Հայ արդի գրողներ Հայ արդի պոեզիա Պոեզիա

Արթուր Հայրապետյան․ «Լույս եմ աղոթում»․ բանաստեղծություն

 

Ես խոստովանել եմ ճշմարտությունը՝ լացել,

Այս է իմ խոստովանությունը`

Քաոս, ճենճություն, աղակատանք,

խաբկանք, ծուլություն, գորշ, եղկելի,

Դատարկ իմացականության առաջ անզոր,

Շուրջդ` չարորակ, փոքրոգու առաջ անկատար…

Ու սրանք գեր են` չարչրկված, անգույն, գաճաճ, վեհերոտ,

Ու առանց աղոթք… Իսկ ես շատ փոքր։

Ու սրանց առաջ դժնատես,

Ընկել եմ հեղձուկի նման,

Լույս եմ աղոթում…

 

Ես ինչպե՞ս դիմեմ ճշմարտությանը,

Անտարբերությունը վերականգնելու համար,

Արդարությունը ապրեցնելու….

Ես ինչպե՞ս դիմեմ հոգիս փրկելու, փրկելու համար սպասումը։

Ամբարիշտ մի սիրտ, որ ծանրանում է՝ բախվում

Իրականության այս անբավ շփոթության մեջ,

Ողբերգությունն այս հանգիստ չի տալիս,

Ահագնանում, արևաթափ իմ գլուխն առնում

Ազատում է, մեղքերի կործանարար գերեվարումից…

Ահա սիրտս նվվում է հեռուներում, հետո

Գլխիկոր միանում է սրտիս զարկերին,

Ու այժմ սիրտս տիրություն է անում սրտիս,

Որ կանգ չառնի։

Եվ գտա, գտա լույսը անհուսության մեջ,

Թեև լույսը, որ ինձնից նեղացել` երես էր թեքել,

Սարսափի մեջ էր պահում գլուխս,

Թողնում, գնում է, որ չտեսնի,

Թե ինչպես է գաղափարը անկշռության մեջ

Դարձել շա՜տ էժան…

 

Այն շիտակ ճամփից ես մոլորվել եմ`

Սպասում չկա․․․

Ես խոստովանել եմ ճշմարտությունը՝ լացել,

Այս է իմ խոստովանությունը…

Սպասում եմ…

Լքված, դատարկ, կեղծել սիրող աշխարհ,

Ու մեկ էլ ես,

Որ ընկել եմ հեղձուկի նման,

Լույս եմ աղոթում…

 

 

Ընթերցել նաև