Հայ արդի գրողներ Հայ արդի պոեզիա Պոեզիա

Աշոտ Ավդալյան․ «Արթնացման ձայներ»․ բանաստեղծական շարք

 

Եվ այս օրն էր՝

կտցահարեց մեր պաղ հոգին

ու արթնացավ:

Եվ արթնացման ձայներ փռեց ճանապարհին՝

անցնող — դարձող թռչունների ոտքերի տակ,

ու կրակը դրեց շեմին․

մեր խարխլված ու պաղ շեմին —

որ տաքանա:

Որ երբ հետո հրաժեշտի կանգնած լռենք,

պոզահարենք մեր թախիծը ու հեռանանք,

մեր տաք շեմի սպասումը դառնա քարոզ

ընթեռնելի:

Շեմը լինի վերծանելի

ու պաշտելի… լույսի համար:

 

 

*

 

Ավարտվեց հուշը,
ծածկիր մտքերդ ծաղկաքողերով
ու պատկերների փոքրիկ բացատից
հեռացրու հոգիդ,
հեռացրու ու տար
ու պատկերազարդ գորգի մեջ պահիր առանձնությունը,
թող անձրևների գիշերը ծաղկի,
քո առանձնության երգերի համար
ու արարողի
ու երգող դաշտի:

Ու հիշողության փոքրիկ բացատով քայլի երեխան
իր հեքիաթասաց թռչունների հետ,
ու թովիչ ծաղկի անունը լինի
ասեղնագործող քրոջ շուրթերին:

Ավարտվեց հուշը,
նրան գորգագործ քույրերը տարան,
որ տան երկինքը բացող կարոտին…

 

 

*

 

Ասացի գնամ,
տուն եմ ունեցել,
դաշտեր եմ թողել միայնակ ու ցոփ,
ասացի՝ դաշտը լցնեմ ինձանով,
խորհուրդ տամ կյանքին, գլուխս թեքեմ:

Ու երբ անձրևը պաղ արահետով
հոսեց՝ վախճանը կրելով իր մեջ,
դաշտը անջատվեց ինձանից փութով,
գնաց՝ իր դույլը դատարկողի պես:

Եվ ես մնացի անսահման մենակ,
չէր տեղավորվում սիրտս դաշտի մեջ,
անձրևը չուներ գգվանքի ալիք,
և քարը չուներ քարաքոսի հետք:

Եվ տանը մեռնող-հառնող կիրակին,
որ ճանապարհ էր անցել յոթ օրում,
կյանք էր նվիրել մղձավանջներին,
աչքն էր կորցրել խավարիկ ձորում:

Ահա իմ սիրտը,
որ դաշտ էր տեսել տիեզերքի մեջ
ու դուռ էր գտնել պարիսպների տակ,
ուզեց դուրս նայել մարմնիս միջից,
ուզեց բարձրանալ երկնային ծիրով,-
անսահմանությամբ, անսահման մենակ:

 

 

*

 

Հուշն արթուն է.
ունայնության շերտերն են թաց,
դուռն է գոցվում ճառագայթի մերձեցումից,
մութ հնոցից երկատվում եմ
ու փակվում եմ երկնքի պես:

Եկ, արթնացող վտարանդի,
եկ, ձեռքերս կանչում են քեզ,
կանչում են քեզ զարդեր հագած,
պարի պատրաստ, հիացքի մեջ…

Լույսն արթուն է,
և ափի մեջ քնած եմ ես՝
Ճառագայթին մի կողմ հրած,
անձրևներով, զանգակներով
և թրթռուն վարդը բռնած,
որ արթնացման օրը ծաղկի,
որ մոգության պահը երկնի,
որ հիացքին տամ ճանապարհ —
իղձը թողած ընծայաբեր քամիներին։

 

 

*

 

Ողջ քաղաքով մեկ մեռնում է մարդը,

Հուշերս պարպվում են խուլ որոտներով,

Ձայնս հնչում է երգեհոնի պես,

Քայլում քաղաքի մերկ փողոցներով:

Ծառերը հոգնած իրենց արվեստից,

Դեղնած քամու հետ թախիծն են կիսում,

Հոգին ընկել տագնապների մեջ

Ու արեգակից շնորհ է խնդրում:

