Արձակ Հայ արդի արձակ Հայ արդի գրողներ

Աշոտ Ալեքսանյան. «Ուղևորման հայցական»

 

 

Ինքնահեքիաթ մեկուսացման օրերին – 2

 Ժանրը՝  Հերյուրաստեղծվածք

 

 

Մարդիկ ամեն ինչ գիտեն՝ չլինելով ամենագետ:

Քաղաքի թանձրույթում ժամանակն հոսում էր սովորական հևքով: Կանգառներում մարդիկ էին կուտակված` ամեն ոք իր ուղևորափոխադրիչ անվասարքին սպասող: Բայց կար երիտասարդ մեկը, որ անհանգիստ հետուառաջ էր անում, թերևս շտապելու բան ուներ, սակայն նրա երթուղայինը ուշանում էր անվերջ: Հույսը կորցնելուն մոտ էր արդեն, երբ աչքով մի սիրունատես օրիորդ ընկավ, մոտեցավ ու փորձեց սիրահետել:

— Չգիտեմ ժամը քանիսն է, բայց Դուք շատ գեղեցիկ եք, ինչի համար անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ և հաջողություններ մաղթում անձնական կյանքում, աշխատանքում և հասարակական ու քաղաքական գործունեության մեջ:

— Առայժմ կլռեմ, տեսնեմ ուրիշ էլ ինչեր կարող եք դուրս տալ: Եթե հավանեմ, անպայման կարձագանքեմ, չեմ զլանա:

— Բայց խոստովանեք, որ մուտքս վատը չէր, մանավանդ որ խոսքերս սպասելիքներ արթնացրին Ձեր մեջ, թե՞ դա ընդամենը քաղաքավարություն էր Ձեր կողմից` հավանելու դեպքում արձագանքի համար չզլացող մեկի:

— Շարունակեք շաղակրատել, մանավանդ որ փոխադրամիջոցս կարծես դեռ յոթը սարի հետևում է, այնպես որ բավարար ժամանակ ունեք, եթե իհարկե այնքան հնարամիտ կգտնվեք, որպեսզի կարողանաք բերնեբերան լցնել այն:

— Չէ, ես այսպես չեմ խաղում, Դուք իմ սպասածից ավելի խոսքի տակ չմնացող եք, հիմա ես ինչպե՞ս Ձեր թույլ կետերին դիպչեմ:

— Դուք երևի միշտ գործ եք ունեցել պապանձված, խոսքի տակ մնացողների հետ: Հույսով եմ որոշակի հաջողություններ եք արձանագրել այդ ասպարեզում, այլապես այսպես ինքնավստահ ու նախահարձակ չէիք լինի անձիս հանդեպ:

— Չէի ասի, թե միանշանակ հաջողել եմ, ամեն ինչ ընթացել է փոփոխական հաջողություններով, միջին թվաբանականով արտահայտած` 50-50: 

— Բավական տպավորիչ արդյունք է` Գիննեսի գրքին արժանի, այնպես որ Դուք պարծենալու տեղ ունեք, ինչի համար շնորհավորում եմ:

— Հոգաչափ շնորհակալ եմ: Եվ այնուամենայնիվ կուզենայի իմանալ Ձեր հեռախոսի համարը, պարզապես հերթական ռեկորդներիս մասին Ձեզ համեստաբար տեղյակ պահելու համար:

— Ցավոք չհամոզեցիք, բայց վհատելու չէ: Ինձ գրեթե միշտ կարող եք գտնել այս նույն կանգառում, այս նույն ժամին, մանավանդ որ առնվազն առաջիկա տարիներին չեմ կարծում, թե իմ կյանքում էական տեղաշարժ է սպասվում: Այնպես որ` նորի՛ց փորձեք:

Ասելուն պես` աղջիկը մագլցեց կիպ մոտեցած իր երթուղայինը ու ճանապարհվեց, չքվեց, անէացավ: Հաջորդ օրը նույն տեղում, նույն ժամին նրանք հանդիպեցին և տղան ասաց.

