Արձակ Հայ արդի արձակ Հայ արդի գրողներ Պատմվածք

Ագապի Եգանյան․ «Անիծված տունը կա ապրելու համար պետք է վճարել»․ պատմվածք

Մարդկային ողբերգությունները մեզանում ամեն քայլափոխի են: Ով աչք ունի՝ կտեսնի, ով ականջ ունի՝ կլսի ցավի աղաղակները: Բայց, քանի որ առօրյա հոգսերն այնպես է կլանում մարդկանց, որ տեսնելու ու լսելու ուժ չունեն, մնում է, որ իմ հերոսներն իրենք խոսեն իրենց մասին, իսկ ես օգնեմ նրանց:
Ամեն անգամ այս պատմությունը հիշելիս, որ լսել եմ տարիներ առաջ Հայաստանի քաղաքներից մեկում, էությունս նորից ըմբոստանում է:
Կա մարդկային ողբերգություն՝ ճակատագրի մեղքով, բայց սա ողբերգություն է հասարակական կարգերի ու բարքերի պատճառով: Երբ հասարակության մեջ մարդու կյանքն արժեզրկված է՝ սարսափեցնող է:
Քաղաքի թաղամասերից մեկի երկրորդ հարկի այդ երկսենյականոցում երբեք լույս չէր վառվում: Դա ինձ համար առանձնապես տարօրինակ չէր, որովհետև մի քանի օր այդտեղ գտնվելով` նկատել էի, որ շենքեր կան, որտեղ բնակարանների կեսից ավելին միշտ մութ են. բնակիչները ընտանիքներով արտագաղթել են:
Մի անգամ այնպես ստացվեց, որ բնակարանի վերին հարկի հարևանը՝ մի ծեր կին, խնդրեց, որ մոտակա խանութից իր համար հաց վեր բարձրացնեմ: Երբ տարա և իջնում էի, նկատեցի, որ դռան վրա գրված է՝ «Վաճառվում է»:
Մի քանի օր անց, երբ նորից խանութ մտա, խանութպանի ծանոթներից մեկը հարցնում էր, թե տարածքում վաճառվող հարմար բնակարան չկա՞, որ կարելի է ձեռք բերել, վերջինս էլ կտրուկ ասաց՝ ոչ:
Երբ մարդը գնաց, ես կնոջը հարցրի, թե տեղյակ չէ՞ր, որ կողքի շենքի երկսենյականոցը վաճառվում է:
-Ո՞վ այդտեղ կապրի, -պատասխանեց կինը,-դա անիծած կվարտիրա է:
Զարմանքից քարացա, ապա հարցրի.
-Այդտեղ առաջ մարդ չի՞ ապրել:
-Ապրել է:
-Իսկ ո՞ւր են հիմա նրանք:
-Չկան, մահացել են,-եղավ պատասխանը:
-Բոլո՞րը:
-Հա,- կարճ կապեց վաճառողուհին:
Դուրս եկա՝ տարակուսանքի մեծ զգացումով, թե այդ ի՞նչ աղետ, ի՞նչ դժբախտություն է եղել, որ մի ողջ ընտանիք այսօր չկա:
Հաջորդ անգամ, երբ երրորդ հարկի տատիկը նորից խնդրեց հացը վերև բարձրացնել, ես մեջս համարձակություն գտա ավելորդ հետաքրքրասեր երևալու բարդույթը հաղթահարելու և հարցնելու, թե իր ներքևի բնակարանը ինչո՞ւ է դատարկ և ինչո՞ւ ոչ ոք այն գնել չի ուզում:
-Է՜հ, աղջիկ ջան,-ասաց կինը,-դա երկար պատմություն է, պադեզդում պատմել չի լինի, ներս արի, համ սուրճ հյուրասիրեմ, ամեն անգամ նեղություն եմ տալիս, հացս վերև ես բարձրացնում:
-Գիտես ինչ լավ մարդիկ էին էդ տան տերերը՝ Վազգենն ու Գրետան,-երբ ներս մտանք, ասաց կինը:
-Երեխաներ չե՞ն ունեցել:
-Ունեցել են, ոնց չէ, մի տղա ու մի աղջիկ ունեին, աղջիկը հիմա Ռուսաստաններն է, ինքն էլ էս երեք տարի է ուզում տունը ծախի, առնող չկա:Ով լսում է տանտերերի ճակատագրի մասին՝ էլ մոտ չի գալիս:
Այն կարճ ժամանակի ընթացքում, որ անցկացրի նրա բնակարանում, կինը պատմեց հետևյալը.
-Տարիներ առաջ Վազգենն ու Գրետան՝ երկուսն էլ խելացի, հասկացող մարդիկ ,եկան ապրելու իր հարևանությամբ:Վազգենն ուսուցիչ էր, Գրետան թեպետ ուսում չուներ, բայց «լավ կնիկ էր օղորմածիկը»:
Երկու երեխա ունեին՝ տղա ու աղջիկ: Երկուսին էլ ուսման տվին: Տղան համալսարանում սովորելու ժամանակ սիրահարվեց մի աղջկա, որ որբանոցում էր ապրում՝ Ալինային: Աղջիկը ոչ մեկը չուներ, ինքն ու փոքր քույրն էին: Ինքն էլ դեռ չափահաս չկար, տասնվեց տարեկան, ամուսնացավ Գրետայի տղայի հետ: Ծնողները խանդավառված չէին տղայի ընտրությամբ, բայց միակ տղայի կամքին դեմ չգնացին և ընդունեցին հարսին որպես հարազատ աղջկա: Ամուսնությունից շատ չանցած պատերազմը եղավ, Գրետայի տղան ինքնակամ գնաց զինվորագրվեց, գնաց ու էլ ետ չեկավ: Զոհվեց, բալա ջան: Զոհվեց, Ալինան մնաց կիսուրի ու պատրոնի հետ: Գնալու տեղ չուներ: Ունեցածը քույրն էր, նա էլ որբանոցում էր, դրանից հետո էլ մոտիկ գյուղերից մի քյասիբ տղայի հետ պսակվեց, գնաց, իրենք էլ զոռով էին ապրում:
Քանի Վազգենը սաղ էր, ընտանիքը լավ-վատ ապրում էր: Բայց դե տղայի դարդից երկար չապրեց, ինֆարկտ ստացավ, մահացավ: Գրետան ստիպված եղավ մի երկու կանգառ ներքև խանութ կար, էդտեղ գործի մտնել, որ ապրեն հարսն ու ինքը: Մի քանի տարի էլ նա աշխատեց, բայց դե անհաջողությունը որ մարդու հետևից է ընկնում, էլ դադար չի տալիս վրա-վրա: Մարդու մահից հինգ տարի հետո գործի տեղը Գրետան հանկարծակի վատանում է, հիվանդանոց են տանում, պարզվում է ինսուլտ է: Հարսը կանգնեց բարդ իրավիճակի առաջ: Հա, աղջիկը Ռուսաստանից գումար էր ուղարկում, բայց բուժման ու ապրելու համար էդքանը քիչ էր, շտապ աշխատանք էր պետք իրեն: Սկսեց գործ ման գալ: Քաղաքապետարանի աշխատողներից մեկը՝ մի սևլաչակ, մի բեմուրազ, նա լավ օր պիտի չունենա,-ձեռի հետ անեծք թափեց նաև տատը,-դրան մի հարսանյաց սրահ ուներ, աշխատող էր ուզում, Ալինան գնաց, որ գործի մտնի էդ սրահում:Գնաց դրա մոտ: Դա էլ տեսավ սիրուն կին, ինքն էլ երևում է աշխատանքի շատ կարիք ուներ, թե բա քեզ նման սիրունին սազում է, որ մի քանի կոպեկի համար առավոտից իրիկուն լռվես էս խանութում, «հետս որ լավ լինես», համ չես չարչարվի, համ էլ ձեռիդ փողը չի պակասի:
Ալինան իհարկե վիրավորվում է, դուրս գալիս սա թե՝․
-Դու գիտես, ով է քեզ պարտք, որ հենց էնպես, ոչ մի բանի համար լավություն անի: Ձրի սկի էսօր ախպերն ախպորը բարև չի տալիս…
-Բայց ես չեմ ուզում, որ ինձ լավություն անեք, ես իմ աշխատանքի դիմաց եմ վարձատրվելու,-ասում է Ալինան:
-Աղջիկ ջան, գիտես քո նման քան հոգի է գալիս ամեն օր, որ աշխատանք է ման գալիս: Չլինես դու, կգա մի ուրիշը:
Ալինան տուն է գալիս, բայց մի շաբաթ անց, որ սկսում են նեղվել, մտածում է, որ պատասխանատու է ամուսնու ծնողին խնամելու համար և համաձայնում է դրա հետ: Աղջիկ ջան, էդ աղջկան գիշերվա հազարին էլ էր գալի տնից հանում ,տանում, շենքավորի մեջ բամբասանքներ էին տարածվում, թե էս սաունայում տեսան, էն օբյեկտում: Ամոթ բան էր:Գրետան, մարմնի մի կեսը չորացած էր, օրվա մեծ մասը մենակ էր լինում տան մեջ: Մարմինն էր չորացած, բայց հո գլխի էր ընկնում՝ ինչ է կատարվում: Շատ չանցավ, Գրետան էլ գնաց մարդու հետևից: Սկեսրոջ մահը Ալինան իրոք ծանր տարավ, քանի կար, մարդ կար, որի համար ապրում էր: Հիմա տան մեջ մենակ էր մնացել, աշխարհը դատարկվել էր: Մի շաբաթ գործի չգնաց, ոչ էլ դրա զանգերին էր պատասխանում: Էս էլ կատաղած գալիս է սրահ, հավաքարարին ասում, թե մի զանգի , էդ լրբին կանչի, ու էլ ավելի անվայել բառեր, աղջիկ ջան, էդ կնիկը իմ ծանոթն է, սաղ հատ-հատ պատմել է, բայց քեզ ասելու չի, -սրան տես, պադումայեշ , կիսուր է կորցրել, տրաուրի մեջ է: Ով գիտի հմի էլ ում է ճարել, գլխիցս թռնել է ուզում: Բայց դե Ալինան արդեն սրահ եկած է լինում, որ ասի, թե էլ չի աշխատելու, լսում է էդքանը:
-Գնա, գնա, հետևից կանչում է սա,-գնա տես էլ ում ես գտնում, որ հետը քարշ գաս, քանի ես կամ, դու դրանից ավել չես լինելու:
Էս աղջիկը գալիս է տուն, քրոջը կանչում, իբրև որ մի քանի օր մնա մոտը, մենակ չլինի, ինքը գնում գերեզմաններ, մարդուց համ ներում խնդրում, համ մեղադրում, թե հանուն ինչի գնաց զոհվեց, հանուն սրանց նման անասունների, որ համ իր կնոջը շահագործեցին, համ էլ իր արյան գնով պահած երկիրը, ու գալիս տուն: Գալիս է, քրոջը ուղարկում խանութ, թե՝ գնա միս առ, ես լավ չեմ զգում: Սա էլ մինչև գնում է, ծանոթ է պատահում, ասում, խոսում են, գալիս է տեսնում քույրը էլ չկա՝ կախվել է միջանցքում:
Էս արդեն երկու տարի կլինի, էլ էդ տանը ապրող չկա, աղջիկ ջան, Գրետայի աղջիկն էլ որ գալիս է, սիրտը չի տալիս՝ էդտեղ մնա, գնում է ,վարձով կենում:
-Իսկ…էդ մարդը իմացա՞վ, որ իր պատճառով աղջիկն էլ չկա….
-Է՜հ,բալա ջան, դրա նմաններին ինչ, էլի իր գործին է, վեջն էլ չի, Ալինան էր մեղք, ինչ եղավ՝ իրեն եղավ: Համ անունն ընկավ, համ կյանքը գնաց…
Չեմ հիշում, թե ոնց դուրս եկա էդ շենքից: Ինձ թվում էր՝ անօդ տարածության մեջ եմ ու ուզում էի այդտեղից արագ դուրս պրծնել:
Դուրս եկա ու վերացածի պես քայլեցի մայթով՝ մտածելով այն մասին, թե ինչպե՞ս է լինում, որ նույն երկրի հանդեպ հավասար իրավունքներ ունեցող մարդկանցից մեկը պիտի լիարժեք օգտվի, անգամ ուրիշների փայը գողանա, մյուսը ապրելու համար սեփական պատվով ու կյանքով հատուցի…

 

 

 

 

 

 

Ընթերցել նաև