Մի շուն վազում է փողոցների մեջ՝

Արեգակի դեմ պոչը շարժելով․

-Իմ տառապանքը ձեր տառապանքն է,

Մի՛ արհամարհեք տառապանքը իմ։

Թռչուններն իրենց կարոտն են մսխում,

Շներն են կանգնել ոռնոցի հերթի,

Կատուն տանիքից տանիք է անցնում,

Ողջ աշխարհով մեկ մեռնում են մարդիկ։

 

 

*

 

Օ Ր Ը

Ասում է — այդ ես, այդ ես էի տալիս քեզ հրճվանքի հանդիմանություն,

ես էի ծնծղայի ձայնից զառամած, հրամցնում քեզ սրինգների երթ,

ես էի նվիրյալ կյանքից հորինել թանձր զնգոցը հրապույրների,

ու հնչյունները փոքրիկ շուշանի, որ սիրահետես …

Ասում է — այդ ես, այդ ես էի լսում քո բառերի հետ պակասող ոգուն

ու տալիս մի քիչ համարձակություն, որ խոր թաքցնես արբունքի գոտին,

այդ ես, այդ ես էի հովվերգության մեջ նշմարում կուրծքը հրեշտակների,

ու վարպետության փոքրիկ նշույլով արթնացնում էի քեզ, որ չնվաղես։

Այդ ես էի, այդ ես անդորրից հոգնած փափկացնում սիրտդ,

որ էլ չհայցես վարպետների ձեռք, այլ ինքդ հյուսես հրապույրի պար,

որ գույներն իրենց ազատությունը պորտապարերով հրամցնեն քեզ։

Եվ հետո ես էի ընտրանին զուգսի ու գեղեցկության թասակը տալիս,

որ հանգրվանես պայծառության մեջ,

որ երբ ծնծղաների ձայնից զառամած իմ մարմինը քեզ առաջնորդի վեր,

շրշա զգեստը հրապույրների,

մի վերջին անգամ զմռսված հոգիս

ասեղնակարը տա սրինգների ու փողը մահվան։

 

 

*

 

Հայտնության մեջ —
ուր կան ծաղկող արահետներ,
ուր կա մահվան ոգի կրող հանձնակատար
ու ելագիծ անցանկալի մտերմության,
լռում են կիրք ու տառապանք,
միայն քամին ունի մուտքի բանալիներ։
Ու հարության երգ երգելով
ստվերները գրակալի շուրջը խմբված
խզմզում են պատկերները այգաբացի՝
ամենօրյա վարանումով ու հափրանքով երազողի։
Ու երբ ձայն է խլում քամին,
ու խլացնում եկվորների ոտնաձայնը,
անհնազանդ վարանումով
ու մեկնությամբ վերծանելով գույժը մահվան,
ծիածանի կուրծք զարդարող գույների հետ,
հայտնվում է դեմքը աշնան
մտերմության ազդակարով,
և իր դարձի շեփորները պարզում են վեր
թրաշուշան ու դեղձանիկ։

 

 

*

 

Լուսնի դարավոր հեգնանքից արթուն,
Ու քամիների ծափ-ծիծաղի հետ,
Ծաղիկների հետ գիշերվա ծոցում
Թափառում է դեռ
Խենթ մեղուների ոգին քաղցրաբույր։

Եվ ծաղիկները լցվում են բույրով,
Լցվում են կնոջ ստինքների պես,
Թաթախվում հույսի անմեղ բերկրանքով,
Որ մեղուն կգա, կանցնի ոչ այնպես։

Լույսի դարավոր հեգնանքից արթուն,
Բերկրանքի պայթող ալիքների հետ,
Կարծես ուզում եմ այն մեկին խաբել
Ոչ սրտով, այնպես, քամիների հետ։

 

 

*

 

Օ, լույս, այդ ինչպե՞ս
եղար մերձավոր
իմ խեղճությանը
և այդ ինչպե՞ս է,
որ հնարում ես իմ դեմքն ամեն օր
ու պայծառացման հիմն ես հորինում
ու մտերմության բաժակն ինձ, ավաղ,
մատուցանել էլ չես կարողանում։

Դու` հաճոյախոս,
պերճախոսության զտարյուն տեսիլք,
դու մահվան պահին
պառակտում ես ինձ
անցավորաց հետ
ու ընծայագիր մատուցում այնպես,
կարծես իմ ներսում կա հավատքի ճոճք,
գույնի ազդագիր,
պաստառներ գույնի,
երաժշտության
ու մտածումի կարած ժապավեն։

Օ, լույս, այդ ինչպե՞ս
եղար մերձավոր իմ թուլությանը։

 

 

 

Ընթերցել նաև