Արձակ Էսսե Հայ արդի արձակ Հայ արդի գրողներ

Արթուր Հայրապետյան․ «Գիշերը հեքիաթ էր պատմում»․ էսսե

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ասես ինչ-որ մեկն իմ հիշողությունից գողացավ լուսավոր, մաքուր մանկությունս, որ թանկ էր ու հարազատ, երբ օրեր առաջ բակից տարան իմ հեծանիվը: Շատ էի երազում հեծանիվ ունենալ: Փող չունեինք, ծանր պայմաններում էինք ապրում: Օրեր էին լինում, երբ սոված պառկում էինք քնելու, որ քաղց չզգայինք, իսկ քունս էլ չէր տանում: Հայրս գնացել էր ռուսաստաններ՝ փող աշխատելու: Երկար տարիներ չէի լսել հորս ձայնը, չէի տեսել նրան:Այնքան էի կարոտել, որ երբեմն իջնում էի մեր տան փոքրիկ նկուղն ու թաքուն լաց լինում, որ հանկարծ մայրս չտեսներ ու կրկին չտանջվեր: Առաջին անգամ, երբ դպրոցական տարիներին սիգարետի համն ու հոտը զգացի ու ինձ տղամարդ էի երևակայում, մեջս ինչ-որ բան խառն էր, ինչ-որ բան անհանգստացնում էր ինձ ու չէի հասկանում պատճառը: Առաջին անգամ տասներեք տարեկանում սեքս արեցի… Ձայնը գլուխս էի գցել, մի հանգի տնքտնքում էի. դեռ սեքսի ձևերն անգամ չգիտեի, բայց հավատացեք, պետք էլ չի ձևերին տիրապետել, կարևորը սիրտդ ոնց ասի, այնպես գործը գլուխ կբերես:

Հայրս արդեն քանի տարի չկար: Ոչ մի նորություն չունեինք: Ես իմ մտքում կորցրել էի հորս: Չէի բարձրաձայնում, որ ցավը գլուխ չբարձրացներ ու չսկսեր բվվալ: Մի օր էլ, երբ արդեն քնած էինք՝ դուռը ծեծեցին: Դռան շեմին կանգնած հորս տեսա. առաջին անգամ հասկացա, թե ինչ բան է կարոտը: Փաթաթվել էի հորս և արցունքներս զսպելով՝ համբուրում էի ու չէի հագենում: Երազանքս կատարվել էր, հորս տեսել էի ու այժմ, երազս ձեռքերումս ամուր բռնած, չէի ուզում բաժանվել: Երազս իրականության հետ եկել ու հաստատվել էր տան պատերին: Այժմ երջանիկ էինք ու հարուստ: Հայրս հեծանիվ էր բերել: Իմ մանկության խաղալիքը դարձել էր իմ պատանեկության տարիների անբաժան ընկերը: Փողոցում ոտքով էի քայլում կամ հեծանիվով: Բայց, երբ գիշերը բակից գողացան հեծանիվս, ես միանգամից կորցրի մանկությունս, պատանեկությունս… Ոստիկանությունում չհասկացան, թե ինչ բան է մանկություն կորցնելը: Երբ աչքերս արցունքոտված գրում էի թղթին, որ գողացել են մանկությունս, ոստիկանը բերանը բացել ու հռհռում էր: Չէ, ոստիկանն ինչ իմանար, թե ինչ բան է սրտի հիշողությունը: Դե երևի կմտածեր, թե հեծանիվ է էլի, եղածն ի՞նչ է որ: Նույն րոպեին պատռեցի թուղթն ու հեռացա:

Գիշերը հեքիաթ էր պատմում, իսկ ես հեքիաթի տակ գնում էի երեք խնձորի հետևից: Գիշերը բռնել էր զարկերս ու տագնապած նայում էր դեմքիս: Չէի մեռել, թեև երանի էի տալիս բոլոր մեռածներին ու աղոթում նրանց հոգիների համար: Երբ ուշքի եկա, գիշերը ճիչ արձակեց ու լույսի տակ թողեց ինձ մենակ: Հոգիս հիվանդացել էր, խեղճացել, բայց, ամեն դեպքում, պայքարում էի…

Ժամանակը հաճախ ոչնչացնում է հիշողությունները, բայց երբ գալիս է պահը, ես աննկատ թերթում եմ խիղճս ու գտնում մարդու գոյության իմաստը: Հետո ճակատագիրը շուռ է գալիս ու կորցնում մտքիս աջ ոտքն ու… մնում ես մի ոտքի վրա, դառնում ճակատագրի խեղկատակ ուրվականը:

Խիղճս առել էի ափերիս մեջ ու էջերն էի համարակալում, իսկ օրն աղմկում էր ականջներումս ու սպասում էր իմ վերադարձին…

 

 

 

Ընթերցել նաև