են ցանկապատն, ու այգին նորից հանձնում երեխաներին։ Պտուղները սկսում են հասնել, նորից ժպտալ, ցածրաձայն ծիծաղել ու երգել։ Նրանք երգում են բացառապես երեխաների համար։ Մեծահասակները, որքան էլ ճիգ են գործադրում, չեն կարողանում լսել այստվածային երգը։

Այսպիսի հրաշալի մի հեքիաթ է թարգմանածս գործը, ուր ծիրանենիները սիրում են երեխաներին ոչ պակաս, քան երեխաները ծիրան են սիրում․․․

 

 

 

© Երևանյան Էսքիզ 2020

 

 

Ընթերցել նաև