Արձակ Էսսե Հայ արդի արձակ Հայ արդի գրողներ

Աշոտ Ալեքսանյան․ «Դասեր՝ քաղված մանկությունից»․ էսսե

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Երբ մանկությունը դառնում է պատմություն, նրա վրա տարածվում են պատմագիտության երկու կարևորագույն գիտահանրամատչելի սկզբունքները՝  անհավաստիություն և հորինաստեղծում: Գույների խտացմամբ կարելի է հասնել շլացուցիչ արդյունքի:

Երբ երեխա էի, 13 տարեկան, գիշերվա հազարին վերմակի տակ կծկված Արիստոտելի պոետիկան էի կարդում՝ ձեռքի լապտերի օժանդակությամբ: Այնքան կարդացի, որ այն գրեթե ծայրեիծայր անգիր էի արել: Մի անգամ նույնիսկ Արթիկի շրջանի Գեղանիստ գյուղի դպրոցում, կարծեմ 7-րդ դասարանցիների առաջ դասախոսություն կարդացի Արիստոտելի մասին և մանավանդ՝ նրա Պոետիկայի, տրակտատից մեծ-մեծ հատվածներ արտասանելով: Երեխաները, քար լռության մեջ, սսկված լսում էին: Վերջում նույնիսկ ծափեր եղան: Գյուղի մաթեմատիկայի ուսուցիչը՝ Ավոն, հայրական կողմից ազգականս, ինձ մատնացույց անելով, աշակերտների չեմ հիշում բարի, թե չար նախանձը շարժելով՝ երկու խոսքով ներկայացրեց, թե ահա, տեսեք, թե ինչպիսի գիտելիքներ են ստանում մայրաքաղաքի աշակերտները: Բոլորը, երևի, տարակուսանքի գիրկն ընկան, թե ինչու իրենք էլ մեծ քաղաքում չեն սովորում ու նույն պահին մի տեսակ իրենց բախտից ու իրենց տարեկից դասախոսից օտարացան: Այն ժամանակ ես դեռևս թերկատար գիտելիքներիս ցուցադրության մոլուցքով էի տարված, սակայն առանց հետին մտքերի, այնպես չէ, որ ես ինձ մյուսներից ավելի էի գերադասում, քավ լիցի, ընդամենը մանկական մանր-մունր ձևականությանուններ, որ նոր կյանք մտնող պատանյակին ինքնահաստատման ուղու վրա են դնում:

Այս դեպքից մի տարի էլ չէր անցել, երբ ես հայտնվեցի Սուխումիի պիոներական ճամբարում, ջոկատի ղեկավար, իմ ազգական Գ-ի հովանավորչական միջամտության արդյունքում: Օրերն անցնում էին ծովեզերքին, պիոներական տողանների, թմբուկ ու շեփորների նվագակցությամբ: Բայց ես ավելի շատ տեղի անտառուտներն էի սիրում, քան ծովը, մանավանդ սունկ հավաքելու մարմաջով էի տառապում: Ու երբ ազատ ժամանակ էի ունենում, ինձ անմիջապես դիմացի անտառաթավուտն էի գցում ու սնկահավաքչական տարերքիս տրվում: Հավաքում էի բոլոր սնկերն անխտիր, թունավոր, թե ուտելի, ինձ ավելի շատ բազմազանությունն էր հրապուրում, քան կրակի վրա սունկ խորովելու հեռանկարը: Ամենագեղեցիկ սունկերը սովորաբար գունավոր էին լինում, և գլխարկների ու ոտքերի կառուցվածքներն էլ՝ ավելի բազմազան ու բազմաձև: Մի օր գլխիս չգիտեմ ինչ բրթեց, խորովեցի ու կերա երեք թե չորս սնկազգիներ, մեկը մյուսից տարբեր: Մի քանի ժամ անց՝ ռուս բուժքույրն արդեն ջերմաչափ էր դնում թևքիս տակ՝ նախապես այն մի լավ թափահարելով: Որձկոց, սրտխառնուք, փսխոց, դեղահաբ, ամեն ինչ, ինչպես որ հարկն էր… Մի օր, երբ արդեն արթնանալ էի ուզում, բայց աչքերս դեռ չէի բացել, լսեցի բուժքրոջ ու մեր ջոկատավարի խոսակցությունը, անկողնուս կողքին:

— Սա թունավորում չէ,- պնդում էր բուժքույրը,- ես ստուգեցի նրա հավաքած սունկերի հավաքածուն, բոլորն էլ ուտելու սնկերի տեսականուց էին: Ավելին, ուսապարկում, ուր դեռ մնացել էին երկու տասնյակի չափ սնկազգիներ, երեխան խնամքով պահ է տվել հանրագիտարանային նկարազարդ ալբոմից պոկված մի հարացույց՝ թունավոր և ուտելի սնկերի հստակ տեսականիով: Հետևաբար, նա կամ մրսել է, կամ մի տեղ մի վարակ է կպցրել: Սա է իմ եզրակացությունը: Տաք պահեք, ջրիկ ճաշ տվեք, կանցնի:

