Արտասահմանյան գրողներ Արտասահմանյան պոեզիա Թարգմանություն Պոեզիա

Ալբին Ցոլլինգեր․ «Անցողիկություն»․ պոեզիա

 

 

 

 

 

 

 

 

 

 

Անցողիկություն

 

 

I

 

Մտածել, որ մահը վերջն է ամենի   

Եվ օրն ամենայն   

Անբարեգութ կորուստ է մի,

Եվ զարկը դաժան

 

Լուծում է մեզ սև խոռոչում

Հավերժական ոչնչի,

Ինչ էլ մնաց՝ մոմն է դողդոջուն

Ուշահայտ լույսի:

 

Բոլորին է այն վիճակված: Մոլուցքը հավկուր՝

Մոլեգնումն է մահվան հունձքի

Խատուտիկի պես մերկությունը ծածկում

Մեր մայրամուտի:     

 

 

II

 

Մտածել, որ թաքուն երազն է մեր եղել      

Արտացոլանքում

Վաղվա հանդեպ վստահություն ձեռք բերել

Աշխարհներում բյուր:

 

էությունը ետ էր մղվում, թույլ, անկամորդ,

Դեպի ծովը իր,

Ցցված էր այն կայունության մեջ հոգեխորթ    

Ամեն ետդարձի:

 

Բուրմունքները օվկիանների ամբարած

Ուրանով առլի    

Մենք ձուլվեցինք մարմաջներին կեղակարծ՝               

Օտար երազի:                   

 

Այնտեղ ձյունն է տարիներով կուտակված:

Երբեք ու երբեք

Մենք չենք աճում առաջվա պես՝ անկաշկանդ:

Մելամաղձը մեր 

 

Այլակերպյալ ձևերի մեջ է հոսում…

Վերջին հրաժեշտ   

Ամպերից վեր՝ Անսահմանի քաոսում,                  

Մա՛հ երանավետ…

 

 

III

 

Մահկանացու՛ մարդ, փրփուրն ենք մենք ճողփում

Անդրենածոցի: 

Հասունանում ենք օրորվող ծառերում

Անզուսպ փախուստի:

 

Մթնդած է ձյունամրրիկն աստղերի

Եվ անշարժ է հար

Կորուսյալ ձյուն է, փոթորիկ հնամենի

Խորքու՞մ գիշերվա:

 

Ժամանակի միջով նրանք շարունակ   

Կաթկաթում են էոնավոր տարիներ   

Եվ չեն դառնում նախկին տեղը ոչ մի պահ   

Միլիոն դարեր էլ անցնեն:

 

 

IV

 

Ինչպես երկիրն է գիշերվա կորվածքի

Կայծակից ճկվում,

Աշխարհն է մեզ գիտակցության ճողվածքից

Երևում՝ ճզմում:

 

Պապանձվում է մահը լուռ ու քարացած

Մոլորակների

Փութանցիկ ու վաղուց անցած-գնացած

Մեր կաղապարի:

 

 

V

 

Մեր սրտերում այն պահելու տենչն է սին   

Զիլ աղաղակում 

Ժամանակի մահատարած բռնացումին

Ի հակադարձում…

 

 

*

 

 

Ներբող երկնքի կապույտին

 

 

Եթե ոչինչ չլիներ. քո մեջ է ողջը՝ ամեն ինչ

Վեհությունը անծայրածիր դատարկության,

Անդորրն համատարած

Ծաղկող կապույտի, ո՛վ դու օվկիանոս

Որ տանում ես մեզ

Քնքշամեղմ ջրերով,

Ավազուտներով հորիզոնների երկնային,

Անդինը դեպի,

Ամեն ինչ քո մեջ է.

 

Ծանծաղուտներ ավազով լի,

Երկրածովերն աղով, անտառով

Լքված մայրցամաքների, լույսով

Գերաճ տված տաճարական քաղաքների, միջօրեի ապակիներ,

Ուր ամպերն են լողում լուսածիր,

Ամեն ինչ քո մեջ է, երկնակապույտը. մանգաղներից

Ու տեգերից նախահիմքն է քո լուսափայլում,

Լռությունն իսկ, դաշտը հասկածուփ

Որ թաքուն կռիվ է տալիս քամու հետ, և լուսինը

Ուրվականի պես կախ ընկած, մոնղոլական թիանավերի կայմին

Վերձիգ – քանի որ քո մեջ է ամեն ինչ:

Լեռնային Տոլեդոն, գետը

Եվ երկար փողոցների արևափոշին,

Փոշին՝ էշերի կճղակներից ելնող և ճռինչը սայլերի:

Լոլիկի բուրմունքը:

Մարմարե լեռներ և հատիչը վարպետների,

Գմբեթների քաղաքը, ամպածրար տեսիլք —

Ամեն ինչ քո մեջ է:

 

Քո մեջ մարդկությունն է

Գալիքից երկար ճանապարհ ընկած

Շրջանցելով ճամփասյուները, բուրգերը

Գահերն ու ամպհովանիները

Շնկշնկացող քամու մեջ հովհարի

Երկարուկ թափորում

Եվ զորաշարերում ստրուկների,

Հավերժական կապույտ

 

Երազ է դա

Մտքիդ թաքուցյալ խորքերում,

որ փայլում է բիբի մեջ աչքի

Քո ընկլուզումի

Ամեն ինչ:

 

Անդրենական հեռվից

Լուսափայլում է օրը վերին

Ջրով լիքը տաշտակում

Մեր տեսանելիության,

Մեր գիտակցության մթնշաղում —

Երկնակապույտը քո մեջ է

Աստծո այգալույսը,

Ավետյաց երկիր Լիբանան, որ հոգին է

Հայում

Սրբատո՛ւն ազնվաշուք, տեսարան լուսածիր

Դեպի Միջագետք տանող,

Հոսանուտ արծաթափայլ

Անվերջ ծագող գալիքի —

 

Ամեն ինչ քո մեջ է

Բյուրեղյա գուռ՝ ջրով լի,

Ղողանջով արձագանքող երգին

Ազնվական ջրաշիթերի:

Մեր սափորները

Քեզնից են ըմպում —

Կերակրի՛ր մեզ, լայնահուն Նեղոս

Հո՛ղ Եթովպական

Վերևում,

Հեռու-հեռվում թափվում են քո

Ջրվեժները երգեցիկ երազներիդ:

 

Քո մեջ, եթե ոչինչ չլիներ,

Ամեն ինչ կա, խաղաղ ակնաղբյուրդ կապույտի:

 

 

Թարգմանությունը՝  Աշոտ Ալեքսանյանի

 

 

 

 

 

 

 

 

 

Ընթերցել նաև