Հարցազրույց Հեքիաթ Մշակույթ

Անի Լուպե. «Իմ կյանքում հեքիաթը մորս ձայնն ուներ». զրույց

 

Ես հեքիաթներ շատ եմ սիրել ու հիմա էլ անչափ սիրում եմ. երա՜նի լիներ մեկն, ով ամեն գիշեր ինձ հեքիաթ պատմեր…

Առաջին հեքիաթները մայրս է պատմել: Շատ եմ սիրել «Հենզելն ու Գրետելը», «Տերն ու Ծառան», «Սուտլիկ Որսկանը», «Քաջ Նազարը», ու էլի շատ այլ հեքիաթներ, որոնք լսում էի և հավատում, որ հարսանիքները յոթ օր, յոթ գիշեր էին լինում, որ գոյություն ունի յոթ սար այն կողմ ապրող արքայազնը, որ ամեն բան, ինչպես հեքիաթում, պիտի բարի ավարտ ունենա: Եվ երբ ինչ-որ բան այնպես չէր ընթանում, ինչ-որ դժվարություն կամ անորոշություն էր լինում, մայրիկիս միշտ ասում էի` «Ախր, չի կարող այսպես լինել. չէ՞ որ ամեն ինչի վերջը պիտի բարի լինի…»:

Երկնքից երեք խնձոր ընկնելու պահն հեքիաթի վերջում իմ ամենասիրելին էր (ժպտում է): Անչափ սիրում էի նկարել հեքիաթների հերոսներին, ինձ միշտ թվում էր, որ Կռնատ աղջիկն իսկապես ծառի մեջ է ապրում, հաճախ եմ փնտրել նրան (ժպտում է), սովորել, որ բարին հաղթում է չարը, հավատացել, որ փոս փորողն ինքն է փոսն ընկնում:

Հեքիաթները շատ կարևոր են: Ես հիմա հաճախ եմ մարդկանց հեքիաթի հերոսների հետ համեմատում. մեծանում ես ու հասկանում, որ հեքիաթներն իրական կողմ ունեն… Իմ կյանքում հեքիաթը մորս ձայնն ուներ. պարտադիր հենց նա պիտի պատմեր ինձ հեքիաթներ, դրանք իր ձայնով էին ինձ դուր գալիս միայն, ուրիշ ոչ ոքի ձայնով պատմած հեքիաթն ինձ` երբեմնի փոքր աղջնակիս, քուն չէր բերում…

Ես շատ եմ ուզում, որ մարդիկ չկորցնեն իրենց հեքիաթը, որ յուրաքանչյուրիս ներսում այն միշտ ապրի իբրև մի գունավոր, հրաշքներով լի աշխարհ…

 

 

 

 

© Երևանյան Էսքիզ 2020

 

 

Ընթերցել նաև