— Պարզապես իմ կյանքում էլ էական տեղաշարժ չկա, այնպես որ մեր պատահական հանդիպումները հավանաբար շարունակվելու միտում կունենան: Գուցե մի տեղ միասին սրճե՞նք, եթե իհարկե հիմնավոր առարկություններ չկան:

— Տեսնում եմ պարապ եք մնացել, գուցե իսկապես մի քիչ իրար հետ զրուցենք, որպեսզի շատ թե քիչ իրար ճանաչելով` ամենքս մեր գործին գնանք: Փառք Աստծո, սրճարան գտնելու խնդիր չկա, քաղաքում ուր աչքդ կտրի սուրճ ու թեյ են մատուցում:

Երկուսով տեղավորվեցին հարևանությամբ գտնվող սրճարաններից մեկում:

— Ի՞նչ կկամենայիք,- հնչեց բնական և սպասելի հարցը:

— Դե եթե սա սրճարան է, ուրեմն սուրճ,- ասաց երիտասարդը:

— Իսկ սև՞, թե՞ մեր տեսականուց… 

— Սևին խփող սրճագույն սուրճ, եթե օրիորդը հատուկ կարծիք չունի:

— Ունեմ, ես կցանկանայի սրագլխարկ տերտերացու, կարճ՝ տիրացու:

— Հասկացնալի է՝ կապուչինո, այո՞: Պատվերներն ընդունված են:

Տղան անմիջապես անցավ իր գործին:

— Գիտե՞ք, նոր ծանոթությունը անկանխատեսելի ուղղությամբ զարգանալու կամ տարամիտվելու հակում ունի, ինչպես նոր բացվող օրը, որ չգիտես ինչ ընթացք կընդունի՝ անկախ եղանակային կանխատեսումներից:

— Բայց դե հո չի կարող ձմեռը հանկարծ ամառ ժամանակ բքաբեր հողմով արշավի: Շատ-շատ անձրևի կամ մի քիչ ցրտի: Հո դեմ չե՞ս, տղաս: 

— Ես նման կտրուկ ընթացք չենթադրեցի, օրը դեռ նոր-նոր երեկոյանա պիտի: Դե լավ, մի հարց տամ, բայց նեղանալ չլինի. Ես հիմա միտումնավոր կառչեմ պիտի Ձեր այն աներկմիտ ակնարկից, որ Ձեր կյանքում «էական տեղաշարժ չի սպասվում առնվազն առաջիկա տարիներին»: Ինչու՞ այսքան բաց տեքստով և ինչու՞ այսքան ուղղամիտ անկեղծություն՝ առաջին պատահած մարդու հետ առաջին իսկ շփման պահին: Տպավորություն է, որ Դուք դեռ չեք գտել, կամ արդեն կորցրել եք Ձեր երկրորդ կեսին: Հո դեմ չե՞ք:

— Դեմ լինեմ, չլինեմ, բայց եթե խոսակցությունն այսքան բաց ու անկեղծ սկսվեց, ասեմ, նախ՝ մարդս ոչ գտնում, ոչ էլ, հետևաբար, կորցնում է իր երկրորդ կեսին, մանավանդ որ այդպիսին երբեք չկա ու չի լինում: Նախ և երկրորդ՝ եթե որևէ մեկի կյանքում էական տեղաշարժ չի սպասվում, բնավ չի նշանակում, որ առկան այնպես է թթվել նրա վրա, որ հարկ է որևէ ուղղությամբ տեղաշարժվելու ձգտի՝ դրական կամ բացասական ելքի հեռահաշվարկով: Պարզ ասած՝ ես պարզապես շփոթված ու ցնցված եմ սերունդների հերթափոխով պայմանավորված մեր այս չարքաշ գոյատևումի անվերջանալի տեղապտույտից. ապրելու կարճաժամկետ խլիրտն ընդդեմ չգոյության մշտնջենական հոգեխամրանքի:

— Օհո՜, անկեղծ ասած չէի սպասում, որ Դուք մեր այս սրճարանային խոսակցությունը այսպես կտրուկ եղանակով փիլիսոփայական հարթություն կտեղափոխեք: Դե ինչ, ընդունում եմ մարտահրավերը և փորձեմ ըստ արժանվույն գոյության առեղծվածի Ձեր կողմից բարձրացված խնդրի մեջ խորամխվել: Պարզեցված ասած՝ մեծ հաշվով կա երկու պատկերացում, թե ինչ ասել է կյանք և, հետևաբար, թե ինչպես այն պետք է ապրել: Առաջին. կյանքի ժամանակավոր բնույթի վերաբերյալ պատմական, հասարակական և անհատական փորձով համոզված մարդկանց մեծամասնությունը, ես դրանց կկոչեի «ողջախոհության համախտանիշով վարակվածներ», հակվում է դեպի վայելքի փիլիսոփայությունը. տեղավորվել քեզ տրված կյանքի տարածաժամանակային տիրույթի սահմաններում և կյանքից քաղել առավելագույնը՝ միջոցների մեջ խտրականություն դնելով կամ չդնելով, առավել կամ պակաս պարբերաչափով: Եվ երկրորդ. կա գերակշիռ փոքրամասնության մի տեսակ, սրանց ես կկոչեի «սպասման հիվանդներ», որ ջանում են առաջնորդվել հավերժի կանխադրույթով, և իրենց կենսընկալումն ու գործողությունները տեղաբաշխել նույն հավերժումի հեռահաշվարկով, այդպիսիք առավելաբար սրբակենցաղ վարք են դրսևորում և շատ էլ չեն խորանում հասարակական ու բարոյական կյանքի մանրուքների մեջ, մի խոսքով՝ մխիթարություն են գտնում կրոնական նախագիտելիքի հուսադրող պարունակներում: Բայց կա նաև այդ երկուսի զուգամիտման արդյունքում մեր աչքի առաջ գոյավորվող և գոյավորվելիք երրորդ պատկերացումը ևս. այն է՝ քանի որ, հակառակ տիրապետող մտայնության, ժամանակավորը բացարձակ մեծություն է, իսկ մշտնջենությունը հարաբերական, ապա ուրեմն մարդ պետք է ապրի երկակի կյանքով՝ կյանքի ժամանակավոր սահմանափակությունները ժամանակ առ ժամանակ հավերժության լուսանցքներում մաքրաջրելով, կարճ ասած՝ համակերպվելու պես հավատա՛լ կյանքի անցողիկության խորհրդին և ի խորոց սրտի մխիթարվել սերունդների հերթափոխով պայմանավորված հավերժումի անխուսափելիությամբ…

 

*

 

Մինչ տղան կավարտեր իր երկու տարի շարունակվող սոցիալ-հոգեբանական գիտափորձը՝ նրանք համատեղ երկրորդ երեխան ունեցան և անվանակոչեցին նրան իրենց առաջնեկի անվան երկրորդ բաղադրիչով՝ Արամ, և նույն օրն էլ ՔԿԱԳ-ի բաժանմունքում հետ առան իրենց անդրանիկ արու զավակի անձնանվան նույն այդ երկրորդ բաղադրիչը և Հայկարամին վերանվանեցին Հայկ, դե քանի որ պլանավորած երկրորդ և վերջին զավակը, սպասվածին հակառակ, աղջիկ չծնվեց, որ նրան հատկացնեին իրենց փայփայած Մարիաննա անվանակարգը՝ դարձյալ երկբաղադրիչ մի կազմություն: Եվ չնայած պլանավորածին՝ Մարին և Աննան տարիներ անց այնուամենայնիվ ծնվեցին, ընդսմին՝ որպես երկվորյակներ, այնպես որ նույնիսկ կարիքը չեղավ կանխավ մտածված իգական զուգանունը, նախադեպի ուժով, տրոհել զույգ բաղադրիչների: Եվ եղավ այնպես, որ նրանք հինգերորդն էլ ունեցան՝ այս երևակայական պատմությունը իր անտրամաբանական ավարտին հասցնելու նպատակով, և վերջինիս սեպեցին իրենց իսկ սոսկանունների հանրագումարային արդյունքով՝ Սահականույշ:

Այսպես մեր անվանադիր Սահակն ու Անույշը ապրեցին ցմեր ինքնամեկուսացման օրերը և դեռ մի բան էլ դենը և ապագայից նայելով իրենց մտերմության այն վաղնջական կանգառամատույց հանգրվանին, արդեն առաջացած տարիքում, մի վերջին անգամ լիաթոք վերապրեցին իրենց շաղակրատ ջահելության վերհուշը և խոսքի տակ չմնալու իրենց սովորույթին հակառակ՝ խոսք մեկ արած կնքեցին իրենց մահկանացուն հարևան սենյակներում փակված՝ միաժամանակ, մեկուսի առանձնության մեջ: Եվ եղավ, երբ նրանց հոգիները ուղևորվեցին ի բարձունս, այդ ողջ քառասուն օր տևած ճանապարհին նրանք դեռ շարունակում էին իրենց վերջին կիսատ թողած վեճը, բայց հակառակ թիրախավորմամբ, թե կա՞ արդյոք կյանք մահվանից առաջ, և ի վերջո համաձայնվեցին սերունդների հերթափոխով պայմանավորված կյանքի հավերժության ու մահվան ժամանակավոր լինելու հարցում: Այսպես ավարտվեց նրանց հեռակա բանավեճը բացարձակի ու հարաբերականի հատման ճիշտ կիզակետում: Հոգիների միությունից են ծնունդ առնում մարմին առած նորահայտ հավերժության սաղմերը, իսկ կյանքի բովով անցած, նրա քուրայում թրծված ու հոգեթափ եղած մարմիները շարունակում են թրևել մարդկային կարծրամտության խավարամած ու անջրդի անապատներում՝ տիեզերքի զարկերակին անհաղորդ ու անսրտամատույց:

 

Հ.Գ. 1

 

Մինչդեռ մեր մեջ կան ինքզինքը երևակայող մարդիկ, որ ամենայն համոզկերությամբ պնդում են, թե սեթևեթող շաղակրատանքից ոչինչ չի ծնվում: Ահա ձեզ հակառակը հավաստող թող որ երևակայածին մի փաստարկ առ այն, որ ամեն ասվածի հակառակն էլ է ճիշտ, որպեսզի շատ էլ չհամառեք ձեր կաղապարված գիտելիքների բարձրաձայնումից և ձեր ամենագիտության փորձանմուշը, քերականորեն ասած՝ որպես ուղևորման հայցական սրան-նրան հրամցնելով՝ չփորձեք այն փաթաթել մարդկային սակավապետ ու սակավիմաց ողջախոհության սահմանազանցումներին: 

 

Հ.Գ. 2

 

Վերապրված պատմություններ շարահյուսելու համբավավոր արվեստը, ինչը գեղարվեստական գրականություն են կոչում, թողնենք մարդկային հոգեբանության խորը (և ոչ այնքան) շերտերը բացահայտելու մոլուցքով համակվածներին, որոնք կազմ ու պատրաստ՝ միշտ էլ պարապ աչք ու ականջ են գտնում ոճախաղարկային ինքնահնար միջոցներով սեփական հուզազգացական ներկապնակի թերկատար հմայախաղը ընթերցողի զգայարաններից հատկապես երկուսին հրամցնելու, բնականաբար, գեղագիտական մակարդակի բարձրացված բարոյահոգեբանական մատուցմամբ, ընդսմին՝ տրամաբանական կապակցումերի հնարավորինս զանցառմամբ և դիմացինի ենթագիտակցականի վրա ներազդման թերկատար միջոցներով՝ հաշվարկի չտրվող, բայց հույժ հաշվենկատ թիրախավորմամբ:  

 

Հ.Գ. 3

 

Մինչդեռ մարդկային բարոյականությունը, գեղագիտականի միջոցով, հոգին տրամաբանությամբ է փոխարինում: Եվ եթե հասարակական հոգեբանության ուսումնասիրության առարկա հանդիսացող հոգին ունի բարոյականություն, ապա նրա համար, ըստ էության, այլևս գոյություն չունեն բարոյական խնդիրներ, այլ միայն տրամաբանական:

           

 

 

 

 

Ընթերցել նաև