Արձակ Էսսե Հայ արդի արձակ Հայ արդի գրողներ

Արթուր Հայրապետյան․ «Բոլորը երազում են ընկնել դրախտ»․ էսսե

 

 

Մարդը էգոիստ արարած է, ասել է թե՝ անգամ սիրելուց ինքն իր համար է անում: Սկզբում չէի հավատում, հետո, երբ ես սիրեցի, հասկացա, որ իմ սերն ավելի ուժեղ է, քան նրա, ում ամենաշատն էի սիրում: Թեև կան բաներ, որ մենք անում ենք անգիտակցաբար: Սիրելու համար թանկ վճարելու, հետո երբ թողնում են մեզ, մենք դառնում ենք ավելի ինքնուրույն: Կանանց դեպքում այդպես չէ, կինը ավելի է տանջվում ու ավելի շատ վախենում է մենակ մնալ: Մենք մենակ մնալուց չենք վախենում, որովհետև անգամ ուտելու համար ամենասովորական բաները կարող ենք ձեռք բերել, որ քաղցած չմնանք: Դա, թերևս ամենամիամիտ ու կարևոր բանն է, որ տղամարդուն անհանգստացնում է, քան սերը, որից հրաժարվել կամ կորցրել է:

Մեր բակում երկու մարդ էր մնացել, այն էլ բանից պարզվեց ամուսիններ են: Երբ ամուսնուն հաջորդ օրը տեսա մենակ, հասկացա, որ չէ՛, նա էլ մի սովորական արարծ է, որին լքել են: Իմ ամենաերջանիկ հիշողություններից մեկը հոգեկան շփոթիս մասին հիշողությունն է…

Մարդը ողջ կյանքում վճարում է գոյատևելու համար, մինչդեռ լավ ապրելու համար ոչ ազատ ժամանակ ունի, ոչ էլ «վճարելու» սովորություն… Ինչպես շատերը երազում են ապրել դրախտում, բոլորը երազում են ընկնել դրախտ, բայց ոչ ոք չգիտի՝ որտե՞ղ է դրախտի ճանապարհը… Ահա ամբողջը: Կամ ավելի ճիշտ՝ ոչ ամբողջը, քանզի չկա ամբողջ, չկա ավարտ. մենք ոչ թե հարվածից ենք տանջվում, այլ նրա լարվածության տաղտկալի և արձագանքող թուլացումից, հետևանքից, որ պետք է մաքրենք հուսահատության շեմից: Մենք հանդուրժում էինք այն ժամանակ, մեր սպասումը, թե հաջող է լինելու՝ դատապարտված է երկարատևության:

Այսօր իմացա, որ հոգեբաններն ասում են՝ երեխաներ ունենալը դա ծնողների էգոյից է գալիս: Եթե շատ երեխա չեն ունենում այսօր, ուրեմն իրենց մասին են մտածում: Հիմա մտածում եմ, թե աշխարհում ինչքան շատ մենակ մարդիկ կան, ո՞րն է ճիշտ․ նրա՞նք, որոնք մնացել են մենակ այս աշխարհում, թե՞ նրանց է պետք մխիթարել, որոնք երեխաներ ունեն, բայց էլի միայնակ են իրենց զգում: Չէ՛, մարդուն մարդ է պետք: Ես գոնե այս փոքրիկ բանաձևը գտել եմ, որտեղ պատասախանը մեկն է՝ կյանք, որի խարանները բարդ լուծելի են, բայց տանելի…

 

 

 

Ընթերցել նաև