Այդ պահին, երբ աչքերս բացեցի, սենյակում ոչ ոք չկար: Կողքիս սեղանիկին տաք ապուր էր դրված՝ մեջը լող տվող ամբողջական ու կտրատված սունկիկներով: Առանց մտածելու՝ արագ-արագ գդլտեցի ջերմությամբ ու անտառով բուրող ամանի պարունակությունը, քանի որ շատ քաղցած էի, ու նորից քուն մտա: Երբ արդեն երկրորդ անգամ և վերջնականապես արթնացա քնից ու հագնվեցի, որ դուրս գամ մենության զնդանից ու ընկերներիս տեսակցեմ, ճամբարային պատի թերթին մեծ-մեծ տառերով տպված տեսա իմ անունը՝ հավելյալ մեկնաբանությամբ. «Մեր Աշոտիկը՝ բնության քաջ գիտակ. թե ինչպես է նա հմտորեն և իր հանրագիտարանային իմացություններով զինված՝ տարբերակել կարողանում ուտելի սնկերը թունավորներից: Օրինակ վերցրեք ձեր ընկերոջից»:

Մի քիչ նեղսրտեցի, բայց հետո քթիս տակ ժպտացի ու միախառնվեցի ընկերներիս զվարթ խաղերին: Թող այդպես էլ ոչ ոք չիմանա, որ ես ոչ մի ընտրություն էլ չեմ արել, հավաքել եմ բոլոր սունկերն անխտիր և գուցե երջանիկ պատահականությամբ միայն ուտելիներն են թիրախավորվել ու հավաքագրվել: Իսկ գուցե թունավոր սնկեր այս կողմերում ընդհանրապես չեն աճում: Հետո ես քրքրեցի ուսապարկիս մեջ մնացած սնկիկները, դրանք համեմատեցի հանրագիտարանի էջի լուսապատկերների հետ ու նկատեցի, որ  այնտեղ իսկապես թունավորներն էլ կան՝ մորխեր, կաթնասնկեր, որոնց մասին հանրագիտարանում գրված էր, որ «դրանք պայմանական ուտելի սնկատեսակներ են, որոնց թունավոր հատկությունները համապատասխան մշակումից հետո վերանում են»։ Ու ես մտածեցի. երևի կրակի վրա այնքան շատ եմ պահել, որ խեղճերը հյութաքամվել՝ ածխացել են և այդպիսով «համապատասխան մշակման ենթարկվելով»՝ իրենց թունավոր հատկությունները կորցրել:

Մի խոսքով, այս պատմությունը այդպես էլ մութ մնաց և ես դրանից հետո թողեցի սունկ հավաքելու սովորույթս և սնկագիտության մարզում ամբարած գիտելիքներս էլ մոռացության մատնվեցին, թերևս փրկելով նաև ուրիշներին՝ իմ թերկատար գիտելիքների զոհը դառնալու վտանգից:

Վերջին պատմությունը այս շարքից վերաբերում է գայլերի շրջափակման մեջ հայտնվելուս: Երևի այդ նույն տարիներն էին և ես ամառն անցկացնում էի Ախուրյանի շրջանի Ջրառատ գյուղում, որտեղից մայրս է սերում: Այդ տարիքում երևանյան Բութանիա-ՆորԱրեշ-Թոխմախ գյոլ եռանկյունում ծվարած մեր պապական տանը արկածային գրքեր էի կարդում, մեկ-մեկ էլ վախենալու հեքիաթներ, որ հետո տպվելով երևակայությանս մեջ, ինձ ամիսներով անհանգիստ էին անում: Մի անգամ ձորափում զվռնելիս՝ քնով ընկա, ու երբ արթնացա ընկերներս չկային ու մութն արդեն ընկել էր: Դե ինչ արած, միայնակ ոտքով ճամփա ընկա դեպի գյուղ, ճիշտն ասած, մթության պատճառով չէի էլ պատկերացնում, թե արդյո՞ք ճիշտ եմ գնում, թե ոչ: Մի քանի քայլ էլ չէի գցել, որ գայլերի ոռնոց լսեցի, կամ գուցե շներ էին, որ լուսնահաչ էին տալիս: Համենայնդեպս, գիշերային ամայության մեջ սիրտս դող ընկավ, քայլերս արագացրեցի, որ գոնե մի ծանոթ հանգրվանի հասնեմ, բայց շուրջս ամեն ինչ խորթ էր ու անծանոթ: Երբ ոռնոցներն ավելի մոտեցան, գետնից մի մեծ փայտ վերցրեցի՝ հնարավոր հարձակումից ինքնապաշտպանվելու նպատակով: Մթության մեջ, այս ու այնտեղ սկսեցին փայլող աչքեր երևալ, հաստատ գայլի աչքեր էին, որ առաջներում երբևէ չէի տեսել: Հետո հիշեցի, որ մի տեղ կարդացել էի, որ նման դեպքերում ավելի լավ է նստես գետնին, այդժամ գայլերը նվազ նախահարձակ են դառնում և դու փրկության հավելյալ ժամանակ ես ունենում, կամ գուցե այդ ընթացքում մի մարդ կամ մի թափառական շուն  այդ կողմերով անցնի ու իրավիճակ փոխվի: Ի դեպ այդպես էլ եղավ: Նախ մթության մեջ մի եզ կամ կով նկատեցի՝ հետևից էլ մի ձիավոր, որ հետո պարզվեց եկել էր հոտից ետ մնացած կենդանուն փնտրելու ու միայն հիմա գտել էր նրան: Ձիավորի հայտնվելուն պես՝ գայլերի ոռնոցները կարծես դադարեցին, աչքերի փայլն էլ՝ խամրեց, ու ես ձիու թամբին այլևս բազմած՝ ինձ առավել քան ապահով էի զգում: Լավ էր ձիավորը ժամանակին վրա հասավ, թե ոչ, վախճանս մոտ էր լինելու: Տունդարձի ճանապարհին ես նրան պատմեցի գայլերի աչքերի մասին, նա, որ գյուղի գրականության դասատուն էր, քմծիծաղեց և խոսքին բարձր գրական ոճ հաղորդելով՝ ասաց.

— Այս կողմերում գայլեր չկան, դու երևի լուսատտիկների պարս ես տեսել, իսկ ոռնոցներն ու լուսնահաչն էլ հնարավոր է գյուղի շներից է ականջիդ հասել: Իմացած եղիր, մարդուն պաշարած վախը խտացնում է մթությունը, ընդգծում է ամենաաղոտ լուսաշողն անգամ, իսկ բորբոքված երևակայությունն էլ, իր հերթին, սաստկացնում ու թանձրացնում է գույներն ու ձայները և դու, լոռեցի Սաքոյի պես, սարսափի ծուղակն ես ընկնում: Բայց դա նաև անձնական փորձություն է մարդու համար, հետագա կյանքում աշխարհի լայնություններում կողմնորոշվելու համար: Այնպես որ, ավելի լավ է զգուշանաս ու քնով չընկնես և գայթակղություններին դիմակայես, անգամ ամենաբնական ու ամենաանմեղ: Քաղաքում ապրելով՝ դու կտրվել ես աշխարհում առկա վտանգներին առերեսվելուց, դա քո մեղքը չէ, և սա թող քեզ համար կյանքի փորձ լինի. ամեն նոր տեղանք իր յուրահատկությունն ունի և աշխարհը շատ բազմաձև է ու բազմաբովանդակ, մինչդեռ դուք քաղաքում փակ տարածության մեջ եք ապրում, աստղերն անգամ չեք նկատում, իսկ բաց տարածքում մնում եք անպաշտպան ու երևակայությանը գերի: Ընտրությունը քոնն է. եթե ուզում ես ճանաչել աշխարհը, դու շատ վտանգների պիտի տրվես ու հաղթահարես: Բայց կարող ես նաև ամբողջ կյանքդ փակ վանդակում անցկացնել և միայն գրքերից տեղեկանաս այլոց փորձառությունների մասին:

Սա ինձ համար կյանքի դաս եղավ: Ու ես հասկացա, որ իսկական գրքերը նրանք չեն, որտեղ պատմվում է մեծամեծ իրադարձությունների մասին, այլ նրանք, որոնցում պատմվող պատմությունները իրապես վերապրված են ու չչափազանցված, այլ դեռ մի բան էլ ինչ-ինչ կարևորագույն մասնավորություններ մոռացված մարդկային հիշողության, պատմողական ձիրքի ու ընկալունակության թանձրույթում:

Սիրելի ընթերցող, շլացուցիչ արդյունքի հասնել ինձ թերևս չհաջողվեց, բայց ես ամեն ինչ ներկայացրեցի այնպես, ինչպես դրանք եղել են իրականում, և ինչպես ես եմ այդ եղելությունները զգացել, ընկալել ու վերապատմել: Մարդկանց իրական ապրումները այնքան քիչ են, որ ամենասովորական թյուրիմացությունները նրանց համար երբեմն աշխարհաճանաչողության մնայուն գիտելիք են դառնում… թեկուզ անքննադատ:

 

 

 

Ընթերցել նաև